Բրունիի «Անդաստիարակ պինգվինը» Օլանդի մասի՞ն է 


 

Ֆրանսիո էքս-առաջին տիկին Կառլա Բրունին թողարկել է երաժշտական նոր ալբոմ` «Ֆրանսիական երգեր» խորագրով: Պաշտոնական շնորհանդեսը դեռևս հետաձգվում է, սակայն դրա բովանդակությունն արդեն գրավել է հանրության ուշադրությունը:

Դրա շուրջ իրարանցման պատճառը հիմնականում «Ո´չ այո, ո´չ` ոչ» երգն է` «անդաստիարակ պարոն պինգվինի» մասին: Այդ երգի տողերում մարդիկ հակված են ծաղր տեսնել երկրի գործող նախագահի հասցեին: Ավելի ստույգ ծաղրվում է նրա քաղաքական պահվածքը: Մասնավորապես`

- Նա լուրջ կեցվածք է ընդունում, բայց ես հո գիտեմ, որ նրա պահվածքը արքայական չէ,- երգում է Բրունին:- Ոչ սառն է, ոչ տաք, ոչ «այո», ոչ` «ոչ»: Տես, պինգվին, դու բոլորովին մենակ ես քո այգում:

Պինգվինին ոչ բնորոշ գտնվելու վայրը` այգին, լրագրողներն ընդհանրացրել են նախագահի պաշտոնում Օլանդի առաջին պաշտոնական լուսանկարի հետ, որտեղ նա Ելիսեյան պալատի այգում է (հաղորդել է ռադիո VestiFM-ը):

- Այդ երգն անդաստիարակ, տհաճ մարդկանց մասին է, ովքեր ինձ համար անհասկանալի են,- պարզաբանել է Կառլան:

Նա հերքել է կարծիքը, թե դա Օլանդի մասին է, սակայն ուշադիր լրագրողները նրա հայացքում չարաճճի ժպիտ են նկատել (կամ` գուցե նրանց թվացել է), ինչն էլ խորացրել է կասկածը:

Ի դեպ, Բրունին նաև իր ամուսնուն է երգ նվիրել` «Իմ Ռեյմոնդը», որի հերոսը համարյա գերմարդ է` միջուկային ռումբ, ծովահեն, խիզախ հերոս:

Լրագրողական իրարարանցումը կարող է և ինքնահնար լինել, բայց ոչ ոք չի կարող նաև հերքել, որ կինը կարող է վրեժխնդիր լինել ամուսնու պարտության համար: