Քաղաքացիական հասարակությունը կայանում է


 

Մաշտոցի պուրակը հանրությանը վերադարձնելու համար բնապահպանական, «Մենք ենք քաղաքի տերը» և նման այլ քաղաքացիական նախաձեռնությունների մի քանի ամսվա պայքարը հասավ որոշակի հանգրվանի: Երևանի քաղաքապետի ուղեկցությամբ Հանրապետության նախագահի այցը Մաշտոցի պուրակ վերջակետ դրեց Աբովյան փողոցից այստեղ տեղափոխված կրպակների շուրջ քաղաքային իշխանությունների և բնապահպանների միջև ծավալված վեճին: Երիտասարդ բնապահպաններն իրենց անձնազոհությամբ վարակեցին ավագներին, ովքեր էլ տեղադրված կրպակներն ապամոնտաժողների բրիգադներ կազմեցին` փորձելով երիտասարդ ակտիվիստներին հեռու պահել հնարավոր անցանկալի միջադեպերից: Եվ որքան էլ ոստիկանների պահվածքը կոռեկտ էր ու հավասարակշիռ, այնուամենայնիվ, հարկ է չմոռանալ, որ նրանք գործ ունեին տաքարյուն երիտասարդների հետ: Ինչևէ: Հանրապետության նախագահի Մաշտոցի պուրակ այցի արդեն հաջորդ օրը քաղաքապետ Տարոն Մարգարյանը որոշում կայացրեց կրպակները կարճ ժամանակում ապամոնտաժելու մասին:

Որոշ սևահայացներ Նախագահի այցը, պուրակի ճակատագրի հարցում նրա միջամտությունը համարեցին ընտրությունների շեմին հասարակության համակրանքը շահելու նպատակ հետապնդող հնարք: Բայց այստեղ արդեն կարևորն այն չէ, թե ով ինչպես է որակում երկրիս թիվ 1 իշխանավորի դիրքորոշումը: Թերևս, շատ ավելի կարևոր է, որ Մաշտոցի պուրակի շուրջ ծավալված իրադարձությունների, դրանց` արդեն հայտնի հանգուցալուծմամբ, փաստորեն, մեզանում վերանում է վերջին տարիներին արմատացած բարձիթողութ յան հոգեբանությունը, որի թելադրանքով ով ինչ ուզեր, երբ ուզեր, կարող էր անել` առանց հաշվի առնելու հասարակական կարծիքը, առանց հաշվի առնելու հանրային շահը: Վերջին տարում հանրությունը երիտասարդ բնապահպանների շնորհիվ կարծես զարթնում է կործանարար անտարբերության նիրհից ու սկսում է տեր կանգնել իր քաղաքացիական իրավունքներին: Եվ ամենակարևորը` հաջողութուններ է արձանագրում: Այլ կերպ ասած, Թռչկանի ջրվեժում և Մաշտոցի պուրակում մեզանում անտարբերության խորն ու վտանգավոր նիրհից արթնանում էր քաղաքացին: Թռչկանի ջրվեժում և Մաշտոցի պուրակում քաղաքացիական հասարակության սաղմերն էին առաջանում: Եվ սա է էականը:

Տ. Մ.