ԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐԻ ՈՒ ԲԱՆՏԱՐԿՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂՈՒՄ


 

 

Ինչպես հայտնի դարձավ` Հայ ազգային կոնգրեսի համամասնական ցուցակի «անցողիկ» տեղերում արդեն ընդգրկվել են Աշոտ Զաքարյանը, Մուշեղ Սաղաթելյանը, Սափեյան եղբայրները, Ռաֆիկ Մկրտչյանը, Հուսիկ Բաղդասարյանը... Արտառոց ոչինչ չկա, որ Կոնգրեսի ակտիվիստները տեղեր են զբաղեցրել ցուցակում: Ավելին, ըստ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Զ. Սարգսյանի` նրանք արդեն կարող են նշել իրենց հաղթանակը: Այստեղ արտառոցն ու ինքնատիպն այս անձանց կենսագրություններն են:

Առաջին հայացքից` բոլորը հանդիսանում են «քաղբանտարկյալներ», մի քանիսը` կրկնակի բանտարկյալներ: Բայց...գնդապետ Աշոտ Զաքարյանը տևական ժամանակ Ռազմական ոստիկանության Գյումրու բաժնի պետն էր, ինքն էր ձերբակալում մարդկանց և ուղարկում ազատազրկման վայրեր: Գնդապետ Մուշեղ Սաղաթելյանը Ներքին գործերի Շիրակի վարչության պետն էր, իսկ հետո արդեն նշանակվեց Կալանավայրերի վարչության պետ` Հայաստանի գլխավոր բանտապետ: Սափեյան եղբայրները, Ռաֆիկ Մկրտչյանը և Հուսիկ Բաղդասարյանն էլ եղել են կալանավորներ...

Եթե, իսկապես, այս մարդիկ հայտնվեն խորհրդարանում, ապա Հայ ազգային կոնգրեսի խմբակցությունը շատ հետաքրքիր տեսք կունենա` կազմված բանտարկյալներից ու բանտարկողներից: Եթե նրանց ավելացնենք նաև Գագիկ Ջհանգիրյանին, ապա կունենանք իր տեսակի մեջ եզակի խմբակցություն... Ի դեպ, բանտարկյալներ են եղել նաև ՀԱԿ համամասնական ցուցակում արդեն տեղ գրաված Պետրոս Մակեյանը, Նիկոլ Փաշինյանը, ՆԳՆ-ից ժամանակին հեռացված Հովիկ Արսենյանը, ուրիշներ: Ավելացնենք, որ Հուսիկ Բաղդասարյանը Արամ Զ. Սարգսյանի թիկնազորի պետն է...