«ԵԹԵ ՄԻՆՉԵՎ ԱՆԳԱՄ ԼՍԱԾ ԼԻՆԵՍ, ՈՐ ԵՍ ԱՇԽԱՐՀՈՒՄ ՉԿԱՄ»...


Վաղը Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում ընկերներն ու բարեկամները նշելու են վաղամեռիկ Սուսաննա Գաբրիելյանի ծննդյան օրը: Ուշացած ու մի քիչ էլ մոռացված ծննդյան օրը: Իրենց հուշերը կպատմեն ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը, արվեստի վաստակավոր գործիչ Նիկոլայ Ծատուրյանը, վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը, Հասմիկ Տեր-Կարապետյանը, Ռուդոլֆ Ղևոնդյանը, Գարիկ Ղազարյանը, ուրիշներ: Ամեն մեկի հուշի միջից կհառնի Սուսաննա Գաբրիելյանը, ով մի ամբողջ դպրոց եղավ մեր արվեստում և բացեց նոր ու չտրորված ճանապարհներ: Նրա անվան կողքին պատվավոր կոչումներ չավելացան, ոչ ոք չուզեց գնահատել ու արժևորել հիրավի մեծ արվեստագիտուհուն: Հիմա հուշն ու գնահատություններն են դառնում այն պատվավոր կոչումները, որոնց կարիքն այլևս չունի... Ասմունքող Սուսաննա Գաբրիելյանը եկավ մեր մշակութային աշխարհ 1960-ականների վերջերին և միանգամից իր արվեստի վրա բևեռեց բոլորի ուշադրությունը. սև ու մեծ աչքերով, բեմի համար անսովոր համարվող սև նեղ շրջազգեստով, կարճ մազերով, արտասանության փոքր-ինչ անսովոր հնչերանգով, որի մեջ հեռավոր աղերսներ կային ռուսական արտասանական ձևերին: Ալեքսանդր Գրիգորյանի հիմնադրած «Արշալույս» թատերախմբում մի կարճ շրջան հանդիսականին ներկայանալուց հետո, նա մի երեկո բարձրացավ Արվեստի աշխատողների տան բեմ և կիթառի նվագակցությամբ, ինչը նորություն էր ժամանակի համար, սկսեց կարդալ Անդրեյ Վոզնեսենսկու և Մարինա Ցվետաևայի բանաստեղծությունները: Ցվետաևան շատերի համար նորություն էր, որովհետև միայն խրուշչովյան «ձնհալի» տարիներին հնարավոր եղավ ներկայացնելու նրա բանաստեղծությունները, խոսելու նրա դժբախտ ճակատագրի մասին... Հայ բեմից առաջինը Սուսաննա Գաբրիելյանը հնչեցրեց Ցվետաևայի բանաստեղծությունները` այսպես ճանապարհ բացելով դեպի ռուսական պոեզիայի «արծաթե դար»: Հետո նրա հայտագրում տեղ գտան Ախմատովայի, Մանդելշտամի բանաստեղծությունները, նրանց կողքին հառնեցին հայ բանաստեղծները` Տերյան ու Չարենց, Սևակ ու Կապուտիկյան... Ասմունքի հայկական դպրոցը աղքատ չէր անուններով. Սուրեն Քոչարյան, Հայկուհի Գարագաշ, Սիրվարդ Մեսրոպյան, Թամար Դեմուրյան, Հրաչուհի Ջինանյան, Մետաքսյա Սիմոնյան, Վլադիմիր Աբաջյան, Ալեքսանդր Ադամյան... Բայց Սուսաննա Գաբրիելյանը տարբերվեց ու առանձնացավ բոլորից, իր դպրոցը ձևավորեց, նյութի մատուցման իր եղանակները ստեղծեց: - Մայրս ծնունդով գյումրեցի էր, սերում էր Գաբրիելյանների նշանավոր տոհմից: Մորս ծնողները գրականություն, արվեստ ու գիտություն գնահատող մարդիկ էին, այդ պատճառով էլ նրանք ամեն ինչ արել էին, որպեսզի որդին` Լևոնը, իրավաբան դառնա, մայրս էլ ստանա բանասերի ու դերասանուհու կրթություն: Գյումրին մորս համար պաշտամունք էր: Հետո այդ պաշտամունքն անցավ նաև ինձ: Գյումրին յուրօրինակ հոտ ունի ինձ համար: Երբ փոքր էի, հպվում էի պատշգամբի բազրիքին, ու ինձ էր հասնում տաքացած քարերի հոտը... Երբ մայրս կարդում էր` ես այդ քարերի հոտն էի զգում, այդ ջերմությունն էի զգում... Անգամ մորս պատմած անեկդոտների մեջ, որոնց լեզուն միշտ մայրենի դարձած գյումրիական բարբառն էր, ես զգում էի քաղաքի ու նրա քարերի հոտը... Մայրս ինձ հաճախ էր տանում Գյումրի, ծանոթացնում քաղաքին, նրա մարդկանց, ովքեր զարմանալի սիրով էին սիրում նրան, հաճույքով գալիս էին նրա երեկոներին և ակնապիշ նայում բեմին, ուր սովորական մի կին էր հայտնվում, ով շուտով փոխակերպվում էր առեղծվածային մի արարածի, գյումրեցիներին ներկայացնում պոեզիայի ծով հմայքը, - պատմում է Սուսաննա Գաբրիելյանի դուստրը` բեմադրիչ Մարիամ Գաբրիելյանը: Մարիամի ձայնը նման է մոր ձայնին, ուստի մոր ընկերուհիներից Էվելինա Շահիրյանը միշտ խնդրում է իր հետ հեռախոսով չխոսել, որովհետև անվանի դերասանուհուն թվում է, թե խոսում է Սուսաննայի հետ... Սուսաննա Գաբրիելյանի ասմունքն իրապես տարբերվում էր, առանձնանում, ընդգծվում: Նրա համար կարևորը ոչ այնքան զգացմունքն էր, որքան` բանաստեղծության իմաստը, գաղափարը, հուզական և մտային հոսքերի ամբողջությունը: Հույզը նա չէր բացառում, սակայն հույզից առաջ էր դնում իմացական-գաղափարական շեշտը, որպեսզի ցանկացած ստեղծագործություն դառնա հասկանալի, բանաստեղծի հայեցադրույթը ընկալելի լինի ունկնդրին: Սուսաննա Գաբրիելյանը կարծես չէր կարդում, չէր արտասանում, այլ զրուցում էր ինքն իր հետ, ունկնդրի հետ, երկխոսություն վարում բանաստեղծի հետ` այսպես առավելագույնս մոտենալով տեղծագործության էությանն ու բովանդակությանը: «Մեկ դերասանի թատրոն» հասկացությունը տակավին շատերը չէին ընդունում, չէին ըմբռնում: Ոմանք ցանկացած ասմունք դիտարկում էին մեկ դերասանի թատրոն, մինչդեռ Սուրեն Քոչարյանից հետո Սուսաննա Գաբրիելյանն էր, ով ստեղծեց այդ թատրոնը` սիրո ու զգացմունքի, տառապանքի ու ցավի, հրճվանքի և ուրախության թատրոնը: Ամեն մի բանաստեղծություն ձեռք էր բերում իր կերպարը, իր տրամադրությունը, իր գունային ընդգծումը: Շատերն էին կարդում Չարենցի «Տաղարանը», սակայն Սուսաննա Գաբրիելյանի կատարումը տարբերվում էր բոլորից. նա բանաստեղծությունների միջոցով ստեղծել էր Չարենցի սիրո դիցուհու կերպարի աստիճանական զարգացումը: Որոշ բարձրակետի հասնելուց հետո` սիրո դիցուհու կողքին բազմեցրել էր հայրենիքը, որի կերպարը հառնում էր «Ես իմ անուշ Հայաստանի» տաղի միջոցով, որը Սուսաննա Գաբրիելյանը կարդում էր բացառիկ հնչերանգային հարստություններով, խախտում արտասանական կեղծ կաղապարներն ու թյուր պատկերացումները: - Նրա մասին խոսելիս ես չեմ կարողանում ասել` մայրս: Միշտ ասում եմ` Սուսաննան, Սուսոն, որովհետև մենք ընկերներ էինք, բարեկամներ: Նա խոսում էր ինձ հետ այնպես, կարծես զրուցում էր ընկերուհու հետ: Միշտ խորհուրդ էր տալիս ցանկացած ստեղծագործություն կարդալիս` առաջին հերթին խորանալ նրա իմաստի ու բովանդակության մեջ: «Երբ հասկանաս տեքստը, հնչերանգն ինքնին կծնվի, կճշտվեն այն արտահայտչամիջոցները, որոնցով դու պիտի գնաս դեպի հանդիսատեսը»,- ասում էր նա: Ու հիմա միշտ հիշում եմ նրա դասերը,- շարունակում է իր հուշերը ասմունքողի դուստրը: