Պարգևներ` զինծառայողներին


Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած խիզախության համար հունիսի 2-ին պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը «Վազգեն Սարգսյան» գերատեսչական մեդալով պարգևատրեց ազգային բանակի ժամկետային զինծառայողներ` ավագ սերժանտներ Մհեր Անդրեասյանին, Դավիթ Մնացականյանին և կրտսեր սերժանտ Արա Վարդանյանին: Շնորհավորելով պարգևատրման կապակցությամբ և շնորհակալություն հայտնելով բարեխիղճ ծառայության համար` Սեյրան Օհանյանը նշեց, որ Մհերի, Դավիթի ու Արայի սխրանքով ու քաջագործությամբ պետք է հպարտանա ոչ միայն բանակի հրամանատարությունը, այլև` նրանց ծնողներն ու հարազատները: Նախարարը նաև փաստեց, որ լինում են դեպքեր, երբ զինվորները ոչ պատշաճ վերաբերմունք են դրսևորում ծառայության նկատմամբ, զորամասը ինքնակամ լքելու հետևանքով շփոթվում և հայտնվում են հակառակորդի տարածքում: Կամ էլ խուսափում են հայրենիքի պաշտպանելու իրենց պարտքից: Իսկ Մհերի, Դավիթի ու Արայի կամքն ու վճռականությունը, ծառայության նկատմամբ բարձր պատասխանատվությունը և նվիրվածությունը պետք է համապատասխան օրինակ հանդիսանա յուրաքանչյուր զինվորի համար: Ավագ սերժանտ Մհեր Անդրեասյանը, մարտական հենակետերի խափանված կապը վերականգնելու հրաման ստանալով, ծառայակից ընկերների հետ շարժվել է նշված հենակետերի ուղղութ յամբ: Հանկարծահաս ձյունախառն մրրիկն ու թանձր մառախուղը ամբողջովին փակել են նրանց տեսադաշտը: Սակայն, քաջալերելով և ոգևորելով ընկերներին, Մհերը նրանց հետ կատարել է առաջադրանքը: Ավագ սերժանտ Դավիթ Մնացականյանը հակառակորդի խոշոր տրամաչափի գնդացիրների, մոտ 40 րոպե տևողությամբ ինտենսիվ կրակի ժամանակ, առանց երկնչելու, ճիշտ կողմնորոշվելով, անձնակազմին արագորեն տեղավորել է թաքստոցներու, իսկ ինքը դիտորդի հետ անցել է մի դիտակետից մյուսը: Ավելի ուշ Դավիթը մենահատ կրակով վերացրել է 50 մետր հեռավորության վրա գտնվող հակառակորդի գետնատնակից կասկածելի երևացող լույսը.. Իսկ Արա Վարդանյանը մարտական դիրքերում փրկել է ծառայակից ընկերոջ կյանքը, որը վիրավորվել էր ընդհանուր կացարանի ուղղությամբ հակառակորդի բացած կրակահերթից: