ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆԸ


 

Նախորդ մեր հարցախույզերի փորձի և արդյունքների վրա հիմնվելով` միանշանակորեն կարելի է փաստել, որ քաղաքացիների մեծամասնությունը նախընտրում է չբարձրաձայնել իր կարծիքը, թե որ քաղուժի կամ թեկնածուի օգտին է պատրաստվում քվեարկել առաջիկա ընտրություններում: Սովորաբար առավել անկեղծ են այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն ներկայանում: Սակայն, քիչ չեն նաև իրենց հիասթափությունն ու հուսալքությունը չթաքցնող քաղաքացիները, ովքեր անկեղծությամբ խոստովանում են, որ չեն հավատում, չեն վստահում որևէ քաղուժի: Այնուամենայնիվ, նույնիսկ այս պարագայում նրանք պատրաստ են մասնակցել ընտրություններին` կատարելով իրենց քաղաքացիական պարտքը:

Երեկ կատարած մեր հարցախույզի տվյալներով կիրակի օրը կայանալիք ընտրության արդյունքները պետք է որ այսպիսին լինեն.

ՀՀԿ` 30 %, ԲՀԿ` 28 %, ՀԱԿ` 11,2 %, «Ժառանգություն»` 8 %, ՀՅԴ ` 8,1 %, ՕԵԿ ` 3,3 %, Հայաստանի Դեմոկրատական կուսակցություն` 5,5 %, ՀԿԿ` 2 %, «Միավորված հայեր»` 0,3 %, չկողմնորոշվածներ` 3,6 %:

Մեդեա ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆ. տնտեսագետ, 65 տ.

- Մասնակցելու եմ ընտրություններին և հստակ կողմնորոշված եմ: Ձայնս կտամ Հանրապետական կուսակցությանը: Պատճառները մի քանիսն են: Ամենակարևորը թերևս այն է, որ արժանի հակառակորդ պարզապես չեմ տեսնում: ՀԱԿ-ին ընդհանրապես արժանի չեմ համարում: Այն բացասական երևույթները, որ այսօր առկա են մեզանում, բոլորի «ռեժիսորը» Լևոն Տեր-Պետրոսյանն է և իր «ճտերը», որոնք կրկին բներից դուրս են եկել, մինչ այժմ թաքնված էին: Ու անհարմար չեն զգում, խոսում են ընտրակեղծիքներից, ընտրակաշառքներից, արտագաղթից: Ես խորհրդային տարիներին եղել եմ Հոկտեմբերյանի շրջանի ռայկոմի քարտուղար: Երբ Լևոնը եկավ, բոլորին ջարդեցին: Հովհաննիսյան Սեդրակը, որ հիմա պատգամավորության թեկնածու է այնտեղ, ոչնչություն էր: ՀՀՇ-ն հաղթեց և ինչքան տականքներ կային, փողկապ կապեցին, նոր հագուստ հագան ու սկսեցին մեզ գլխատել, ինչպես 1937-ին Ստալինն էր գլխատում: Այնպես որ թող Սերժ Սարգսյանը մնա:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ. մանկավարժ, 45 տ.

- Մեծ հետաքրքրությամբ հետևել եմ քարոզարշավի ողջ ընթացքին` սկզբից մինչև վերջ: Եվ պետք է ասեմ, այն ընթացավ այնպես, ինչպես ենթադրում էի` առանց առանձնահատուկ փոփոխությունների` համեմատած նախորդի հետ: Ծանոթ եմ բոլոր քաղաքական կուսակցությունների նախընտրական ծրագրերին: Ընտրություններին, անխոս, մասնակցելու եմ և այս անգամ քվեարկելու եմ Դեմկուսի օգտին: Պատճառը պարզ է. ես ավելի շատ հակված եմ դեպի սոցիալական բնույթի ծրագրերը: Չնայած մյուս կուսակցությունների ծրագրերում ևս նման դրույթներ կան, բայց ՀԴԿ-ի ծրագրում ավելի հստակություն և որոշակիություն եմ տեսնում: Բացի դրանից` անհնար է չնկատել, որ այս քաղաքական ուժը ամենաքիչ վարկաբեկվածն է թերևս, ինչը կարևորում եմ:

ՆԱՐԻՆԵ. բանասեր, 29 տ.

- Անպայման մասնակցելու եմ ընտրություններին միայն նրա համար, որ դա իմ քաղաքացիական պարտքն է: Սակայն, միանշանակորեն քվեարկելու եմ բոլորին դեմ: Եվ իսկապես այդպես է: Չեմ վստահում, չեմ հավատում, դեմ եմ բոլոր քաղուժերին: Նախկինում ընտրել եմ ՀՅԴ-ին, այս անգամ նրանց ձայն չեմ տա: Ընդհանրապես, ոչ մեկի հետ հույսեր չեմ կապում, հատկապես երիտասարդության ապագան չեմ պատկերացնում:

ԱՆՈՒՇԱՎԱՆ. 67 տ.

- Յուրաքանչյուր քաղաքացու մասնակցությունը խորհրդարանական ընտրություններին շատ կարևոր է, եթե ուզում ենք որևէ բան փոխել. այդ պատճառով, անպայման կկատարեմ պարտքս: Անկեղծ կլինեմ` քարոզարշավին ոչ ամբողջությամբ եմ հետևել, որովհետև շատ բաներ արդեն իսկ պարզ էին ինձ համար: Որոշ չափով ծանոթացել եմ նաև նախընտրական ծրագրերին և մտադիր եմ քվեարկել Հայաստանի Դեմոկրատական կուսակցության օգտին:

Էլլա ՍԱՐԳՍՅԱՆ. տնտեսագետ, 35 տ.

- Դեռ չեմ որոշել, թե ում օգտին եմ քվեարկելու: Ժամանակ կա, քարոզարշավը չի ավարտվել, դեռ կհասցնեմ կողմնորոշվել: Եթե անկեղծ լինեմ` չեմ հետևել ոչ մեկի ելույթներին, կարելի է ասել` անտարբեր եմ, բայց անպայման քվեարկությանը մասնակցելու եմ: Ընդհանրապես մեզանում հետևողականությունը բացակայում է և յուրաքանչյուր քայլ իրականացվում է այնպես, ինչպես կստացվի, ոչ թե ձգտելով, որ հնարավորինս լավ ստացվի: Հիմա բոլորը խոստանում են, բայց թե ինչքանով կիրականացնեն այդ խոստումները, ոչ ոք չգիտի:

Հրաչ ՏՈՒՄԱՍՈՎ. Հայրենական Մեծ պատերազմի վետերան.

- Ես ընտրություններին չեմ մասնակցելու, քանի որ ընտրական իրավունք չունեմ: ՌԴ քաղաքացի եմ, սակայն սա նաև իմ երկիրն է, իմ ապագան այստեղ է, մինչև կյանքիս վերջն այստեղ եմ ապրելու: Չնայած ձայն տալու իրավունք չունեմ, բայց հետաքրքրությամբ եմ հետևում իրադարձություններին, հայկական թերթեր եմ կարդում: Միայն մի բան կցանկանայի ավելացնել: Նախքան Ռուսաստան գնալս երկար տարիներ այստեղ եմ ապրել: Երբ մեր «հարգելի» Լևոն Տեր- Պետրոսյանը ժամանակին հայտարարեց` եթե փող չունեք, հարևանից ուզեք, ես մտածեցի, որ այդպիսի մարդու կողքին ապրել չի կարելի:

Զոհրաբ ԽԱՉԱՏՐՅԱՆ.

թոշակառու, 76 տ.

- Հետևում եմ քարոզարշավին և դրական եմ տրամադրված: Մասնակցելու եմ ընտրություններին, սակայն նախընտրում եմ չբարձրաձայնել, թե ում օգտին եմ քվեարկելու: Միգուցե ոմանց միամտություն թվա, բայց ինչ-որ տեղ հավատում եմ այդ խոստումներին: Առանց հավատի դժվար է ապրել, պետք է ինչ-որ բանի հավատալ: Հաճախ եմ մտածում` կան մարդիկ, ովքեր ավելի ծանր պայմաններում են ապրում, ինչու ուրեմն չհուսալ, որ ինչ- որ բան կփոխվի:

Գագիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ. ոսկերիչ, 50 տ.

- Չեմ կարող ասել, թե ում եմ ձայն տալու: Դա գաղտնիք է, և իմ իրավունքն է: Քարոզարշավին հետևել եմ. շարունակում եմ հետևել: Բնականոն ընթացքով է ընթանում, այդպես էլ սպասում էի: Բոլորը խոստումներ են տալիս, տեսնենք, թե ինչքանով դրանք ի կատար կածվեն: Խնդիրները շատ են, նորաստեղծ խորհրդարանը շատ անելիք ունի: Հատկապես կարծում եմ առաջնային են բնակչության կենսամակարդակի բարձրացումը, մանր ու միջին բիզնեսի կայունացումը, միջին խավի ձևավորումը:

ՍԱՐԳԻՍ. ատամնաբույժ, 26 տ.

- Թաքցնելու ոչինչ չունեմ, քվեարկելու եմ ԲՀԿ-ի օգտին: Իսկ ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում տարբեր քաղուժերի կողմից հնչող խոստումներին, պետք է ասեմ, որ ոչ մի խոստումի չեմ հավատում: Քանի որ ռոմանտիկայից հեռու եմ, չափազանց ռեալ եմ մտածում և հավատում եմ միայն նրան, ինչ տեսանելի է:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ