Հա՞ որ..


ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` ամենաերիտասարդ թոշակառուն չդառնալու խոստումն ամենայն հավանականությամբ առաջիկայում կիրագործվի: Նրան առաջարկվել է հանրահայտ «Սիստեմա» հեռախոսային ընկերության տնօրենների խորհրդի անկախ տնօրենի պաշտոնը: Ասվածն ավելի հասկանալի ներկայացնելու համար մանրամասնենք, որ նշված ռուսական ընկերությունը «ՎիվաՍելի» բաժնետոմսերի 80 տոկոսի սեփականատերն է: Իր հերթին «Սիստեմայի» ամենամեծ սեփականատերը` Վ. Եվտուշենկոն Ռ. Քոչարյանի հին ընկերն է, ինչն էլ, ըստ երևույթին, վճռորոշ նշանակություն է ունեցել երկրորդ նախագահի թեկնածության ընտրության հարցում: Թեպետ Ռ. Քոչարյանի գրասենյակը ռուսական ընկերության հաղորդագրությունը դեռևս անարձագանք է թողնում, բայց, ինչպես հայտնի է, վաղուց արդեն Քոչարյանների ընտանիքի բիզնես-հակումները միայն բջջային հեռախոսների ներկրմամբ չեն սահմանափակվում: «ՎիվաՍելի» հիմնադրման օրվանից` կառավարության գիշերային հայտնի նիստի անհայտ մնացած մանրամասների շարքում Ռ. Քոչարյանին էր վերագրվում այս կազմակերպության բաժնետոմսերի մի մասը: Եվ եթե Նախագահի պաշտոնին հրաժեշտ տալուց հետո կարող էր թվալ, թե անորոշ աշխատանքային կարգավիճակն է հետապնդում Ռ. Քոչարյանին, ապա նա մինչև ընթացիկ ամսվա 27-ը ժամանակ ունի «Սիստեմայի» աշխատանքային առաջարկն ընդունելու կամ մերժելու: Թեպետ, եթե ամեն ինչ այլևս այսչափ թափանցիկ է, ուրեմն Ռ. Քոչարյանի նշանակումն ընդամենը «տեխնիկայի» հարց կարելի է համարել: ՏՆՏԵՍԱԿԱՆ ճգնաժամի հետևանքների մեղմման հետաքրքիր նախաձեռնությամբ է հանդես եկել հայրենի կառավարությունը: Նոր որոշմամբ` մինչև հաջորդ տարեվերջ և մինչև 70 միլիոն դրամի տարեկան շրջանառություն ունեցող ձեռնարկություններում հետայսու արգելվելու են տեսչական ստուգումները: Արգելքը «շրջանցելու» իրավունք վերապահված է միայն պետական եկամուտների կոմիտեին: Նախաձեռնությունն, իհարկե, ողջունել կարելի է միայն, սակայն դրա հրապարակումը մի շարք այլ հետաքրքիր երևույթներ նույնպես երևան հանեց: Այսպես, պարզ դարձավ, որ ասենք 100 հազար դրամի ամսական շրջանառություն ունեցող կրպակին մինչև հիմա շուրջ 22 ստուգող կազմակերպությունների ներկայացուցիչներ կարող էին «հյուրընկալվել»: Ասել է թե` նախքան կառավարության որոշումը, յուրաքանչյուր աշխատանքային օր ցանկացած տնտեսվարող միջինը նման մեկ անցանկալի այցելու է ընդունել: Իսկ նրանց մեծ մասը (համենայն դեպս տնտեսվարողների պնդմամբ) «մի քանի կոպեկ պոկելու» անվրեպ նպատակադրմամբ է կրպակից կրպակ շրջել: Այնպես որ, ներկա իրավիճակում, երբ զգալի անկում է արձանագրել տնտեսվարող սուբյեկտների շրջանառությունն ու շահույթը, իրենց հերթին սահմանափակ են դարձել նաև ստուգողներին գոհացնող ու երջանկացնող միջոցները: Ուստիև գոնե ճգնաժամային իրավիճակներում հանուն փոքր և միջին բիզնեսի փրկության, կարելի է նաև նման քայլերի դիմել: ՀԱՅՐԵՆԱԿԱՆ սոցիոլոգների նախընտրական գլուխգործոցներն իրենց հերթին շարունակում են լրացնել նման հարցախույզերից մշտապես դժգոհող կուսակցությունները: Ընդ որում, շատերի պարագայում նշված «գործընթացն» այնքան իմիջիայլոց է կազմակերպվում, որ վերջնարդյունքը զարմանալի լինելուց ավելի ծիծաղելի է դառնում: Այսպես, մայրաքաղաքային ընտրությունների առթիվ «Օրինաց երկրի» վերոնշյալ նախաձեռնությունը, համենայն դեպս քարոզչության վերջին օրվա տվյալներով, պսակվել է… դաշնակցական թեկնածուի օրինացերկրական կայքում արձանագրած հաղթանակով: Անսպասելիորեն երկրորդ հորիզոնականում հայտնված Հեղինե Բիշարյանին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, թեև չնչին տարբերությամբ, բայց զիջում էր: Ինչ խոսք, ցանկացած կայք այցելելն ու առաջարկվող քվեարկության մասնակիցը դառնալը բնականաբար միայն տվյալ կուսակցության անդամների ու համակիրների մենաշնորհը չպետք է լինի, բայց երբ հատկապես մերձավորների ու կուսակցականների համար նախատեսված քվեարկության արդյունքում է թեկնածուն պարտվում, ուրեմն այլևս մեկնաբանելու ոչինչ չկա: