Ռիոն էլ պակաս չէ 


 

Զբոսաշրջիկ բռնաբարելու տենդը նաև Ռիո-դե-Ժանեյրո է հասել: Երկու օր առաջ բրազիլական ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել 2 կասկածյալի ձերբակալության մասին: Էդ երկուսը ևս առանց երկար-բարակ մտածելու` բռնաբարել էին մի օտարերկրուհու: Հիշեցնենք, որ այստեղ է անցկացվելու 2015-ի ֆուտբոլի աշխարհի առաջնությունն ու 2016-ի ամառային Օլիմպիադան:

Տուժող դարձած աղջիկն ընկերոջ հետ միկրոավտոբուս է նստել Կոպակաբանա շրջանում: 20-ամյա վարորդ Ջոնաթան Ֆուդակիշ դը Սոուզան և 22-ամյա Ուոլիս Ապարեսիդո դը Սոուզա Սիլվան փոխադրամիջոցից ստիպողաբար իջեցրել են մյուս ուղևորներին ու երկու օտարերկրացիներին տարել արվարձանային մի շրջան: Այնտեղ նրանց ծեծել են, երիտասարդի ձեռքերը շղթայել և մի քանի անգամ բռնաբարել նրա ընկերուհուն:

Ռիո-դե-Ժանեյրոյի տեսարժան վայրերով հիանալու եկած աղետյալներին ազատ են արձակել միայն այն ժամանակ, երբ նրանք ստիպվել են բանկային քարտերից հանել ու իրենց հանձնել ունեցած փողերը:

Հանցագործները հայտնաբերվել ու ձերբակալվել են հանցանքից մի քանի ժամ անց: Բայց արդյո՞ք դա կմեղմի այն սարսափները, որ ապրել են երիտասարդներն ու այս պատմության մասին լսողները: Մանավանդ` Ռիո-դե-Ժանեյրոյի և Բրազիլիայի մյուս քաղաքների հանրային փոխադրամիջոցներում հաճախակի են դարձել գողության դեպքերը: