Վերստին` համացանցային և վիրտուալ ծուղակներ


 

Տեղեկատվական բարձր տեխնոլոգիաներն այսօր մուտք են գործել տնտեսության բոլոր բնագավառները. սոցիալական ցանցերից օգտվում են միլիոնավոր մարդիկ, ավտոմատացվում են արտադրական գործընթացներն ու կառավարման համակարգերը: Այլ կերպ ասած` պետական կառավարման ու տնտեսության կենսագործունեության հիմնական ճյուղերը էապես կախված են տեղեկատվական տեխնոլոգիաներից: Իսկ ամենակարևորը` գիտության այս նվաճումը հանգեցրեց նոր հանցագործությունների` համաշխարհային պրակտիկա ներմուծելով «կիբեռհանցագործություն» տերմինը:

Ներկայացվող դեպքերը, որոնք վերջին շրջանում տեղ են գտել ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերում, նպատակ ունեն ընթերցողներին տեղեկացնել ինտերնետային ծանոթությունների կայքերում արձանագրվող խարդախությունների նորահայտ տարատեսակներին և նրանց զերծ պահել հնարավոր գայթակղություն ներից ու ծուղակներից:

 

Վերստին` համացանցային և վիրտուալ ծուղակներ

Մարտի 29-ին ոստիկանության Սիսիանի բաժին է ներկայացել 25-ամյա Աննա Մ.-ն և հայտնել, որ սոցիալական www.odnoklΖssniki.ru ցանցով օրեր առաջ ծանոթացել է Հարութ Առաքելյան անուն-ազգանունով երիտասարդի հետ: Նամակագրություն են վարել, որոշ ժամանակ անց աղջիկը սկսել է համակրել տղային, իսկ Հարութն էլ ավելի անկեղծանալով` ներկայացել է որպես գաղութ-բնակավայրերից մեկի դատապարտյալ և իր ազատման հարցը կարգավորելու համար աղջկանից պարտքով գումար է խնդրել` վերադարձնելու պայմանով:

Աղջիկը մարտի 26-ին և մարտի 27-ին «ՎՏԲ Հայաստանբանկ»-ի Սիսիանի մասնաճյուղից ընդհանուր հաշվով 327.000 դրամ գումար է փոխանցել տղայի նշած հաշվեհամարին, որից հետո նամակագրական կապը խզվել է:

Պարզվել է, որ երիտասարդի նշած գաղութ-բնակավայրում նման անուն-ազգանունով անձնավորություն չկա:

Ու մինչ ոստիկանները միջոցառումներ են ձեռնարկում Հարութ Առաքելյանի անձը պարզելու և նրան հայտնաբերելու ուղղությամբ` Մեծ Բրիտանիայից ստացվեց այդ երկրի քաղաքացի Մարկ Լիուենի նամակն այն մասին, որ ինքը www.ΗΖtch.coΗ ծանոթությունների կայքի միջոցով ծանոթացել է ոմն Նաիրա Գ.-ի հետ, ով Անգլիա այցելելու և մտերմություն հաստատելու պատրվակով իրենից գումարներ է խնդրել:

«MoneygrΖΗ» դրամական համակարգի միջոցով Նաիրա Գ.-ի անվամբ նա մաս-մաս փոխանցել է շուրջ 1.760 եվրո գումար, սակայն վերջինս չի կատարել խոստումը, խզել է կապերն իր հետ և խաբեությամբ տիրացել է նշված գումարներին:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ՀՀ-ում վերը նշված գումարները Գյումրի քաղաքի տարբեր բանկերից ստացել է Շիրակի մարզի գյուղերից մեկի բնակչուհի, 1987 թ. ծնված Նաիրա Գ.-ն:

Պարզվել է նաև, որ ինտերնետային խարդախություններում ներգրավված է եղել նաև Նաիրայի ամուսինը` Գոռ Ա.-ն: Խարդախ զույգը Հայաստանի տարբեր բանկերից ստացել է «մինչև ականջների ծայրը» Նաիրային սիրահարված և մի շարք «երկրպագուների» կողմից նրա անվամբ ուղարկված գումարները, ընդհանուր առմամբ շուրջ 20.000 ԱՄՆ դոլարի դրամական փոխանցումներ:

Ինտերնետային խարդախության հաջորդ դեպքն արձանագրվել է ոստիկանության Կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունքում. վերջերս այնտեղ դիմած քաղաքացու հին հայտնում էր, որ փետրվարի 26-ին ինտերնետային կայքի միջոցով ծանոթացել էր ոմն Կարենի հետ: Ոսկերիչ ներկայացած Կարենը հայտնել էր իբր բնակվում է Լեռնային Ղարաբաղում: Ինտերնետային հաճոյախոս երիտասարդը որոշ ժամանակ անց զանգահարում և գումար է խնդրում աղջկանից:

Պահանջված յոթանասունհինգ հազար դրամը դյուրահավատ աղջիկը տալիս է ոմն Գուրգենի, ով իբր Կարենի զարմիկն էր: Հետո «ոսկերիչ» երիտասարդին աղջկա զարդերն էին պետք եկել, ու դրանք էլ էր ստացել: Հերթը հասել էր «Նոութբուք»-ին. այս պահանջն արդեն ուղեկցվել էր սպառնալիքով: Վերջապես հասկանալով, որ խաբված է` աղջիկը դիմել էր ոստիկանություն:

Ոստիկանության աշխատակիցները, խարդախության կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին բուհերից մեկի ուսանող Գուրգեն Պողոսյանին: Պարզվեց, որ ոմն Կարենը Վալերի Հովսեփյանն էր` Գուրգեն Պողոսյանի ընկերը: Հենց նրա մտահղացումն էր այս խաբեությունը:

Ոստիկանության Մաշտոցի բաժին դիմած քաղաքացուհին հայտնում էր, որ www.odnoklΖssniki.ru ինտերնետային կայքի միջոցով ծանոթացել է ոմն Կարենի հետ (նախորդ Կարենի հետ առնչություն չունի, պարզապես զուգադիպություն է): Համակարգչային ծանոթությունը տևել էր մի քանի օր, իսկ հետո Կարենը էլեկտրոնային հասցեին էր ուղարկել աղջկա` մերկ վիճակում արված լուսանկարը և սպառնացել, որ կտարածի կայքերում, եթե իրեն չվճարի երկու հարյուր հազար դրամ: Քաղաքացուհին պնդում էր, որ ֆոտոշոփով արված կեղծիք է. համակարգչից վերցվել էր իր դիմանկարը և կցվել ուրիշի մերկ մարմնի պատկերին:

Աղջիկը պահանջվող գումարը չուներ ու դրա դիմաց «Նոութբուք» համակարգիչն էր առաջարկել, սակայն Կարենը պահանջել էր համակարգչին գումարել հարյուր քառասուն հազար դրամ: Պայմանավորվել էին հանդիպել մետրոպոլիտենի «Շենգավիթ» կայարանի մոտ:

Համակարգիչն ու գումարը հանձնելու պահին էլ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մաշտոցի բաժնի աշխատակիցները ձերբակալեցին ու բերման ենթարկեցին Կարեն Շահգելդյանին:

(Շարունակելի)