ՄԵՐ ՀԻՆ ԲԱՐԵԿԱՄ ԳՈՒԺ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ


 

ծննդյան 75-ամյակի առթիվ

Գուժ Մանուկյանի մասին առաջին հրապարակումները մեր թերթում են հրապարակվել: 1960-70-ականներին նա հանդիսացել է մեր ընթերցողների ամենասիրելի երիտասարդ դերասանը, ում հետ բազմաթիվ հարցազրույցներ են տպագրվել: Երբ տեղեկացրեցինք, որ կամենում ենք իր ստեղծագործական դիմանկարին անդրադարձ կատարել` շատ ուրախացավ, հրճվեց: Իսկ երբ կարդաց ստորև ներկայացվող բնութագրական ակնարկը, ասաց.

- Այսպես միայն «Ավանգարդը» կարող էր ներկայացնել ինձ...

Շնորհավորելով սիրված դերասանին` մաղթեցինք ամենակարևորը` առողջություն: Ժպտաց.

- Դա մեր օրերում ամենադեֆիցիտ բանն է:

Դերասանը մտաբերում է իր ապրած տարիները, իր ստեղծագործական ընթացքն ու, ինքն իրեն զարմանալով, ասում.

- Պարզվում է, որ լավ էլ առողջ եմ մնացել այսքան ժամանակ, չեմ թեքվել ու չեմ տրտնջացել: Դե, եթե այսքան տարի կարողացել եմ մնալ բեմում և էկրանին` նշանակում է, որ առողջության հետ խնդիր չունեմ: Բայց եթե ավելցուկ լինի առողջության` չեմ դժգոհի....

Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, պետական մրցանակի դափնեկիր Գուժ Մանուկյանը Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի երևելի դեմքերից է: XX դարավերջի ազգային բեմարվեստի և կինոարվեստի պատմության մեջ սեփական հետագիծն հաստատած դերասան, ում ստեղծագործական ընթացքի համար էլ բախտորոշ և նշանակալի եղան 1960-ական թվականները, որոնք մեկընդմիշտ մեր մշակույթի պատմություն մտան որպես մեծ հեղաբեկումների և ճշմարիտ հեղափոխակա նության, ազատության և վերելքի, «խրուշչովյան ձնհալի» տարիներ: Դրանք իրատես համարձակությամբ հակադրվեցին խորհրդային պետության մեջ արմատավորված «մեծ վախի» ու կապանքումների ժամանակաշրջանին, ստալինյան բռնությունների տարիներին:

Ստեղծելով Երևանի դրամատիկական թատրոնը, Հրաչյա Ղափլանյանը կարևոր և առաջնային համարեց նորի, առաջավորի հաստատումը: Հրաժարվելով ավանդական-հնա ցած գեղարվեստական և գեղագիտական շատ դրույթներից, նա գլխավոր համարեց ավանդույթի և նորարարության միավորումը, ինչը բնավ էլ մեքենայական գործընթաց չէր, այլ գեղագիտական որոշակի հայեցակարգերի վրա կառուցվող հիմնարար աշխատանք: Հր. Ղափլանյանի գերնպատակը ռեժիսորական և դերասանական թատրոնների մեկտեղումն էր, մեկ ամբողջության ստեղծումը, ուր ռեժիսորական նորարարության նյութը դերասանական նոր և ինքնահատուկ արտահայտչականությունն էր լինելու: Իր այս ծրագրի իրականացման համար էլ ականավոր բեմադրիչը թատրոն հրավիրեց ինչպես երիտասարդ, թատրոնի մասին դեռ սակավ պատկերացումներ ձևավորած երիտասարդների (Վիոլետա Գևորգյան, Էվելինա Շահիրյան, Արթուր Ութմազյան, Անահիտ Թոփչյան, Թորոս Խաչատրյան...), այնպես էլ արդեն ստեղծագործական որոշակի ճանապարհ անցած դերասանների` Լևոն Թուխիկյանին, Էմմա Վարդանյանին, Արծրունի Հարությունյանին, Իշխան Ղարիբյանին, Հանրի Զարյանին, Աննա Պետրոսյանին, Ռաֆայել Քոթանջյանին, Վլադիմիր Մսրյանին, Օթար Տեր-Հովհաննիսյանին, Բարխուդար Ղազիյանին, Քաջիկ Բարսեղյանին, ուրիշների, որոնցից մի մասի հետ նա ստեղծագործական հետաքրքիր ճանապարհ էր անցել Երևանի պատանի հանդիսատեսի և Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոններում: Փորձառու, սեփական կենսագրության կորագծերն արդեն որոշակիորեն հաստատած դերասանների մեջ էր նաև Գուժ Մանուկյանը, ով իր առաջին իսկ դերակատարմամբ դարձավ հանդիսատեսի սիրելին, թատրոնի առաջատար դերասանը: Նա նաև իրենով պայմանավորեց մի շարք բարդագույն գեղարվեստական խնդիրների լուծումներն այս թատրոնում: Նրա ստեղծագործության քառասունից ավելի տարիները կապակցվում են Հրաչյա Ղափլանյանի հիմնադրած թատրոնին, սակայն Գուժ Մանուկյանը չի սահմանափակվել իր թատերական գործունեությամբ միայն` խաղալով նաև մի քանի տասնյակ դերեր հեռուստաթատրոնում, նկարահան վելով 20-ից ավելի ֆիլմերում:

Թե´ թատրոնում, թե´ կինոյում ու հեռուստաէկրանին Գուժ Մանուկյանը հաստատել է սեփական ոճը, արտահայտչականությունը, այն թեման, որն իր բազմաթիվ կերպավորումների շարժիչ ուժն ու առաջմղիչն է եղել: Մի ողջ ժամանակաշրջան` յուրատիպորեն հաջորդելով Խորեն Աբրահամյանին` նա դարձել է նոր տիպի հերոսի և հերոսականի կրողը թատրոնում և էկրանին, հաստատել կամային ու սեփական աշխարհայացքն ունեցող, երբեմն նաև դեպի մելոդրամատիկական երանգներն ու զգացողությունները ձգտող հերոսի ժամանակը:

Շատ հաճախ ժխտելով ու մերժելի համարելով ցայտուն բնութագրականությունը, խույս տալով կենցաղային մանրամասներից` Գուժ Մանուկյանը արվեստ բերեց ռոմանտի կական հերոսի նոր նախատիպին. այն անհատին, ով երբեք չի կորցրել պատանեկան եռանդն ու ոգևորությունը, աշխարհը նորովի ու երբեմն էլ զարմացած աչքերով բացահայտելու թանկ հատկությունը: Ուրեմն, բնավ էլ պատահական չէ, որ Գուժ Մանուկյանը երբեք չկորցրեց իր ստեղծագործության հանդեպ գոյավորված հետաքրքրությունը, միշտ մնաց հանդիսատեսին սիրելի դերասան և սիրված անուն: Երբեմն ընկալվեց որպես հերոս-իդեալ: Նա բեմում և էկրանին ներկայացնում է կյանքին հավերժորեն սիրահարված և մշտապես ինքնահաստատման ձգտող հերոսին` պաշտպանելով նրա կեցության և ճշմարտության իրավունքը, այն մեծ ճշմարտությունը, ինչի շնորհիվ չի երկնչել, չի բեկվել, չի կորցրել իրականության հետ աղերսներ ձևավորող շոշափուկները: Եթե երկնչել էլ է, ապա դա եղել է ժամանակավոր, միայն ու միայն ժամանակով պայմանավորված: Նրա հերոսները կռվել ու կռվում են ժամանակի, դրա հաստատած մերժելի հայեցադրույթների դեմ, մշտապես հաստատում պայքարից ծնունդ առնող երջանկության գաղափարը: Նրա վերջին տարիների դերասանական աշխատանքներում հատկապես ակնբախ է այդ պայքարի գաղափարը...

...Հիմա թատրոնում նշանավոր դերասանը փորձում է Բեռնարդ Սլեյդի «Ռոմանտիկ պատմության» գլխավոր հերոսի դերը: Բեմադրիչը Ժան Նշանյանն է, ում շատ է սիրում և շատ հավանում: Ասում է, որ Ժանի հետ շատ հետաքրքիր է աշխատել: Իր հետ նույնպես հետաքրքիր է աշխատել, որովհետև իսկապես վարպետ դերասան է. մեկը նրանցից, ովքեր կապակցում են մեր թատրոնի երեկն ու այսօրը: Նմանները քիչ են: Ուրեմն, լեգենդար անձնավորություն, ու շատ դերակատարումներով սերունդներ են մեծացել:

Հիմա էլ, երբ էկրանին հայտնվում է «Հին օրերի երգը», մարդիկ թախիծով են նայում Գուժ Մանուկյանի հերոսին, անգամ գողունի սրբում աչքերից կախված արցունքները, բայց նաև հպարտանում ու ուրախանում, որ տարիների ընթացքում դերասանը չի կորցրել իր հմայքը, մեծերի արվեստին սերտ լինելու ձգտումը...