«Ժպտացող գույներ»


Կտավներին իջած լույսը, ծփացող կակաչների վարդագույնը նկարչուհու հոգու երաժշտությունն են, հարուստ ներաշխարհի արտացոլանքը: Կախարդական վրձնահարվա ծով մի ակնթարթ անշարժացած պարը, բազմերանգ ծաղիկներն ասես նոր կյանք, ձև ու շարժում են ստացել կտավի վրա: Այստեղ տաք, պայծառ երանգների ու լույսի խաղ է` «Ժպտացող գույների»... Այս խորագիրն էր կրում երիտասարդ նկարչուհի Նաիրա Աղախանյանի աշխատանքների անհատական ցուցահանդեսը: - Իմ նկարներին նայելիս` մարդիկ ժպտում են: Դրանք վառ են, ուրախ, բարի, այդ պատճառով ընտրեցի «Ժպտացող գույներ» խորագիրը: Ծաղիկները գերակշռում են իմ աշխատանքներում: Հատկապես կակաչ շատ եմ սիրում, հիմնականում դրանով էլ արտահայտում եմ զգացմունքներս: Յուրաքանչյուր նկար ծնվում է երկար մտորումների արդյունքում և հարուստ զգացմունքներից,¬ ասում է նկարչուհին: Շուրջ 50 կոլաժների և 130 գեղանկարների հեղինակ է նա: Իսկ «Ժպտացող գույներ»-ում ներկայացված են 40 դեկորատիվ նկարներ: Առաջին անգամ նկարչուհու աշխատանքները ներկայացվել են 2009 թ. սեպտեմբերին, որից ստացված ողջ հասույթը տրամադրվել է հաշմանդամների «Փյունիկ» միությանը: - «Ժպտացող գույներ»` ժպտացող դիմագիծ ունեցող նկարչուհու կողմից: ես ժպտացող դեմքեր տեսա այստեղ: Մենք շրջապատված ենք մի գեղեցիկ աշխարհով, որ մեզ է նվիրել Նաիրան: Մի քանի ամիս առաջ այցելեցի այն վայրը, որտեղ նա ստեղծագործում է: Զարմանքս մեծ էր, քանի որ ես պարտավոր էի իմանալ, որ կա այսպես ստեղծագործող մարդ: Ոչ բոլոր պրոֆեսիոնալ նկարիչներին է հաջողվում անհատական ցուցահանդես ունենալ: Իսկ երբ խոսքը վերաբերում է ոչ պրոֆեսիոնալին, դա առավել գովելի է: Հատկապես, երբ ստեղծագործող անձն ունի ասելիք և շատ գեղեցիկ ձևով է մատուցում այն,¬ փաստում է Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Յուրահատուկ ոճ և ձեռագիր ունեցող հեղինակը մասնագիտությամբ բանասեր է: Նկարել սկսել է միայն 3 տարի առաջ: Վերջին 2 տարում մասնակցել է Նկարիչների միությունում և Երևանի քաղաքապետարանում կանանց տոնին նվիրված ցուցահանդեսներին: - Նրա արվեստանոցում` ես տեսա, որ ինչպես բնորոշ է յուրաքանչյուր կնոջ, Նաիրան փակվել է իր ներաշխարհում և ստեղծագործում է իր համար` նվիրումով, հոգու երաժշտությամբ: Մեր պահանջով, խնդրանքով նա այսօր բացեց այդ ներաշխարհը: Անկեղծորեն զարմանում եմ, որ, չլինելով Աֆրիկայում, կարելի է այսքան լավ զգալ այն, այսքան ճիշտ, բայց յուրովի զգալ ծաղիկների գույնը: Ասում են` նկարչությունն անհատական արվեստ է: Բայց, նայելով այստեղ հավաքված ընտիր մտավորականությանը, մտածում եմ, թե ինչքան անհատներ են համախմբվել ստեղծագործող Նաիրայի շուրջ: Դա նշանակում է, որ ճշմարիտ է նրա արվեստը և դեռ երկար ճանապարհ ունի անցնելու,¬ համոզված է Հայաստանի Ժուռնալիստների միության նախագահ Աստղիկ Գևորգյանը: Նկարչուհու աշխատանքների ամենամեծ գնահատականը, թերևս, ներկաների կարծիքն է. - Այնքան շատ տաքություն, գարուն ու արև կա այստեղ: Ես տեսա, թե մարդիկ ինչպես են ջերմանում: Նույնիսկ աֆրիկյան պատկերների մեջ ես հայկականություն տեսա: Աֆրիկուհիների տաքությունը նմանեցրի հայ կնոջ ջերմությանը: Շնորհավորում եմ երիտասարդ նկարչուհուն: Ուրախ եմ, որ հայուհին է ստեղծագործում և այսքան հարուստ ներաշխարհ ունի,¬ ասում է Երևանի քաղաքապետարանի Կրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը: - Վերին աստիճանի նկարչական է: Թաթախված է կերպարների մեջ, փնտրում է գույնի աշխարհը և դրանք ներդաշնակում ձևերի մեջ: Նկարներում բանաստեղծություն կա: Երբ գնում եմ որևէ ցուցահանդես, միշտ փորձում եմ մի նկար վերցնել և «տանել» տուն, իհարկե մտովի: Երբ լինում է այդպիսի աշխատանք, համարում եմ, որ ցուցահանդեսը հաջողված է: Պետք է ասեմ, որ այստեղ կան շատ լավ նկարներ,¬ այսպես է մեկնաբանում Ռոբերտ Ամիրխանյանը: - Ծաղիկները, գունային լուծումները շատ հետաքրքիր են: Լույսի և ստվերի յուրօրինակ համադրություն կա: Ինձ զարմացրին աֆրիկյան մոտիվները, քանի որ չգիտեմ դրանց հիմքերը որտեղից են. երևի զգացմունքներից: Առանց դրանց ոչինչ չի ծնվում,¬ իր տպավորություններն է կիսում ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Արամ Սիմոնյանը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ