Կատարյալ ոչինչ  չի լինում 


 

Նախախնամության և հոգու կանչով` Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական բաժինն ավարտելով, նա կյանքը նվիրեց երգարվեստին: Սյուզան ՄԱՐԳԱՐՅԱՆ արվեստագետի ուղին կանխորոշված էր ի սկզբանե:

1973 թ. Հայաստանի երգչախմբային ընկերության մանկական երգչախումբ, 1977 թ.`` «Սերպանտին» վոկալ-գործիքային համույթ, 1979 թ.` Հայաստանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջի վոկալի բաժին: Նույն թվականին էլ հանդես է եկել Հայաստանի պետական էստրադային նվագախմբում:

Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային սիմֆոնիկ նվագախմբի երգչուհու առաջին ձայնասկավառակը` «Սիրո մեղեդի», թողարկվեց 1991 թ.: Այսօր արդեն երգչուհու տեսահոլովակների թիվն անցնում է երկու տասնյակը:

Աշխարհի գրեթե բոլոր երկրներում մշտապես լի համերգասրահներում են անցել նրա հյուրախաղերը: Հանգամանք, որը լավագույն գնահատանքն է երգչուհու արվեստի:

- Ի՞նչն է Ձեզ զարմացնում և զայրացնում:

- Մեր օրերում շատ դժվար է մարդուն ինչ-որ բանով զարմացնել: Զարմանում եմ, երբ տեսնում եմ, թե մեզանում բարությունը որքան քիչ է: Զայրանում եմ, երբ բախվում եմ ստի ու կեղծիքի:

- Ամենից ավելի ի՞նչն եք կարևորում կյանքում:

- Ամենից կարևորը, իհարկե, ընտանիքն է, հարազատներիս առողջությունը, հայ մարդուն բարեկեցիկ տեսնելը: Այն ամենը, ինչ կա մեր շուրջը` կարևոր է: Յուրաքանչյուր ձեռք բերվածի վրա պետք է դողալ, գնահատել, պահպանել:

- Ձեր կյանքի ամենամեծ սխալը:

- Յուրաքանչյուր սխալից հետո դրան հետևող իրադարձություն է լինում, և որքան էլ զղջում ես, միևնույն է հասկանում ես, որ միգուցե դա պետք է լիներ: Փորձում եմ շատ սխալներ չգործել: Ես շատ զգայուն մարդ եմ և ամենաչնչին բաները կարող եմ սխալ համարել: Սխալներից վախենալ պետք չէ. գուցե հենց դա է իմ ամենամեծ սխալը:

- Ասում են` մանր-մունր ստեր կան, որ փրկում են կործանարար ճշմարտությունից: Պատահե՞լ է, որ Դուք ևս ստիպված եք եղել ճիշտը չասել:

- Որքան էլ ստին դեմ եմ, բայց, իսկապես, հանդիպում են իրավիճակներ, երբ ստիպված ես լինում փոքրիկ սուտիկներ ասել: Երբ լավ չես զգում, ցանկություն չունես ինչ-որ նկարահանման կամ որևէ այլ միջոցառման մասնակցել, ստիպված ես լինում ինչ-որ բան հորինել` որքան էլ այդ պահին դժվար է: Ընկերուհիներով զրուցելիս մեզ հաճախ բռնեցնում ենք այդ սուտիկների վրա: Թեև սուտ խոսելն, իհարկե, գեղեցիկ և ցանկալի չէ:

- Ի՞նչ կփոխեիք Ձեր մեջ կամ եթե նորից ծնվեիք...

- Շատ եմ զգացմունքային: Արձագանքս շատ բուռն է: Եթե ընտանիքիս անդամների հավասարակշռությունը չլիներ, ինձ համար ամեն ինչ ավելի դժվար կլիներ: Շատ հարցերում կցանկանայի սթափությունս պահպանել: Պահի տակ պոռթկումներ լինում են: Նույն իրավիճակում կողքիս մարդիկ կարող են շատ հանգիստ արձագանքել այս կամ այն խոսքին, փաստին, բայց իմ արձագանքը բուռն է ստացվում:

-Ճակատագիր կա՞, թե՞ մարդը ինքն է տնօրինում իր կյանքը:

- Ճակատագրի գործոնը կա´, իհարկե, և դրանից խուսափել չենք կարող: Բայց կան քայլեր, որոնց հետևանքները մենք կանխավ զգում ենք և ըստ այդմ էլ ճակատագրին կողմ կամ դեմ ենք գնում:

Ճակատագիրը որոշակիորեն փոխել հնարավոր է` խոհեմ և հետևողական լինելու դեպքում: Մենք ուսում ենք ստանում, աշխատում ենք, փորձ ձեռք բերում, նաև ուրիշի փորձից դասեր քաղում: Եվ եթե անգամ ճակատագիրը մեզ համար լավը չի նախատեսել, պե´տք է պայքարենք: Ճակատագրի քմահաճույքները տանելը դժվար է:

- Կինը գեղեցկությա՞մբ, թե՞ խելքով է հասնում հաջողությունների:

- Նախևառաջ իր կանացիությամբ: Կինը յուրաքանչյուր իրավիճակում չպետք է կորցնի իր կերպարը: Ես չեմ հավատում, որ ամենաթույլ տղամարդն անգամ կցանկանա իր կողքին տեսնել տղամարդկային գծերով օժտված կնոջ: Կնոջ զենքը կանացիությունն է: Ես գիտեմ իդեալական դիմագծերով կանանց, ովքեր լիակատար կանացի են և հենց դրանով էլ ուժեղ են:

- Ո՞րն է Ձեր սիրելի, նախընտրելի զբաղմունքը:

- Շատ հեշտ կարողանում եմ ինձ համար զբաղմունք գտնել: Շատ սիրում եմ տունը, որտեղ մի´շտ անելիք կա: Կարող եմ իրեր պատրաստել, կարդում եմ, խաչբառների մեծ սիրահար եմ: Էլեկտրոնային խաղեր եմ սիրում խաղալ: Շատ սիրում եմ նաև խոհանոցը:

-Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային :

- Կյանքը ամբողջությամբ առեղծված է: Ինչո՞ւ ենք ծնվել, ինչո՞ւ ենք ապրում, ինչո՞ւ ենք մահանում:

Առեղծված է բնությունը, որի առջև մարդն անզոր է: Ես գիտեմ, որ շատ հարցեր կան, որոնց պատասխաններ երբևէ չեմ ունենալու: Ինչո՞ւ են մարդիկ պատերազմում, ինչպե՞ս կարող է երեխան ծնողի վրա ձեռք բարձրացնել և էլի շատ հարցեր: Առեղծված է նաև մերօրյա տեխնիկական առաջընթացը, որը չգիտեմ` լավ է, թե՞ վատ:

- Հեշտությա՞մբ եք կարողանում ներել:

- Ներողամիտ եմ: Իմ հանդեպ թույլ տրված սխալները կարողանում եմ նաև մոռանալ, կարողանում եմ ներել: Բայց երեխայիս նկատմամբ անարդարությունը չեմ կարողանում ներել: Նույնիսկ ամենավատ զավակի դեպքում մայրը միշտ վահանի դերում է, հատկապես երբ գիտե զավակի ազնվությունը, մարդասիրության աստիճանը, շնորհքը: Այդ պարագայում, գուցե ներողամիտ չլինեմ:

- Դուք Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք: Կատարյալ երջանիկ լինելու համար ի՞նչն է պակասում:

- Կատարյալ ոչինչ չի լինում: Դա մարդու ձգտումն է: Մարդը ծնված օրվանից ձգտում է իր շուրջն ամեն ինչ կատարյալ դարձնել, կամ գոնե մոտենալ դրան: Միգուցե դա ձանձրալի էլ կլիներ: Երջանկությունը մարդկային հարաբերությունների շղթա է: Շատերը պնդում են, թե իրենց կատարյալ երջանիկ լինելու համար միայն նյութականն է պակասում: Շատ ապահով ընտանիքներ դժբախտ են, քանի որ պարզ մարդկային հարաբերությունների գիտակցումը չունեն: Նյութականը ինձ համար միշտ եղել է վերջին պլանում: Երջանկություն կարելի է գտնել ամենապարզ բաների մեջ:

- Ինչի՞ համար եք ափսոսում:

- Ափսոսում եմ, որ շատ երեխաներ չեմ ունեցել: Ես էլ, ամուսինս էլ շատ երեխասեր ենք: Հաճախ, երբ լռության մեջ նստում ենք, երկուսիս մտքում էլ նույն բանն է` ինչու՞ շատ երեխաներ չունեցանք: Ափսոսում եմ այն ժամանակի համար, որ բաց ենք թողել: Միգուցե սա էլ ճակատագիր էր: 

Մարգարիտ ՍԱՔՈՒԼՅԱՆ