ԻՐԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ


 

Խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ավարտը որոշ հետաքրքիր եզրահանգումների առիթ է ստեղծում` հնարավորություն տալով մասնակից ուժերի մեկամսյա ակտիվ գործունեության ամենակարևոր առանձնահատկությունները դիտարկել: Նշանակալին, ինչով և գնահատելի կարելի է համարել այս ընտրությունների նախնական փուլը, կուսակցությունների շրջանում հանդուրժողականության նկատելի աճն է: Այս իրողության ձևավորմանն, անշուշտ, նպաստել է և հանգամանքը, որ այս անգամ միջկուսակցական պայքարի սրությունը նվազագույնի է հասցված:

Հետաքրքիր է, որ առկա իրավիճակը հաճելիորեն զարմացրել է հատկապես ընտրություններին մասնակցող կուսակցություններին:

Ակնհայտ է, որ 2008-ի համապետական ընտրությունների բարդույթը քաղուժերը նույնպես դժվարությամբ են հաղթահարում: Ու բնավ տարօրինակ չէ, որ մարտյան իրադարձությունների հոգեբանական ազդեցությունը դեռևս ուղեկցում է կուսակցություններին ու հանրությանը:

ՀԱԿ-ն, ինչպես հայտնի է, արդեն հայտարարել է, որ մայիսի 6-ից հետո հանրահավաքների շարք է նախատեսում անցկացնել: Բայց ամենայն հավանականությամբ` լարված տեսարանների սիրահարներն այս անգամ կհիասթափվեն: Հետընտրական ծանոթ զարգացումներ պետք չէ ակնկալել: Այնպես է ստացվել, որ ընդդիմությունը իշխանության դեմ քարոզչությունը շարունակելու է նաև ընտրություններից հետո` հնարավորն անելով սեփական ընտրազանգվածի շրջանում ինքնաարդարանալու ու «ապացուցելու», որ իրենք ոչ այնքան պարտվեցին, որքան կեղծվեցին քվեարկության արդյունքները: Իհարկե, հրապարակներում հորդացող ընդվզում չի ծավալվի, որովհետև արմատականները խորհրդարա նական խոսափող կունենան: Ուստիև ՀԱԿ-ի ծրագրած փոքրիկ ընդվզումը նույնպես լիովին տեղավորվում է ընթացիկ քաղաքական զարգացումների տրամաբանության շրջանակում:

Արժե հիշատակել նաև սոցհարցումների շուրջ ձևավորված զգալի անտարբերության մասին: Քարոզարշավի առաջին փուլում հարցումներ այդպես էլ չհրապարակվեցին: Վերջին երկու շաբաթներին դրանք ուղղակի մեկը մյուսին են հաջորդում… Նախկինում նման տոկոսների հրապարակումը ջղաձգություններ էր առաջացնում քարոզարշավի մասնակիցների շրջանում: Այս օրերին տեղական կամ արտերկրի հետազոտողների ուսումնասիրությունների հրապարակումը կամ լռությամբ է ընդունվում, կամ էլ քաղուժերը սահմանափակվում են հայտարարություններով: Եվ իսկապես, դրանք հեռու են իրականությունն արտահայտելուց ու նաև ընտրողների համար հավատընծա չեն:

Այնպես որ հաշտվողականությունը բառի ամենադրական իմաստով ընթացիկ քարոզարշավի բնորոշիչներից է: Մեծ է հավանականությունը (ինչու չէ նաև ցանկությունը), որ այն արտահայտվի նաև մայիսի 6-ին ու դրանից հետո: Քաղուժերն անհամեմատ իրատես են դարձել, ու դա լավագույնս արտահայտվում է նաև նրանց գործողություններում: