Դուստրն ու ամուսինը տագնապած են


 

Յու. Տիմոշենկոյի հացադուլի տասներորդ օրը Պրահայում ասուլիս հրավիրելով, նրա դուստր Եվգենյան ուկրաինական իշխանությունների գործողություններն անվանել է «ցինիզմ և դաժանություն»:

- Հիմա Ուկրաինան գտնվում է տոտալիտար պետության վերածվելու սահմանին,- եվրոպացիներին ահազանգել է նա` նկարագրելով մոր վիճակը, որի ականատեսն ինքը եղել է երկու օր առաջ:

- Նա իսկապես շատ վատ է. մայրիկը մշտապես պառկած է: Չի կարողանում շատ շարժվել, բացի այդ` թուլացել է հացադուլից:

Էքս-վարչապետուհու ամուսինն էլ, ով Չեխիայում ապաստան է ստացել, համացանցի միջոցով կնոջը խնդրել է դադարեցնել հացադուլը.

- Կյանքը մարդուն տրվում է մեկ անգամ: Մեր ամբողջ կյանքը մենք նվիրել ենք մեր պետությունը լավագույնը և ուկրաինացիների կյանքը երջանիկ դարձնելու ձգտմանը: Այդ ճանապարհին շատ խոչընդոտներ են եղել, բայց մենք հաղթահարել ենք միասին և հաղթել ենք: Մենք հավատում էինք ապագային,- պաթոսով գրել է Ալեքսանդր Տիմոշենկոն:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ իր կնոջ մահը ձեռնտու է «միայն մեկ մարդու` ներկա նախագահ Յանուկովիչին, ով ուզում է նրա ֆիզիկական ոչնչացումը, շարունակում է կտտանքներ իրագործել և ծանակել»:

Ի դեպ, Տիմոշենկոյին ազատ արձակելու պահանջ է հնչեցրել նաև Միացյալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը: