Վայրագություն` ընդդեմ ուսման


 

Բանգլադեշցի մի բանվոր խեղդել է կնոջը, ով առանց ամուսնու գիտության` որոշել էր համալսարան ընդունվել: Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում ձերբակալվել է 30-ամյա Ռաֆիկուլ Իսլամը. նա կտրել էր 21-ամյա կնոջ աջ ձեռքի բոլոր մատները:

Արաբական Միացյալ Էմիրություններ աշխատանքի մեկնած ամուսինը, հայրենիք վերադառնալով, գազազել է` իմանալով, որ կինը` Հավա Ահտերը, որոշել է բարձրակրթություն ստանալ և առանց իր գիտության` փաստաթղթերը համալսարան է հանձնել: «Ավելորդ» աղմուկը կանխելով` նա կապել է կնոջ բերանը և կտրել նրա մատները: Վեց ժամ հետո միայն, անսալով հորդորներին, նա համաձայնել է իր զոհին հիվանդանոց տանել: Այստեղ էլ բժիշկներին մեծ դժվարությամբ հաջողվել է պարզել, որ մատները նա նետել է աղբարկղ: Կնոջ հարազատները շտապով գնացել-քրքրել են այդ աղբարկղն ու գտել են մատները, սակայն դրանք ձեռքին կարել այլևս անհնար է եղել:

Ոստիկանությունը հետո տեղեկացրել է, որ Ռաֆիկուլը դեմ է եղել կնոջ ուսումնառությանը, որովհետև ինքն ընդամենը ութնամյա կրթություն ունի: Նրան ցմահ բանտարկություն է սպասվում:

Իսկ ուսումնատենչ Հավան, վերադառնալով հայրական տուն, երդվել է, որ այնուամենայնիվ իրագործելու է իր երազանքն ու փաստաբանի դիպլոմ է ստանալու: Հիմա նա ձախ ձեռքով գրելու վարժանքներ է կատարում:

Այսպիսի «պատիժը» եզակի չէ Բանգլադեշում: Հունիս ամսին գործազուրկ մի ամուսին էլ կնոջ աչքերն է հանել: Կինը մայրաքաղաքի հեղինակավոր համալսարանում պրոֆեսորի ընթերակա էր աշխատում և որոշել էր Կանադայում շարունակել ուսումը` գիտական աստիճանը բարձրացնելու նպատակով:

Մարդու իրավունքների համար պայքարողներն ահազանգ են հնչեցնում այս երկրում ստեղծված իրավիճակի առնչությամբ: Ուսման ձգտում ունեցող կանանց դեմ հարձակում ները վերջին տարիներին տասնապատկվել են: