Նախապայման` առանց նախապայմանի


Լոնդոնի ռազմավարական ուսումնասիրությունների ինստիտուտում Թուրքիայի ԱԳ նախարար Ա. Դավութօղլուն, պատասխանելով Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի ներկայացուցիչ Տաթևիկ Գրիգորյանի` «Արդյո՞ք Թուրքիան փոխել է իր դիրքորոշումը, թե՞ անկեղծ չի եղել հենց սկզբից» հարցին, հայտարարել է. - Մենք մերժում ենք Հայոց ցեղասպանության գաղափարը...: ...Մեծաքանակ թուրքեր են զոհվել այդ ցեղասպանության տարիներին և բազմաթիվ թուրքեր են գաղթել Բալկաններից»: Նա նշել է, որ «հայերը և թուրքերը դարեր շարունակ ապրել են կողք-կողքի և ոչ ոք չի կարող հաստատել, որ մինչև 20-րդ դարի սկիզբը ունեցել են խնդիրներ: Հակառակ այլ ազգերի կողմից հակասեմիտական դրսևորումների, թուրքերը հակահայկական հայացքներ երբեք չեն ունեցել և հակահայկական քայլեր չեն արել: Ցանկալի է, որ հայերն ու թուրքերը կիսեն ոչ միայն ընդհանուր երգերը, ինչպես անում են այսօր, այլև ընդհանուր ցավը»: Ինչ վերաբերվում է նախապայմաններին, Դավութօղլուն կրկին «հին երգն է երգել»` թե Թուրքիան ցանկանում է հարցի ֆունդամենտալ լուծում, որպեսզի անվտանգություն հաստատվի ողջ տարածաշրջանում... ներառյալ նաև Ադրբեջան- Լեռնային Ղարաբաղ հակամարտությունը: «Ադրբեջանի տարածքի 20 տոկոսը օկուպացված է, և ոչ Թուրքիան, ոչ Ադրբեջանը համաձայն չեն ներկա իրավիճակի պահպանմանը, ու սա է պատճառը, որ Թուրքիան փոխել է արձանագրությունների վերաբերյալ իր վերաբերմունքը: Չնայած դրան, արձանագրությունները կարող են ստորագրվել, եթե իրականացվի վերոհիշյալ խնդրի լուծումը: Այդ ուղղությամբ Թուրքիան չի կորցնում իր հույսը»: