Ճակատագիր, որ միայն հայինն է


«Ինեսսա» վիպակը Կոլյա Տեր-Հովհաննիսյանի առաջին ծավալուն ստեղծագործությունն է, որը տպագրվել է 2008 թվականին բանաստեղծ, թարգմանիչ Էդուարդ Հախվերդյանի խմբագրությամբ: Անհիշելի ժամանակներից հային վիճակված է դեգերել օտար ափերում, ամենատարբեր պատճառներով բախտ որոնել օտարության մեջ: Բացառություն չէ նաև ներկայիս սերունդը: Ոմանց հրապուրում է դրսի պերճ կյանքն ու ազատ բարքերը, ոմանց սնափառությունն է տանում առավել լայն հնարավորություններով երկրներում ապրելու, մյուսներին ձգում է հանապազօրյա հացի վաստակը: Հայ գրողներից շատերն են անդրադարձել տարագրության թեմային, ինչը վիպակում արծարծել է և Կոլյա Տեր-Հովհաննիսյանը: Նա ամենայն նրբանկատությամբ է նկարագրել սփյուռքահայ մարդու կենսակերպը, ապրումները, կարոտն ու սերը` ազգի, հայրենիքի և հայրենի հողի նկատմամբ. «Հողը, ահա թե ես ինչ կասեմ, հողն է կարևոր, ով ապրում է իր հողում, նա է տվյալ ազգության բուն ներկայացուցիչը: Որքան էլ օտար քամիներ փչեն, որքան էլ փորձեն նրան տապալել, բան դուրս չի գա, հողը կպահի, հողը ուժեղ է…»: Այստեղ է ահա, որ նույնանում են երկիր-քաղաքացի հասկացությունները, հայրենիք-անհատ փոխհարաբերությունները: Ճակատագրի մատուցած անակնկալներից հայ մարդը երբեմն ստիպված է լինում մեծ զոհողությունների գնով պահպանել իր ֆիզիկական գոյությունը, որը առաջին հերթին դառնում է նաև տեսակի, ինքնության պահպանման խնդիր: Հարցադրման այդպիսի փորձ հեղինակը կատարում է վիպակի հերոսի` իրանահայ Ժորայի միջոցով. «Առաջին հերթին ինքնությունը: Ինքդ էլ չգիտես, թե ո՞վ ես: Վերցնենք հենց ինձ, չգիտեմ` առաջին անգամ ով է ինձ ասել, որ հայ եմ… Իսկ իրո՞ք հայ եմ… Ծնվել եմ թրքական քաղաքում, հետո հաստատվել Թեհրանում, հետո` Շվեդիա… Տաք ու պաղ ջրի նման է, ուզես, չուզես, վերցնում ես ու տալիս ապրածդ տեղի ու քո, ոնց ասեմ, ջերմության աստիճանը, գույնը…»: Կոլյա Տեր-Հովհաննիսյանը չի խոսում պատճառների մասին, շեշտը պատճառի վրա չի դնում: Նա պատկերում է կատարված փաստի հետևանքները` սկիզբը (պատճառը) տեսցնելով վերջի միջոցով (հետևանքի), որոնց միջոցով էլ դրվագ առ դրվագ հյուսում է վիպակի սյուժեն: Իր անմիջական խառնվածքով և մարդկային հատկանիշներով Ժորան հակադրությունն է այն աշխարհի (Շվեդիայի), որի անսեր ու սառը իրականությունից փախչում է անընդհատ: Նրա համար խորթ են օտարի բարոյական ըմբռնումները: Ժորան դժգոհ է Շվեդիայից, որտեղ մարդիկ անտարբեր են իրար նկատմամբ, ապրում են այլ չափանիշներով, յուրաքանչյուրն իր համար: «Ծաղիկը արմատից հանիր ու տնկիր օտար հողում, չի դիմանա, կը թառամի»: Տարագիր հայ գրողների զգալի մասը, կործանված հայրենիքի հիշողությունը պահելու, օտար ափերում սփռված հայության բեկորների մեջ հոգևոր հայրենիք ստեղծելու նպատակով ոգեկոչում էր անցյալը, որով և ձևավորվում էր կարոտի գրականությունը: Գրողների մի խումբ էլ անօգուտ և սխալ էր համարում անցյալի հիշատակներով տարվելը և գտնում էր, որ սփյուռքահայ գրողի խնդիրը պետք է լինի կյանքի բարդ հորձանուտում հայտնված գաղթահայերի մաքառումների արտացոլումը: Այս մտայնության սկիզբը դրեց Շահան Շահնուրը: Ուծացվող, ձուլվող հայության ճակատագրի մեջ արմատավորվող նահանջի տրամադրությունները իրենց ցավագին արձագանքը գտան Շահնուրի «Նահանջ առանց երգի» վեպում, «Հարալեզներուն դավաճանությունը», «Բաց տոմար», «Կրակը կողքիս» ժողովածուներում: «Ինեսսա» վիպակում արծարծվում են այս երկու խնդիրները միաժամանակ` թե° կարոտի թեման, թե° նահանջի և թե° սփյուռքահայի` այսօրը ապրելու խնդիրը: Ստեղծագործության առանցքում բացի Ժորայից իր գլխավոր դերկատարումն ունի նաև Ինեսսան` հայաստանաբնակ բժշկուհին, որի մասնակցությամբ էլ զարգանում են սյուժեի բոլոր գործողությունները: Երիտասարդ աղջիկը ապրում է արդար աշխատանքով, քրոջ և ծնողների հետ: ժորայի հետ հանդիպումը պատահական էր: Ինեսսան Ժորայի ատամնաբույժն էր: Սյուզիից` կնոջից բաժանվելուց տարիներ անց, առաջին անգամ Ժորան «հաճելի սարսուռ» է զգում, երբ ատամը բուժելիս երիտասարդ բժշկուհին հպվում է իրեն` հարուցելով «ամոթախառն զարմանք», որովհետև «սկանդինավյան» սառնությունը վաղուց դարձել էր բնավորություն: Ինեսսայի միակ ցանկությունը արտասահմանում ուսման մեջ կատարելագործվելն էր, որը, սակայն, կապված էր ֆինանսական ծախսերի հետ, իսկ ատամնաբույժի սովորական կյանքով ապրող մարդը չէր կարող իրեն նման շռայլություններ թույլ տալ: Այցելուներից շատերն էին հանդգնել նրան առաջարկություն անել, նույնիսկ պատեհ առիթներ էին եղել արտասահման մեկնելու, սակայն Ինեսսան անդրդվելի էր մերժման մեջ: Տարօրինակ էակ է կին արարածը: Ինչու՞ էր մերժում: Չէ՞ որ ցանկություն ուներ արտերկիր մեկնելու: Չի կարելի ասել, որ պատճառը զուտ հայկական մտածելակերպն է: Բայց չէ՞ որ Ինեսսան իրերին այլ կերպ է նայում, ազատ է շարժուձևի, նույնիսկ մտածելու և հագնվելու մեջ: Ամուսնանալ սփյուռքահայի հետ` կնշանակի մեկընդմիշտ հեռանալ հայրենիքից, ընկերներից, ծնողներից, իսկ նա սիրում էր իր քաղաքը, իր աշխատանքը: Ատամնաբուժարանի հասցեն տվել էր Սյուզին (անսովոր մի հանգամանք հայաստանաբնակներիս համար). Ժորան և Սյուզին երկար տարիներ բաժանված էին, սակայն պահպանում էին կապը միմյանց միջև: Մյուս անսովոր հանգամանքն էլ այն է, որ թե° Սյուզին, և թե° երեխաները Ժորային համոզում էին կրկին ամուսնանալ: Այստեղ, իհարկե, իրենց դերը կատարում էին եվրոպական ազատ մտածելակերպը, բարքերը: Կոլյա Տեր-Հովհաննիսյանը վարպետորեն է նկարագրում թե° սփյուռքահայի, թե° հայաստանցու և թե° եվրոպացու կենցաղն ու հոգեբանությունը: Ժորան ամաչում էր այն մտքից, թե սիրահարվել է. չէ՞ որ մոտենում էր «մայրամուտին», իսկ Ինեսսան իրեն որպես դուստր կսազեր: Ինեսսան էլ իր հերթին ձեռքից բաց չի թողնում Շվեդիա մեկնելու հնարավորությունը: Ամիսներ շարունակ միևնույն հարկի տակ ապրելուց հետո միայն` որոշեցին «պարզություն» մտցնել իրենց փոխըմբռնման մեջ և հստակեցնել առավել քան խճճված հարաբերությունները: Ուշարժան է նաև Ժորա-Սյուզի-Ինեսսա եռանցումը, որի շառավղում Սյուզիի միջոցով բացահայտում ենք ժորայախոսության գաղտնիքը. «Ժորայի համար երկխոսություն գոյություն չունի, կա միայն ժորայախոսություն»: Թե° Ժորան, թե° Ինեսսան, թե° Սյուզին, թե° Էմման ու Էրիկը և թե° մյուս հերոսները, բոլորն էլ իրենց կամքին հակառակ գտնվում են օտարության մեջ: Ծնվելով կամ ապրելով օտար երկրում, օտար քաղաքում` դառնում ես օտար և նահանջում ես սեփական ինքնությունից: Ազգապահպանության գաղափարի հիմնական օղակը ընտանիքն է, և ավանդական հայ ընտանիքի վերացումից էլ սկսում է ազգայինի կորուստը: Սա է «Ժորայախոսության» միջոցով հեղինակի գաղափարական հղումը, որը նաև վիպակի հիմնական գաղափարն է: Ուշագրավ է նաև սիրո և նահանջի գաղափարների փոխկապակցվածությունը (Էմմա-Փեռ, Էրիկ-Ադելաիդա, Ինեսսա-Բյորն) հարաբերությունները: Ժորան հաճախ էր մեղադրում երեխաներին, որ նրանք հեռացել են ազգային արմատներից: Իսկ միթե՞ ինքը չէր հեռացել, միթե՞ աչքաթող չէր արել սեփական ընտանիքը, կապվել շվեդուհու հետ, տրվել բիզնեսին: Այսքանից հետո պահանջում էր, որ երեխաները հայեցի ապրեն: Սակայն ինչքան էլ խնդրես, համոզես, պահանջես կամ ստիպես, միևնույն է, ոչինչ չի ստացվի. մեծ քաղաքը, մեծ աշխարհը կլանում է անհատին: Ակամայից դառնում ես օտար քո երկրին ու քո մշակույթին` քեզ համարելով այն երկրի քաղաքացին, որտեղ ապրում ես: Ինեսսան նույնպես նահանջում է, ինչպես Սյուզին, ինչպես Ալիսը և այլք: Այս երևույթը առավել ակնառու է դառնում Ժորայի և Ինեսսայի մի զրույցից. «- Նայիր շուրջդ, տես ինչքան խառը ամուսնություններ կան: Մոռանում ես` որ դարում ենք ապրում… Մի վախեցիր, Հայաստանին ու հայերին ոչինչ չի պատահի… Ուզում եմ ասել, դու քեզ երջանի՞կ կզգայիր, եթե Էմման կամ Էրիկը ամուսնանային հայի հետ կամ գնային Հայաստանում ապրելու: Իսկ իրե՞նք … գոնե մի անգամ փորձիր իրերին նայել նրանց աչքերով… դու էն գլխից զոռ տալով լողում ես հոսանքին հակառակ… - Ինեսսա, դու էլ Սյուզիի նման ես դատում, վարակվել ես Շվեդիայի մանրէներով…»: Վիպակում միայն Ժորան է, որ չի նահանջում, նա ավելի շուտ պարտված է, ոչ թե նահանջած: Նրան մտահոգում է ձուլման ճանապարհով քայլող հայի` վաղը արդեն հայ չլինելու խնդիրը, որը մեծ ողբերգություն է նրա համար, ազգի համար: Նաիրա ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Բ. գ. թ., դոցենտ