Հայհոյելն արգելվում է


Այդ ո՞ր երկրում է հայհոյանքը թույլատրելի, կամ ո՞ր պետության իրավանորմերով դա պատժելի չէ: Իսկ գուցե Ավստրալիայում միայն հիմա՞ են սկսել հայհոյել: Եվ ազգաբնակչության թվով երկրի երկրորդ մեծության Վիկտորիա նահանգում այս շաբաթ կներդրվի նոր օրենք, որով հայհոյողներին տուգանք է սպառնում` 240 ավստրալիական դոլար (մոտ 260 ԱՄՆ դոլար): Ընդ որում, իրավախախտներին ոստիկանները կարող են հենց տեղում տուգանել: Այդ օրենքը մի մասն է ընդարձակ բարեփոխումների, որոնք ենթադրում են բանտային նվազագույն ժամկետներ` բռնարարքներ 16-17 տարեկանների համար: Նոր տուգանքներին դեմ է հատկապես երիտասարդությունը: Նահանգի իրավական երիտասարդական կենտրոնի ներկայացուցիչների կարծիքով` դրանից նախևառաջ կտուժեն ջահելները, որովհետև նրանք ավելի շատ են լինում հասարակական վայրերում, և այդքան մեծ տուգանքը նրանց գրպանին հարմար չէ (տեղեկացրել է ABC News¬ը): Չհայհոյելու կամ հայհոյելու համար տուգանվելու հեռանկարով, մեղմ ասած` հիացած չեն նաև մյուսները: Ոմանք պնդում են, որ «թունդ» խոսքեր օգտագործելու սովորույթը անբաժանելի է ազգային մշակույթից: Իհարկե, համամիտներ էլ կան, որ վիրավորական արտահայտություններ ու հիշոցներ փողոցում չպետք է հնչեն: