ՊԱՌԱԿՏՎԵԼՈ՞Ւ ԵՆ


 

Վերջերս ստեղծված և առաջիկա ընտրություններում «Ժառանգության» կուսակցության հետ համատեղ դաշինքով մասնակցող «Ազատ դեմոկրատներ» (անազատ դեմոկրատնե՞ր էլ են լինում) կուսակցության նախընտրական ցուցակի շուրջ առաջացած տարաձայնությունները չնայած ժամանակավորապես սառեցվել են, բայց մայիսի 6-ից հետո խոստանում են հանգուցալուծվել: Հավանական է, որ նորաստեղծ կուսակցությունն առաջիկայում պառակտվի, և «Ազատ դեմոկրատների» շարքերը լքեն Արարատ Զուրաբյանն ու Գառնիկ Գևորգյանը: Ինչպես հայտնի է, դաշինքի ցուցակը կազմելիս այս մարդկանց նույնպես ինչպես ասում են լավ չվերաբերվեցին, ինչի արդյունքում էլ հակասությունները սրվեցին ոչ այնքան Րաֆֆի Հովհաննիսյանի, այլ Խ. Քոքոբելյանի և Ալ. Արզումանյանի հետ:

Զուրաբյանն ու Գևորգյանը վերջիններիս մեղադրում են «Ժառանգության» առաջնորդի բոլոր առաջարկների հետ լռելյայն համաձայնելու համար: Հայտնի է նաև, որ «Ազատ դեմոկրատների» վարչության որոշ անդամներ «Ժառանգության» հետ համատեղ ցուցակը ԿԸՀ ներկայացնելուց առաջ Խ. Քոքոբելյանին ու Ալ. Արզումանյանին հորդորել են փոխել ընտրություններին դաշինքով մասնակցելու որոշումը և առանձին ցուցակ հրապարակելով` միայնակ մասնակցել ԱԺ ընտրություններին: Անարդյունք մնացած այս ջանքերը հատկապես Ա. Զուրաբյանի համբերության բաժակն են վերջնականապես լցրել, ու նա կուսակցությունից դուրս չի գալիս` միմիայն նախքան ընտրությունները կուսակցությունը պառակտած չլինելու համար: