ԳՐԱՆՑՎԵՑԻՆ


 

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ավարտեց համամասնական ընտրակարգով ներկայացված ցուցակների ուսումնասիրությունները, այդ ցուցակներից հանեց ոչ անհայտ Խաչատուր Սուքիասյանին և «Օրինաց երկրի» երկու թեկնածուների: Գրանցելով ցուցակները` հնարավորություն տրվեց բոլոր քաղաքական ուժերին` ապրիլի 8-ից սկսելու քարոզչությունը: ԿԸՀ-ն գրանցել է Հայաստանի Հանրապետական, «Բարգավաճ Հայաստան», Հայաստանի Դեմոկրատական, «Օրինաց երկիր», «Ժառանգություն», Հ. Յ. Դաշնակցություն, «Միավորված Հայեր» և Հայաստանի Կոմունիստական կուսակցությունները, ինչպես նաև «Հայ Ազգային Կոնգրես» դաշինքը:

Գրանցվածների մեջ հստակ է Հայաստանի Դեմոկրատական կուսակցության դիրքորոշումը. այս կուսակցությունը հակված է, որ Հայաստանը վերածվի Ռուսաստանի գործընկերոջ: Սա, թերևս, Հայաստանի և տարածաշրջանային շահերից բխող դիրքորոշում է, որովհետև բացառելով Ռուսաստանի ներկայությունը տարածաշրջանում` մենք կարող ենք արձանագրել լուրջ կորուստներ, կորցնել կայուն հենարաններ: Այս տարիների ընթացքում ռուսաստանյան որոշ քաղաքական գործիչներ և մասնավորաբար դեռևս գործող նախագահ Դմիտրի Մեդվեդևը ստիպել են հիասթափվել Ռուսաստանից, նկատել ծածուկ և կուլիսային խաղեր, անգամ համոզվել, որ ՌԴ նախագահը պատրաստ էր Ադրբեջանին «նվիրել» Ղարաբաղը: Սակայն Վլադիմիր Պուտինի վերադարձը նախագահի աթոռին, մի շարք առողջ ռուսաստանյան քաղաքական ուժերի դիրքորոշումներ հուշում են, որ Ռուսաստանն ինքն էլ շահագրգռված է Հայաստանի հետ ունենալ հորիզոնական հարաբերություններ: Դեմոկրատական կուսակցությունը չի ժխտում երրորդ ուժերի ներկայությունը, սակայն առավել կարևորում է Հայաստան-Ռուսաստան գործակցությունը: Այս հանգամանքը պետք է որ անտարբեր չթողնի մեր երկրի կայունությամբ մտահոգ ուժերին, որոնք, անշուշտ, ձայն կտան Դեմկուսի օգտին:

Այս ցուցակում անակնկալ և անսպասելի ոչինչ չկա. բացի «Միավորված հայերից», մյուս բոլոր ուժերը քաջածանոթ են մեր հանրությանը, նրանք են հիմնականում այն կուսակցությունները, որոնք վերջին տարիներին ձևավորել են քաղաքական զարգացումները, մասնակցել տարբեր ընտրությունների և հանդես եկել որպես գլխավոր ֆավորիտներ: Այս ցուցակում «աչք է շոյում» Կոմկուսի ներկայությունը, քանի որ շատերն այլևս հույս չունեին, թե Հայաստանի կոմունիստները կփորձեն մասնակցել ընտրությունների: Այս համոզումը պատճառաբանված էր կոմունիստական գաղափարների գրեթե բացակայությամբ, Հայաստանում այս կուսակցության հանդեպ եղած հետաքրքրության մերժմամբ: Բայց, հավանաբար, ոգեշնչվելով Ռուսաստանում Գենադի Զյուգանովի ու նրա ղեկավարած կուսակցության հաջողություններով, լենինյան գվարդիայի հայ ներկայացուցիչները ևս որոշել են հաղթական քայլերով կոմունիզմ որոնել: Բայց մեր թոշակառու կոմունիստները երևի չգիտեն, որ ռուսաստանյան իրենց գաղափարակիրները շատ վաղուց դարձել են իշխանության սպասարկուն, նրանցից շատերն իրենց ունեցվածքով չեն զիջում ամենահարուստ ռուս օլիգարխներին: Իսկ Գենադի Զյուգանովի ունեցվածքը չի զիջում Մոսկվայի նախկին քաղաքապետ Լուժկովի ունեցվածքին: Կարճ ասած, ռուս կոմունիստների համար քաղաքականությունը միջոց է` սեփական բիզնեսն առաջ մղելու և հարստություններ կուտակելու համար, իսկ մեր խեղճ հայ կոմունիստներն անգամ երբեմն ծխախոտի փող չեն ունենում: Նրանք նաև հանրության շրջանում աջակիցներ չունեն, որովհետև վաղուց արդեն ոչ ոք չի հավատում կոմունիզմի գաղափարին:

Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Ավագյանը, հանդիսանալով այս կուսակցության առաջնորդը, հույս ունի, որ գալով խորհրդարան, իրենք են Հայաստանում ճշմարիտ սոցիալ-իրավական, ժողովրդավարական պետություն և քաղաքացիական հասարակություն ստեղծելու: Կարծես թե կրկնվում են «Օրինաց երկրի» կարգախոսներն ու կոչերը, բայց այս կուսակցությունում համոզված են, թե իրենք են դառնալու ժողովրդի կողմից վստահված անձինք:

Թե ո՞ւմ ձայն կտա ժողովուրդը և ո՞վ կդառնա պատգամավոր` կիմանանք մայիսի 6-ից հետո, իսկ հիմա նշենք մի կարևոր հանգամանք: Քարոզարշավը սկիզբ է առնում ապրիլի 8-ին` Սուրբ Հարության օրը: Ապրիլի 9-ին մեռլոց է: Այսինքն, քարոզչության ելնող ուժերը կորցնելու են 2 օր:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ