ԿԱՏԱԿ, ՈՐԸ ԿԱՐՈՂ ԷՐ ԼՈՒՐՋ ԼԻՆԵԼ 


 

Լույս ապրիլի 1-ի կեսգիշերին էլեկտրոնային լրատվամիջոցներից մեկը տեղեկություն էր տարածել, թե մայրաքաղաքի «Մեղեդի» սրճարանում, որը գտնվում է Ազատության հրապարակում, Սերժ Սարգսյանը և Րաֆֆի Հովհաննիսյանը, հարյուրավոր մարդկանց ներկայությամբ, զրույց են վարել, սուրճ խմել և եկել որոշակի փոխհամաձայնություննե րի... Իսկ քիչ անց էլ իբր հրապարակվելու էր նաև միասնական հայտարարությունը, որով պիտի Նախագահն ու նախագահի նախկին թեկնածուն տեղեկացնեին, որ մի շարք հարցերում համաձայնության էին եկել:

Այս լուրը, բնականաբար, շատերի համար անսպասելի էր, շատերի համար` ուրախալի, որովհետև տևական ժամանակ ընթացող հակամարտությունն ասես իր լուծումին էր մոտենում` հուշելով, որ իշխանություններն, այնուհանդերձ, գնացել են փոխզիջման… Կարելի էր շատ լուրջ ընդունել այս լուրը, եթե ապրիլի 1-ը չլիներ, եթե կանխավ չիմանայինք նախագահ Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակի այն հայտարարության մասին, որով նա տեղեկացրել էր նախագահի կողմից հանդիպումների կանոնակարգը…

Կատակ էր, անտարակույս, որը ոմանք ընդունեցին որպես ճշմարտություն:

Սակայն, խոստովանենք, որ կարող էր նաև այսպես լինել, որովհետև մի ողջ ժամանակահատված նախագահ Սերժ Սարգսյանը Րաֆֆի Հովհաննիսյանին փոխհամաձայ նության և երկխոսության կոչեր էր հնչեցնում` առաջարկելով գլխավորել Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը: Ավելին, տարածվեցին նաև լուրեր, թե նախագահը «Ժառանգության» առաջնորդին առաջարկել է գլխավորել Վերահսկիչ պալատը, քանի որ շուտով լրանում է Իշխան Զաքարյանի պաշտոնավարման ժամկետը:

Մարտի 31-ին Րաֆֆի Հովհաննիսյանը, ինչպես արդեն տեղեկացրել էր, դադարեցրեց հացադուլն ու սկսեց իր մարզային նոր արշավը` առաջին «թիրախ» ընդունելով Կապանը, որտեղ էլ հերթական անգամ անախորժ միջադեպեր գրանցվեցին: Նախագահի նախկին թեկնածուն շարունակում է իր մարզային արշավը` այսպես, մեր կարծիքով, երևութականություն ստեղծելով, թե իր պայքարը շարունակում է: Սակայն, ըստ էության, այդ պայքարն արդեն ավարտվել է, որովհետև թե´ Ազատության հրապարակն է կիսով չափ դատարկվել, թե´ մարել են համաժողովրդական կրքերը, թե´ Րաֆֆի Հովհաննիսյանի թիմն է արդեն պատրաստվում Երևանի ավագանու ընտրություններին` հաստատելով, որ նախագահի ընտրությունների արդյունքներն, այնուհանդերձ, ընդունելի են:

Ուրեմն ի՞նչ է լինելու այս օրերին և հատկապես ապրիլի 9-ին` նախագահի երդմնակալության օրը: Վերջին օրերի տրամադրությունները հուշում են, որ Րաֆֆի Հովհաննիս յանն այս պահին այլևս սպառել է իր գործողությունների զինանոցը և հայտնվել «պատային» վիճակում, որովհետև այլևս չկա մի քայլ, որը կարող է նրա պայքարին իմաստ և բովանդակություն հաղորդել: Թե´ հրապարակում ձևավորված կառավարության «մոդելը», թե´ «սեփական դիակիս վրայով» հայտարարությունն այլևս առ ոչինչ են, քանզի պարզ դարձավ, որ չունենալով քաղաքական պայքարի առավել հստակ ծրագիր, Րաֆֆի Հովհաննիսյանը կուլ գնաց որոշ ամբոխավարների մղումներին: Վերջիններս, ի վերջո, օգտագործելով «Ժառանգության» առաջնորդի լավատեսությունը, ձևավորեցին ավագանու համամասնական ցուցակը` այստեղ ընդգրկելով բացարձակորեն Հովհաննիսյանի ընդվզումի հետ կապ չունեցող մարդկանց: Կամ, գուցե, լավ էլ ունեին, պարզապես ստեղծվեց անչափ թատերականացված իրավիճակ, որն էլ պետք էր համամասնական ցուցակ ձևավորելու, այստեղ Րաֆֆի Հովհաննիսյանի համար մի շարք նախընտրելի մարդկանց ընդգրկելու համար: Մարդիկ, որոնց հայտնությունը ցուցակում, մեկ այլ պարագայում, կարող էր քննարկման նյութ դառնալ: Մինչդեռ այժմ, կրքերի բովում, շատերն անգամ ուշադրություն չդարձրեցին այդ ցուցակին: Ասել է թե` հանրության տրամադրությունները ոմանք օգտագործեցին ընդամենը Երևանի ավագանիում տեղեր ունենալու համար: Հետևաբար, տեղին էր օրեր առաջ Ազատության հրապարակում մեր հնչեցրած անհանգստությունը, որ հեղափոխություններից օգտվում են մակաբույծները… Դա սոսկ մեր անհանգստությունը չէր, այլ` ժամանակների փորձությունով հաստատված ճշմարտություն:

Եթե Րաֆֆին ընդուներ Նախագահի` երկխոսություն վարելու առաջարկությունը, կարող էր այսօր երկրում միանգամայն նոր իրավիճակ ստեղծվել, որն օգտակար կլիներ նաև գործող իշխանությունների համար, քանզի Նախագահն ինքն էլ, հավանաբար, շատ կուզենար, իր կողքին ունենալ համաժողովրդական աջակցությունը: Այսինքն, կարող էր իսկապես լինել սուրճ խմելու պահը, եթե խոհեմությունը չլքեր իր դիրքերը… 

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ