Դելֆինների զանգվածային ինքնասպանություն


 

Պարզվում է` միայն մարդիկ չէ, որ անզորությունից կամ այլ պատճառով ինքնակամ հրաժարվում են երկրային կյանքից: Մարդկանց ինքնասպանությունն անընդունելի է Տիրոջ համար: Երևի` կենդանիներինը ևս, բայց վերջիններս դա չգիտեն: Իսկ հետաքրքիր է, թե ո՞ր բնազդն է նրանց մղում այդ քայլին:

Վերջին մի քանի օրվա ընթացքում ավելի քան 60 դելֆին նետվել է ամերիկյան Մասաչուսեթսի նահանգի ատլանտյան լողափին:

Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի ներկայացուցիչներին հաջողվել է փրկել ու անհրաժեշտ օգնություն ցուցաբերել նրանցից 19-ին: Ներկայումս 300 կամավորներ շարունակում են հերթապահել Քեյփ-Կոդի լողափում, որպեսզի եթե կենդանիները նորից արտանետվեն` նրանց շտապ օգնեն (տեղեկացրել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Ի դեպ` այս հրվանդանում սա դելֆինների առաջին զանգվածային ինքնակործանումը չէ: Այլ վայրերում նույնպես նման միջադեպեր տեղի են ունենում. դիցուք` հունվարի սկզբում այդպիսի դեպք է արձանագրվել նաև Նոր Զելանդիայում:

Գիտնականներն առայժմ չեն գտնում այն հարցի պատասխանը, թե ի՞նչ պատճառով են դելֆիններն ու ծովային մյուս կաթնասունները կոլեկտիվ ինքնասպանության դիմում: