ԽՈՍՏՈՎԱՆԵ˜Ց


 

ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանն օրերս հաստատել է մինչ այդ իր և իր կուսակիցների կողմից համառորեն հերքվող տեղեկությունները, թե այս քաղուժը ընտրակաշառք ու հատկապես մուրաբա է բաժանում:

- Ինչ ունեցել ենք, դա ենք բաժանել,- հայտարարել է տիկին Բիշարյանը` հավանաբար ակնարկելով, որ մուրաբայի խմբաքանակներն ՕԵԿ-ում արդեն սպառվել են, և առաջիկայում ընտրազանգվածն այլ անակնկալների կարող է սպասել:

Այսուհանդերձ, ՕԵԿ փոխնախագահը նաև «Բարի ախորժակ» է մաղթել մուրաբան համտեսել նախատեսող մեր հայրենակիցներին, թեև նրանք, ովքեր արդեն հասցրել են վայելել «Օրինաց երկրի» ընտրակաշառքը, խոստովանում են, որ մուրաբան բավական անհամ է:

Ի դեպ, կոալիցիոն այս կուսակցությանը մոտ կանգնած շրջանակները հավաստիացնում են, որ սուրճի, օղու, հյութերի ու, ի վերջո, մուրաբայի տեսքով ընտրակաշառք բաժանելու որոշում ՕԵԿ-ում կայացվել է նաև այս քաղուժի ղեկավար կազմին պատկանող ձեռնարկություններում պատրաստվող տեսականին այսկերպ իրացնելու ու ճանաչելի դարձնելու նպատակով: Եվ չնայած գովազդն արդեն հակագովազդի է վերածվել, այսուհանդերձ «Օրինաց Երկրի» գլխավոր գրասենյակի դեմ-դիմաց գտնվող գովազդային ցուցանակին արդեն իսկ փակցվել է նաև «Հայասի» գովազդը: Այս հարցը հերթական ընտրություններից առաջ բավական արագ են լուծել, քանի որ մինչ այդ իրենց նախկին կուսակից, իսկ այժմ բարգավաճող Ս. Բալասանյանի «Գյումրի» գարեջրի գովազդը երկար ժամանակ նյարդայնացնում էր պատուհանից նայող կամ գրասենյակ ելումուտ անող օրինացերկրականներին: