ԱՆՎԵՐՋ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄՆԵՐ`
Ի ՀԱՇԻՎ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ


 

Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնակատար Կամո Հովհաննիսյանը մեզ տեղեկացրեց, որ մարտի վերջերից կսկսվեն բեմի հիմնանո րոգման աշխատանքները, քանի որ 1960-ականներից ի վեր երկրի գլխավոր թատրոնի բեմը չի նորոգվել, չեն տեղադրվել ժամանակակից տեխնիկական միջոցներ: Այդ պատճառով էլ մեր գլխավոր երաժշտական թատրոնի բեմը նմանվել է անդրպատմական ավերակի, որտեղ իրականացվող բեմադրությունները կքված են ավանդական, արդեն որևէ տեղ չօգտագործվող և չհիշվող սարքավորումների ազդեցության ներքո:

1979-80 թվականներին է վերանորոգվել Ալեքսանդր Թամանյանի նախագծած շենքը, սակայն այդ տարիներին մոսկովյան չինովնիկները թույլ չտվեցին բեմի հիմնանորոգումը` պատճառաբանելով ֆինանսական միջոցների սղությունը: 2002-2003 թվականներին, Լինսի հիմնադրամի տրամադրած երկու միլիոն դոլարով, հիմնանորոգվեց շենքը, փոխվեց տանիքը, բայց «կարկատաններ,» շատ մնացին, որովհետև բացահայտվեցին չարաշահումներ շինարարի կողմից, իսկ տրամադրված գումարն էլ չէր կարող երաշխիքներ ստեղծել բեմի նորոգման համար: Հիմա է մեր կառավարությունը գտել համապատասխան միջոցներ և տրամադրել թատրոնին: Բայց թե ինչո՞ւ են որոշել վերանորոգումները սկսել թատերաշրջանի ամենաեռուն շրջանում` անհասկանալի է: Անհասկանալի, որովհետև ցանկացած թատրոնի համար ամենաեռուն շրջանը գարունն է:

Այս ամենի կողքին մենք տեղեկացանք նաև, որ թատրոնում բոլոր աշխատակիցների հետ պայմանագրեր են կնքել ոչ թե մեկ տարով` ինչպես վարվում են մյուս թատրոնները, այլ`...երկու ամսով: Սա, իհարկե, զարմացնող փաստ է, որի բացատրությունը, ցավոք, ոչ ոք մեզ չտվեց: Իհարկե, մեզ հավաստիացրեցին, թե բեմի հիմնանորոգումների ժամանակ ստեղծագործական կոլեկտիվները շարունակելու են իրենց աշխատանքները` բեմադրության պատրաստելով երկու օպերա և երկու բալետ: Սակայն, եթե մարտի 1-ից արդեն լրանում են աշխատանքային պայմանագրերի ժամկետները` ինչպե՞ս կարող են մարդիկ աշխատել...Անտարակույս, այս ամենի «ենթաշերտերում» ինչ-որ թաքուստված միտում կա, որը ոմանք կապում են թատրոնում առաջիկայում նոր տնօրենի նշանակման հանգամանքով: Ըստ որոշ խոսակցությունների, տնօրեն է նշանակվելու մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, ուստի որոշել են նոր պայմանագրերի տակ ունենալ արդեն նոր տնօրենի ստորագրությունը: Սակայն խնդիրը միայն ստորագրությունը չէ: Չի բացառվում, որ կփոխվեն կառավարման ձևերն ու սկզբունքները, գուցեև լուծարվեն բազմաթիվ հաստիքներ, ինչ-որ վերակազմավորումներ լինեն: Առայժմ, իհարկե, չենք կարող անցնել ենթադրություններից, քանի որ թատրոնում էլ ոչ ոք հակված չէր բացատրություններ տալ, կամ էլ` շատերի համար անորոշ էր այս վիճակը, չունեին տեղեկություններ և բացատրություններ: Հուսանք, ուրեմն, որ ամեն ինչ խաղաղ ընթացք կունենա, և Սունդուկյանի անվան թատրոնում մոտ չորս տարի իրականացված ավերումները չեն կրկնվի այս թատրոնում:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ