Սա սահմանամերձ չէ, սահման է... 
Այսպես ապրում ենք


 

Տարօրինակ ու անբացատրելի զգացողություն է, երբ հայացքդ սահում է ընդամենը հաշված մետրեր հեռավորության վրա գտնվող տների վրայով, ու ողջ խորությամբ գիտակցում ես, որ հակառակորդի գյուղն է. նշանառության տակ ես, և ոչ ոք չի կարող երաշխավորել հաջորդ վայրկյանի խաղաղությունը:

ՀՀ Տավուշի մարզի սահմանամերձ Ներքին Կարմիրաղբյուր գյուղն է: Կանգնածս վայրից մինչև հակառակորդի ամենամոտ բնակավայրն ընկած հեռավորությունը ուղիղ գծով ընդամենը 700 մետր է, իսկ գյուղավերջի մշակովի հողատարածքներից` 100-200 մետր:

Ճամփեզրի կիսավեր տների մռայլ պատկերները հիշեցնում են պատերազմի մասին, իսկ դարպասների ու տների պատերի վրա նշմարվող բեկորների հետքերը 20 տարվա վաղեմություն չունեն. թարմ են: Այստեղ պատերազմն ամեն օր է, ամեն ժամ, ու դա գիտակցում է յուրաքանչյուրը:

Տարեսկզբից գյուղը գնդակոծվել է արդեն 3-4 անգամ: Հատկապես փետրվարի սկզբին հակառակորդն ինտենսիվորեն խախտում էր հրադադարի ռեժիմը:

Սահմանապահ գյուղն ապրում է առօրյա հոգսերով, մարդիկ շտապում են ինչ-որ տեղ, իսկ մանկապարտեզի բակում անհոգ մանկությունն է..

Հանգստությունը, սակայն, միայն արտաքուստ է: Սահմանապահ այս մարդիկ ներքուստ զգուշավոր են, զգոնությունը չի լքում նրանց և ոչ մի վայրկյան: Հաճախակի կրակոցները, հակառակորդի մշտական «ներկայությունը» դարձել են նրանց առօրյայի անբաժանելի մասը:

Պատերազմի տարիներին բախումներն այստեղ ևս անխուսափելի էին: Գյուղը ողջ խորությամբ է ապրել պատերազմը: Ներքին Կարմիրաղբյուրն այս տարածքում ամենաշատ գնդակոծվող բնակավայրն է եղել, 18 զոհ է տվել, սակայն ոչ մի մետր տարածք չի զիջել:

Բազմաթիվ են ինչ-որ տեղ անտեսված ու այդպես էլ պատշաճ ուշադրության չարժանացած գյուղի հոգսերը: Թեև որոշ խնդիրներ լուծված են, սակայն կնճռոտ հարցերն ու անլուծելի խնդիրներն ավելի շատ են:

Համայնքի ղեկավար Մանվել Կամենդատյանի խոսքով`

- Մեր գյուղն ուղիղ նշանառության տակ է և այս առումով չի համեմատվում այլ գյուղերի հետ: Եթե մյուս բնակավայրերում միայն որոշ թաղամասեր են նշանառության տակ, ապա մեր գյուղն` իր ամբողջ տարածքով: Գյուղացին չի կարողանում հանգիստ հող մշակել: Դա է ամենալուրջ խնդիրը:

Բնակիչների մեծ մասը հրաժարվել է հողատարածքներից, քանի որ դրանք գտնվում են ուղիղ նշանառության տակ:

- Տները, դպրոցն ու մանկապարտեզն անմիջապես ուղիղ գծով նշանառության տակ են: Անգամ տնամերձ հողամասերը մարդիկ վախով են մշակում: Այս պահի դրությամբ գյուղի ընդհանուր հողատարածքի միայն 30 տոկոսն է մշակվում, այն էլ` վախով,- հավելում է համայնքի ղեկավարը:

Վնասների մասին կարելի է պատկերացում կազմել ընդամենը գյուղում շրջելով: Կան այնպիսի տներ, որոնք պատերազմի տարիներից ի վեր չեն վերականգնվել.

- Շատ է խոսվում վնասների մասին: Հաճախ են հարցնում` քանի՞ տանիք է վնասվել: Մենք դա արդեն վնաս չենք համարում, որովհետև այնքան ենք փոխել այդ տանիքները, նույնիսկ ձանձրացել ենք: Խնդիրն ավելի խորն է. իրական վնասն այն է, երբ չգիտես, թե գիշերն ինչ կլինի: Վնասի չափը ոչ ոք չի կարող որոշել: Մեզ միայն խաղաղություն է պետք: Առաջին հերթին պետք է դիպուկահարներին հեռացնեն, որպեսզի խաղաղ բնակչությունը կարողանա աշխատել և արարել: Մեր ժողովուրդն առաջին հերթին դրա կարիքն ունի, մենք մեծ պահանջներ չունենք: Սահմանում ապրող մարդիկ իրենց հող ու ջրից չեն կարողանում հանգիստ օգտվել: Ադրբեջանցին կրակում է իր հողը մշակող խաղաղ բնակչի վրա, երբ օձն անգամ քնած մարդուն չի խայթում,- ասում է Մանվել Կամենդատյանը:

Ներքին Կարմիրաղբյուրում հանդիպեցինք Վաչիկ Մելքումյանին, ով նախորդ տարի վիրավորվել էր հակառակորդի գնդակից: Այսօր էլ հիշում է այդ օրը` բոլոր մանրամասներով: Դեպքը տեղի է ունեցել 2012-ի հունիսի 1-ին` առավոտյան ժամը վեցին, սեփական խաղողի այգում: Մինչև հիմա դժվարությամբ է քայլում` հենակների օգնությամբ: Վաչիկը վիրավորվելուց անմիջապես հետո վիրահատվել է` սեփական միջոցներով:

- Հունիսի 2-ին վիրահատվել եմ` բացառապես իմ միջոցներով, պետությունը գումար չի տրամադրել, առաջիկա օրերին պատրաստվում եմ երկրորդ վիրահատությանը և կրկին իմ միջոցներով,- պատմում է սահմանամերձ գյուղի բնակիչը:

Ի դեպ` Վաչիկը պետության կողմից որպես թոշակ ստանում է ընդամենը 18 հազար դրամ, այն դեպքում, երբ նույնիսկ չի կարող սեփական հողը մշակել:

- Թոշակ ստացել եմ բոլորովին վերջերս, վերջին երկու ամիսը միայն. Ընդամենը 18 հազար դրամ… այդքան գումարն ինչով կարող է ինձ օգնել: Բնակիչներից շատերն այլևս հող չեն մշակում, ես նույնպես: Նախ` ի վիճակի չեմ, բացի այդ` իմ հողակտորն առաջին գծում է,- ասում է Վաչիկը` մատնացույց անելով իր հողամասը, որը սարսափելու աստիճան մոտ է հակառակորդի բնակավայրին:

- Սա է մեր կյանքը, այսպես ապրում ենք... Սա սահմանամերձ չէ, սահման է,- հավելում է Վաչիկը:

Անհասկանալի տրամաբանությամբ մեզանում սահմանամերձ գյուղերն իրենց խնդիրներով հետին պլան են մղվում` մեղմ ասած սպրդելով պետության ուշադրությունից, այն դեպքում, երբ հսկայական գումարներ են տրամադրվում ոչ այնքան առաջնահերթ համարվող խնդիրներին:

Մինչդեռ ամեն օր, ամեն ժամ հակառակորդի հայացքը թիկունքին զգալով` ապրում ու արարում է սահմանամերձ գյուղի բնակիչը, միայն իր հաստատակամությամբ ու այնտեղ ապրելու կամքով իսկ ամուր է պահում սահմանը: Իսկ հոգսերը շատ են:

Չնայած այս ամենին` գյուղապետն առանց ավելորդ լավատեսության փաստում է, որ արտագաղթի ծավալը չի մեծացել. մենք էլ փակ կողպեքներ չտեսանք…

- Վախեցող մարդն այստեղ չի մնա: Տեսնում եք, ինչքան մարդ կա դրսում: Ում էլ ասեք` չեն հավատա: Մանկապարտեզը գործում է, դպրոցը գործում է: Հակառակորդը տեսնում է այս երեխաներին, և ինքն է վախենում,- ասում է Մանվել Կամենդատյանը: 

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ