ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ ՉԽԱՆԳԱՐԵՆՔ

Նոր աշխարհակարգից առավելագույնս օգտվելու հնարավորություն


 

Այսօր կարելի է հստակ ձևակերպել, որ տարիներ առաջ սկսած նոր աշխարհակարգի ձևավորման փուլը մոտենում է ավարտին: Քաղաքագետների բառապաշարից դուրս են մղվում «միաբևեռ աշխարհ», «աշխարհի ղեկավարում մեկ գերտերության կողմից» արտահայտությունները:

Այո, արդեն ուրվագծվում է բազմաբևեռ աշխարհը` մի քանի ուժային կենտրոններով: ԱՄՆ, Ռուսաստան, Չինաստան, Եվրամիություն. ահա այն կենտրոնները, որոնց փոխհարաբերությունների և պայքարի բնույթից կախված կլինի առանձին պետությունների և տարածաշրջանների ապագան: Ուստի, բնական է, որ Հայաստանի արտաքին քաղաքականությունը նոր իրողություններին համարժեք փոփոխությունների է ենթարկվելու: Փոփոխություններն էական կլինեն, թե՞ կկրեն «սրբագրային» բնույթ` մեծապես կախված կլինի միջազգային հարաբերություններում տեղի ունեցող «խմորումների» մակարդակից:

Աշխարհում առկա և սպասվելիք քաղաքատնտեսական նոր հարաբերությունների հավանական սցենարները փոքր-ինչ մակերեսորեն, հպանցիկ վերլուծելով` տպավորութ յուն է ստեղծվում, որ գրեթե բոլոր տեղաշարժերը համընկնում են մեր երկրի շահերին: Դիցուք, Ռուսաստանի դիրքերը ոչ միայն չեն թուլանում, այլև ամրապնդվում են Արևմուտքի հետ մրցակցությունում: Ընդամենը մեկ փաստ: Բավական է Ռուսաստանն ընդդիմանա Սիրիայում հեղափոխություն իրագործելու ԱՄՆ-ի և Եվրոպայի ցանկությանը, վերջիններս հայտնվում են փակուղում և չեն համարձակվում արագ հանգուցալուծման հասցնել իրենց համար խիստ կարևոր այս խնդիրը` ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնելու գնով:

Մեր տարածաշրջանում կատարվող փոփոխությունները նույնպես ձեռնտու են Հայաստանին: Իշխանափոխությունը Վրաստանում նոր իրավիճակ կստեղծի Հարավային Կովկասում գերտերությունների ազդեցության գոտիների վերաձևման հարցում: Վրաստան-Հայաստան հարաբերությունների բարելավումից մեծ օգուտներ կարող է քաղել մեր երկիրը: Աբխազական երկաթգծի վերաբացումը ոչ միայն խոշոր տնտեսական նշանակություն կարող է ունենալ, այլև մարտավարական, ռազմավարական բնույթի քաղաքական նոր իրողությունների սկիզբ հանդիսանալ: Հիշենք, որ դարեր շարունակ միջազգային հարաբերություններում կատարվող տեղաշարժերը ճակատագրի բերումով չեն համընկել մեր շահերին, ինչի պատճառով բազմաթիվ անդառնալի կորուստներ ենք ունեցել: Այսօր «հայի բախտը» ասվածը բացասական իմաստից կարող է վերափոխվել դրականի: Հատկապես վերջին տարիներին Հայաստանը դիվանագիտական հարթությունում լավ «մարզավիճակում» է: Գործում է ճկուն, խելամիտ, շրջահայաց: Ուրեմն կան բոլոր հնարավորությունները` բարենպաստ իրավիճակներից առավելագույնս օգուտ քաղելու:

Մեր երկրում վերլուծաբանները, քաղաքագետները երբեմն ընկնում են ծայրահեղությունների մեջ և հայաստանյան կյանքի գրեթե բոլոր զարգացումները, գործընթացներն ու իրողությունները պայմանավորում են դրսի ազդեցություններով, թելադրանքով կամ նույնիսկ պարտադրանքներով: Այսպիսի մոտեցումն աստիճանաբար դարձել է կաղապարված մտածելակերպ: Կամա թե ակամա, հանրությանը ներարկվում է շատ վտանգավոր գաղափար, թե մեր երկրում մեզանից ոչինչ կախված չէ, ամեն ինչ վճռվում է դրսում, գերտերությունների կամքով ու ցանկությամբ: Ընդունելով հանդերձ, որ արտաքին աշխարհի ազդեցությունը բավական մեծ է, և այլ կերպ չէր կարող լինել, այնուամենայնիվ արձանագրենք` Հայաստանը քայլ առ քայլ, իսկ վերջին ժամանակներս առավել արդյունավետ և ընդգծված` դառնում է ինքնուրույն «խաղացող»: Եվ քանի որ, ինչպես վերը նշեցինք, աշխարհաքաղաքական զարգացումները հօգուտ մեզ են դասավորվում, դա նպատում է, որ մեր դիվանագիտությունը մանևրելու առավել մեծ հնարավորություններ ստանա, նվազեցնի միակողմանի կախվածությունը այս կամ այն ուժային կենտրոններից: Եվ, ինչո՞ւ չէ, նույնիսկ գերտերություններին ստիպի հաշվի նստել մեր շահերի, ինքնուրույն որոշումներ կայացնելու իրավունքի հետ:

Հայաստանի միջազգային հեղինակության բարձրացման առկա տեմպերը պահպանելու դեպքում (որը հնարավոր է, եթե աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանության մեջ կտրուկ շրջադարձեր չլինեն) 5-10 տարի հետո մեր երկիրը իր նշանակությամբ ու դերով համեմատելի կլինի, օրինակ` Իսրայելի հետ: Ադրբեջանը կհրաժարվի իր նկրտումներից, քանզի միջազգային հանրությունը արդեն իսկ հող է նախապատրաստում` ընդունելու Արցախի անկախությունը: Դրա նախանշաններն ակնհայտ են: Իսկ Թուրքիան վաղ թե ուշ ճանաչելով Ցեղասպանությունը, նորմալ դիվանագիտական հարաբերություններ կունենա Հայաստանի հետ: Գուցե այս կանխատեսումները փոքր ինչ «վարդագույն» ստացվեցին, բայց դրանց իրականացումը լիովին իրատեսական է: Մնում է միայն չշեղվենք ճիշտ ուղուց և ամենակարևորը... ինքներս մեզ չխանգարենք: 

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ