Սայլը տեղից շարժվելու նշա՞ն


Անցյալ շաբաթ Անկարայում տեղի ունեցած «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցության ակտիվի ժողովում Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, անդրադառ նալով 1955 թ. Ստամբուլում Մենենդեսի կառավարության կողմից հրահրված հույն ուսանողների զանգվածային ջարդին (որից նաև քաղաքի հայ բնակչությունը տուժեց` առիթ դառնալով 80 հազար հույների և 20 հազար հայերի արտագաղթին), ասաց. «Տարբեր էթնիկ ինքնություններ վտարվել են Թուրքիայից: Դա, ըստ էության, ֆաշիստական մոտեցման արդյունք է եղել: Ի՞նչ շահեցինք մենք դրանից»: Էրդողանը խոսեց միայն 1955 թ. «տարբեր էթնիկ ինքնություններ Թուրքիայից վտարելու» մասին: Նա ոչ մի բառ չասաց ավելի վաղ, 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին այդ էթնիկ ինքնություններին պատկանող անձանց` հայերի, հույների, ասորիների, եզդիների ցեղասպանությունների, ցեղասպանության ենթարկված ժողովուրդների վերապրող սերունդներին արդար փոխհատուցում տալու Թուրքիայի բարոյական պարտավորվածության, աքսորված-տեղահանվածների հայրենիք վերադառնալու իրավունքը հարգելու մասին: Այսինքն, Էրդողանը չհամարձակվեց անգամ սեփական կուսակիցների լսարանում մինչև վերջ անկեղծանալ, իրերը կոչել իրենց անուններով, դատապարտել արդեն մոտ հարյուր տարի իրենց նախնիների ոճիրն ուրանալու Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների, այդ թվում և սեփական կառավարության անամոթ ու անբարոյական քաղաքականությունը: Թուրքիական «Հուրիեթ» թերթի հաղորդած տեղեկություններով, վարչապետ Էրդողանի նույնիսկ այս կիսատ-պռատ անկեղծությունը կատաղի հակազդեցության է արժանացել հատկապես ընդդիմադիր մամուլում, թուրք հասարակության ամենալայն շրջանակներում: Այդպես էլ պետք է լիներ: Թուրքերը հրաշալի գիտեն, որ իրենք մարդակերների ուղղակի շառավիղներ են: Բայց այդ ո՞ր մարդակերը կամ մարդակերի այդ ո՞ր ժառանգն է հանդուրժում, երբ իր ոճրագործությունն իր երեսովն են տալիս: Հոգեբանորեն չափազանց դժվար է խոստովանել, որ քո նախնիները գազաններ են եղել, որ դու, ժխտելով նախնիներիդ գազանությունը և դրանով իսկ արդարացնելով կատարվածը, ինքդ էլ իջնում ես նախնիներիդ մակարդակին, ակամա դառնում ես նույն մարդակեր գազանը, ինչպիսին եղել են պապերդ: Թուրքիայի պատմության մեջ միայն մեկ մարդ է եղել, այսօրվա հանրապետության հիմնադիր նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը, որ ինքն էլ մոլեռանդորեն շարունակելով երիտթուր քական կառավարության ցեղասպանական քաղաքականությունը, 1919 թվականին քաջություն է ունեցել դատապարտելու կատարվածը: Քեմալական դատարաններն այն ժամանակ նույնիսկ հեռակա կարգով մահվան դատավճիռներ կայացրին ամենավայրագ ցեղասպանների` Թալեաթի, Էնվերի, Բեհաէդդին Շաքիրի և երիտթուրքական մյուս ղեկավարների նկատմամբ: Մուստաֆա Քեմալից շատ ու շատ տասնամյակներ անց, Ռեջեփ Էրդողանը Թուրքիայի պատմության մեջ երկրորդ պետական գործիչն է, որ համարձակվեց խախտել անցյալի ոճրային իրադարձությունները հիշատակելու վրա պետական մակարդակով դրված տաբուն և սեփական պետության վարած քաղաքականությունը գնահատել որպես «ֆաշիստական մոտեցման արդյունք»: Էրդողանի համար սա խրախուսելի վարքագիծ է: Սա ցույց է տալիս, որ թուրք պետության ամենաբարձր ոլորտներում հասունանում է այն գիտակցությունը, թե այլևս անհնար է շարունակել իրենց ուրացման քաղաքականությունը: Վերջ ի վերջո, իրենք էլ հասկանում են, որ ամբողջ աշխարհը թքում է Թուրքիայի երեսին: Մինչև ե՞րբ պետք է համառեն, մինչև ե՞րբ պետք է հակադրվեն համայն մարդկությանը, ջանք թափեն ժխտելու մի բան, որն իրականում անկարելի է ժխտել: էրդողանը մի ղեկավար է, ով հասկանում է, թե իրենց ոճիրների ուրացման քաղաքականությունը ուղղակիորեն սպառնում է Թուրքիան որպես պետություն, դուրս դնել համաշխարհային քաղաքակրթությունից, նրան թողնել մարդկային ընտանիքի լուսանցքում: Մի պետություն, որը հավակնում է անդամ դառնալ Միացյալ Եվրոպային, գերակա քաղաքական դերակատարություն ստանձնել հարավկովկասյան տարածաշրջանում, չի կարող այդ նպատակներից որևէ մեկին հասնել` եթե մնա անցյալ դարասկզբի բարբարոսական մակարդակին: Քանի-քանի անգամ ժամանակակից Եվրոպայի ամենաազդեցիկ դեմքերը, այդ թվում Ֆրանսիայի նախագահ Նիկոլյա Սարկոզին ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը բացեիբաց դեմ են արտահայտվել Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը և հայտարարել են, թե առավելագույնը, որ կարող է հուսալ Անկարան` Եվրամիության հետ արտոնյալ գործընկերոջ կարգավիճակ ստանալն է: Վաշինգտոնը, որպես ՆԱՏՕ-ի գծով Թուրքիայի ամենամերձավոր դաշնակից, դեռ ճնշում է գործադրում Եվրամիության վրա` Անկարային անդամ ընդունելու հարցում: Սակայն Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նույնպես տարակույսի տեղ չի թողել, որ Վաշինգտոնը ցանկանում է տեսնել իր արյունարբու պատմության հետ առերեսվելու քաջությունն ունեցող Թուրքիա: Կասկած լինել չի կարող, որ Անկարան, Բարաք Օբամայի այս թափանցիկ ակնարկներն անտեսելու դեպքում, կզրկվի Վաշինգտոնի այդ աջակցությունից: Տեսնելով, որ թուքերը անհրաժեշտ եզրակացություններ չեն անում մասնավորապես իր հարևան Հայաստանի հետ «ողջամիտ ժամկետներում և առանց նախապայմանների բնականոն միջպետական հարաբերություններ հաստատելու» Վաշինգտոնի պահանջից, Միացյալ Նահանգները, վերջ ի վերջո, ստիպված կլինի պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը: Ով-ով, սակայն Ռեջեփ Էրդողանը դա շատ լավ է հասկանում: Եվ նա, միգուցե, արդեն ձգտում է ձեռնամու՞խ լինել Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստը ճանաչելու նախապատրաստական աշխատանքին: Չի բացառվում, որ դա վերջ ի վերջո ավարտվի Թուրքիայի այսօրվա վարչապետի քաղաքական կարիերայի վախճանով կամ նույնիսկ նրա ֆիզիկական ոչնչացմամբ: Որովհետև մոլեռանդ ազգայնամոլությունը միշտ եղել ու այսօր էլ մնում է թուրք պետության ու թուրք հասարակության ամենասոսկալի ու վտանգավոր հիվանդությունը: Ահա ինչու է Էրդողանն այդքան զգուշավոր, այդքան վախվորած: Ահա ինչու է նա ընդամենը «ֆաշիստական մոտեցման դրսևորում» անվանում իրենց նախնիների կողմից իրականացված ցեղասպանությունները` դրանք բնութագրելով ընդամենը որպես «էթնիկ ինքնությունների վտարում Թուրքիայից»: Բայց եթե «Ա-ն» ասել է, վաղ թե ուշ «Բ-ն» էլ է ասելու: Կամ ինքը, կամ իր հաջորդը, միգուցե` հաջորդներից մեկը: Սայլը տեղից շարժվելու նշաններ է ցույց տալիս…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ