ԱՐՄԱՎԻԱՆ ՍՆԱՆԿԱՑԱՎ. որո՞նք են պատճառները 


 

- Արմավիայի սնանկացման պատճառները բազմակողմանի են: Հիմնականը` գավառական ագահությունն էր: Այսպիսի կարծիք է հայտնել Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության շրջանում Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը: Նա նաև անընդունելի է համարել, որ մի մարդուն տրվել է մի ամբողջ հզոր ոլորտ, և այն դեպքում, երբ նա ոչ մի ակտիվ չունի այդ բիզնեսի մեջ, ամեն ինչ ձեռք է բերված վարձակալությամբ: Նման քաղաքականությունն, ըստ նրա, «տնվորի քաղաքականություն է»:  - Ինչքան  հնարավոր է` կթել, գռփել, իսկ դիմացը` ոչ մի բան չտալ,- ասում  է պարոն Պետրոսյանը:

Նա համոզիչ չի համարում այն պատճառաբանությունը, թե «Արմավիայի» շահույթները չեն փակել ընկերության ծախսերը:

- Ոլորտը միշտ եկամտաբեր է եղել, իսկ արդեն տասը տարուց ավելի է` այդ ընկերությունը պարտքեր է կուտակել, որի արդյունքում այժմ գտնվում է սնանկացման եզրին, նման իրավիճակի պատճառը գնային քաղաքականությունից սկսած` մինչև չվերթների սխալ աշխարհագրությունն է, ինչպես նաև` սխալ բիզնես-ծրագիրն ու օդանավերը ոչ շահավետ պայմաններով ձեռք բերելը:

Արմավիայի խնդիրներին անդրադառնալու առիթներ մենք շատ ենք ունեցել, հաճախ ենք գրել, որ այս ընկերության տոմսերի գներն ամենաբարձրերից են ողջ տարածաշր ջանում, որ մատուցվող սնունդն ամենաանորակն է բոլոր ընկերությունների մատուցած սննդի համեմատությամբ, որ հաճախ են ոտնահարվել ուղևորների իրավունքները… Բայց, բնականաբար, սնանկացումն այս դեպքում պետք է վերագրել իսկապես Բաղդասարովի ագահությանն ու Հայաստանն իբրև «կթու կով» դիտարկմանը: Գրեթե ոչ մի ներդրում չանելով, միայն ու միայն բարձր սակագների շնորհիվ գերշահույթներ ստանալով, այս մարդը Հայաստանի քաղաքացիական ավիացիան կանգնեցրեց ճգնաժամի առջև: Բայց մեղքը միայն Բաղդասարովի վրա պետք չէ բարդել, որովհետև նրա հետ այս հարցում համախոհներ էին դարձել Քաղավիացիայի գլխավոր վարչության կառավարիչները, ովքեր տարիներ շարունակ արհամարհում էին ամեն մի բողոք ու դժգոհություն: Պիտի ենթադրել, որ նրանք էլ իրենց բաժինն են ունեցել այս ամենից…

Հիմա, երբ օդային տրանսպորտի մի զգալի մասը կաթվածահար վիճակում է, ո՞րն է ելքը: Պետք է խնդրով զբաղվի կառավարությունը, ոլորտը ճանաչի պետության գերակա շահ, այսինքն, ժամանակավորապես պետականացնի, մշակի առողջացման ծրագիր, ապա հետագայում քայլեր կատարի ազատականացման մասին: Միայն այսպես կարելի է փրկել մեր քաղաքացիական ավիացիան: