«ԱԶԱՏ ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻՆ» «ՓՉԱՑՐԵԼ» ԵՆ


 

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը ստեղծվել է որպես արևմտյան նախագիծ և նպատակ ունի հենարան դառնալ «Ժառանգություն» կուսակցությանը` այսպիսով ապահովելով արևմտյան արժեքների ներկայությունը Հայաստանի քաղաքական դաշտում: Սա այսօր արդեն անառարկելի ճշմարտություն է: Սակայն, ինչպես պարզվում է` այս նախագիծը կյանքի է կոչվել կուսակցության մի շարք անդամների թիկունքում` նրΖանց դարձնելով ինքնատիպ պատանդներ: Այս մասին հիմա արդեն շատերն են խոսում, իսկ կուսակցության հիմնադիր անդամներ Արարատ Զուրաբյանն ու Գառնիկ Գևորգյանն էլ համարվում են մեծագույն խաբվածները, քանի որ «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբել յանը, ըստ էության, խաբել է իր գործընկերներին ու գործել նրանց թիկունքում: Խնդիրն այն է, որ «Ազատ դեմոկրատներն» ի սկզբանե ցանկացել են ընտրություններին մասնակցել առանձին ցուցակով` այսպես փորձելով քաղաքական դաշտում հաստատել իրենց ներկայությունը: Հետո արդեն «հրահանգվել» է դաշինք ձևավորել «Ժառանգության» հետ, որը, հավանաբար, գործելու է իշխանության հետ համագործակցված: Դաշինքի փոխարեն, սակայն, «Ազատ դեմոկրատները» դարձել է «Ժառանգության» կցորդը: Ապացույց` Խաչատուր Քոքոբելյանի կուսակիցներն ընդգրկվել են «Ժառանգության» ցուցակում և ընտրություններին մասնակցելու են որպես Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցության անդամներ: Հենց այս հանգամանքն էլ վիրավորել է մոլի ՀՀՇ-ական Արարատ Զուրաբյանին, ով հասկացել է, որ ինքն ու մյուսները հայտնվել են թակարդում:

Այս ամբողջ պատմության մեջ տարօրինակն այն է, որ «Ազատ դեմոկրատների» առաջնորդ Խաչատուր Քոքոբելյանը գործել է միայնակ` հաշվի չնստելով իր կուսակիցների կարծիքների հետ, ուշադրություն չդարձնելով այն հանգամանքին, որ քաղաքական խաղերը կարող են մի պահի բացահայտվել: Ավելին, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հիմա մի շարք խաբված դեմոկրատներ պատրաստվում են լքել կուսակցությունը, կարող ենք եզրակացնել, որ քաղաքական որոշակի ճանապարհ դեռ չանցած` «Ազատ դեմոկրատներն» արդեն «մահանում» է` ձուլվելով «Ժառանգությանը»: Չենք կարծում, թե այս իրականությունը ձևավորվել է հանկարծակի կամ էլ` պատահաբար: Սա վաղօրոք մշակված սցենար է, որի նպատակն է եղել միավորել այսպես կոչված ժողովրդավարական ուժերին և ստեղծել իմիտացիոն ընդդիմություն, որը չգիտես, թե ում ջրաղացին է ջուր լցնելու: Ուրեմն, նախընտրական շրջանում մենք արդեն ունենք այնպիսի իրավիճակներ, որոնք ընտրողներին պիտի ստիպեն լրջորեն մտածել ընտրությունների մասին և հասկանալ, որ Հայաստանում ոչ թե գաղափարներն են ձևավորում ընտրությունների փիլիսոփայությունը, այլ միայն ու միայն հատվածական շահերը: