Զգո´ւյշ, աղանդ է «Ճիճվահարել չեն կարող»


Աղանդավորի կողմից Տեր Եսայի քահանա Արթենյանին ծեծի ենթարկելու փորձը մեկնաբանում է Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս ԱՋԱՊԱՀՅԱՆԸ: Կիրակնօրյա պատարագի ժամանակ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցու բակում «Եհովայի վկաների» դատապարտելի արարքը հայ հավատացյալների արդարացի ընդվզումն է առաջացրել: - Կարելի՞ է ենթադրել, որ կատարելագործվել են հոգեորսության մեթոդները: Հայ Եկեղեցին որդեգրե՞լ է դրանց դեմ պայքարի համապատասխան միջոցները: - «Քարավանը» գնում է. 2000 տարի է` գնում է արդեն` փոթորիկ, կարկուտ, կայծակ… «Քարավանի» կողքից էլ երբեմն շնիկներ են հաչում, բայց այն շարունակում է ընթացքը: Ու հիմա իր գնալու մեթոդը ինչո՞ւ պիտի փոխի, եթե ընթացքը հաստատուն է: Աղանդավորի համար չկա ո´չ ցանկապատ, ո´չ դուռ, ո´չ պատ. իրենց լկտիությունը միշտ դրսևորում են: Իսկ այս վերջին ոտնձգությունը հատուկ դավադրություն էր, սադրանք. իրենք ուզում են հալածված լինել, որպեսզի աշխարհում աղմուկ- աղաղակ բարձրացնեն, թե հասե˜ք, մեզ հալածում են: Հալածված լինելու համար էլ, մեջքը քոր եկող շան պես, գնում, չոբանի փայտին են քսվում: Հիմա նրանց մեջքը քոր է գալիս, իրենք ուզում են սադրել ինչ-որ մի բախում, որ «ծեծ» ուտեն ու դրան արժանի էլ են: Այդուհանդերձ, մենք աղոթում ենք նրանց համար. մեր մոլորված զավակներն են: - Օրենսդրությունը ակամա թև՞ է տալիս նրանց. չկան պատժամիջոցներ, չկան աղանդավորի գործունեությունը կանոնակարգող դրույթներ: Հանգամանք, որն անընդունելի ազատ ու ինքնավստահ է դարձնում նրանց` անսահմանափակ ինքնաթողությամբ: - Մարդ պետք է ունենա խղճի ազատություն: Աստված է տվել այդ ազատությունը, հետևաբար, երկիրը` որպես քրիստոնյա ու ժողովրդավար, պետք է ապահովի խղճի այդ ազատությունը: Որևէ մեկը պարտադրված քրիստոնյա չպիտի լինի` այլընտրանքային հնարավորություն պիտի ունենա: Ես էլ եմ ազատ` լինել աղանդավոր, բայց իմ ազատությամբ ես ընտրել եմ քրիստոնեությունն ու Մայր եկեղեցին: Հետևաբար` ճիշտ է, որ պետությունը երաշխավորի այդ ազատությունը, իսկ այդ ծախու ուրացողները պիտի հասկանան, որ իրենք սխալ են: Ճիշտ չեն նրանք, ովքեր գտնում են, թե նրանց գործունեությունը պիտի արգելվի. չէ, պետությունը պիտի թույլ տա նրանց գոյությունը, բայց դա չի նշանակում, որ իրենք պիտի այսպես հիմնավորվեն: Ցանկացած կրոն դավանելու լիակատար ազատություն ունենալով, հայ մարդը պետք է փարված լինի իր Մայր եկեղեցուն: - Իսկ մեկնարկած ստորագրահավաքի մասին ի՞նչ կարծիք ունեք: - Ստորագրահավաքներով չի լուծվում այդ հարցը: Այդ հարցը լուծվում է պատկանելության գիտակցությամբ` այն գործնականում ցուցադրելով: Եթե ստորագրող բոլոր երիտասարդներն ամեն կիրակի եկեղեցում լինեն, ստորագրահավաք էլ պետք չի լինի: Եթե պիտի ստորագրեն դիցուկ եհովայի վկաների դեմ, բայց իրենց եկեղեցին չճանաչեն, էլ ինչի՞ համար են ստորագրում… Եթե երիտասարդները որոշել են` թող անեն, բայց ես այլ դեղատոմս եմ առաջարկում. նրանք եկեղեցին պիտի «լցնեն»: Եվ, իհարկե` ոչ միայն իրենց ֆիզիկական ներկայությամբ: - Ո՞րն եք համարում ազգային միասնությունը պառակտող աղանդավորության դեմ ամենաարդյունավետ պայքարը: - Նրանց դեմ ամենամեծ պայքարը սեփական ինքնության մեջ հաստատուն լինելն է և ազգային ու կրոնական համընդհանուր ինքնությունը տարածելը: Ոչ թե ինչ- որ մեկի դեմ, այլ հանուն ինչ -որ բանի պետք է գործել. պետք է պայքարել ոչ թե եհովայի վկաների դեմ, այլ հանուն Հայ Առաքելական Եկեղեցու: Մեր եկեղեցու արմատը այնքան ամուր ու այնքան առողջ է, որ սրանք չեն կարող ճիճվահարել: Այս ճիճուները… ովքե՞ր են սրանք, որ վնասեն Եկեղեցուն… «Քարավանը» գնում է..

Մարգարիտա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ