ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԸ 18 ՏԱՐԵԿԱՆ Է


ԲԱՆԱԿԻ օրվա կապակցությամբ, զորքերի մարտական պատրաստվածության ապահովման գործում ներդրած նշանակալի ավանդի, ինչպես նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած խիզախության ու անձնվիրության համար Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պաշտպանության նախարարության մի խումբ զինծառայողներ և ազատամարտիկներ պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության մեդալներով: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով ՀՀ Նախագահի գլխավոր ռազմական տեսչի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Լեոնիդ Մարտիրոսովին շնորհվել է գեներալ-լեյտենանտի զինվորական կոչում, իսկ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության պետ, գնդապետ Արտակ Դավթյանին` գեներալ-մայորի զինվորական կոչում: -Այս պարգևներով մեր երկիրն ու ժողովուրդը իր գնահատականն ու վերաբերմունքն է արտահայտում այն մարդկանց հանդեպ, ովքեր անձնվիրաբար ծառայում են Հայաստանի Հանրապետությանը, ովքեր կամավոր իրենց կյանքը դարձրել են առաքելություն` ուղղված պաշտպանության ու խաղաղության պահպանման նվիրական գործին£ Այսօր դուք պարգևատրվում եք ձեր արձանագրած հաջողությունների համար, իսկ ձեր հաջողություններով մեր երկիրը դառնում է ավելի ամուր թե° առարկայորեն, թե° հոգեբանորեն, թե° քաղաքականապես£ Մաղթում եմ ձեզ քաջառողջություն, խաղաղ ու բնականոն աշխատանք և իհարկե, Հայոց բանակի մարտունակության անշեղ բարձրացում, ինչը կախված է նաև ձեր ամենօրյա աշխատանքի որակից ու ծավալից: ՀԱՅԱՍՏԱՆԻ Հանրապետության անվտանգության ապահովման գլխավոր երաշխավորը` Հայոց բանակը, բոլորեց իր 18-ամյակը: Ճիշտ նորակոչիկ զինվորի տարիք, երբ առաջին անգամ զինվորական համազգեստ են հագնում, առաջին անգամ մուտք գործում զորամաս, զենք վերցնում և ապա հանդիսավոր երդվում անմնացորդ ծառայել հայրենիքին: Այնինչ մեր բանակը, որ ծնունդ է առել պատերազմի բոցերի միջից, այս ամենը հարկադրաբար անցել է իր ծննդյան առաջին իսկ օրերից, թրծվել ու առնականացել է ռազմական ծանր գործողությունների բովում, ձեռք բերել մարտական փորձ ու հմտություն, սովորել աննահանջ ու հաստատակամորեն հաղթահարել բոլոր դժվարությունները, մաքառել և հաղթել: Եվ այսօր ահա մեր 18-ամյա բանակը ներկայանում է ոչ թե իբրև մի անփորձ պատանի, այլ արդեն լիովին հասուն այր` կայացած, հզոր ու հաղթական: ... Այսօր արդեն, ի հպարտություն բոլորի, մեր զինված ուժերը միջազգային ռազմական վերլուծաբանների գնահատմամբ պատրաստվածության մակարդակով բնավ չի զիջում տարածաշրջանի մեր հարևան պետություններին և անգամ գերազանցում է նրանց կազմակերպվածության, մարտական ոգու և առաջադրված խնդիրները պատվով ու պատասխանատվությամբ կատարելու առումով: Այլոց քանակական գերազանցությանը մենք հակադրում ենք մեր զինծառայողների մասնագիտական բարձր պատրաստվածութ յունը, մարտական ոգին և նվիրվածությունը: …Հաշվի առնելով տարածաշրջանային բարդ քաղաքական զարգացումները` Հայաստանի Հանրապետությունը պարտադրված է շարունակաբար կատարելագործելու իր զինված ուժերը` բոլոր մարտահրավերներին դիմագրավելու և հավանական վտանգները չեզոքացնելու համար: Ըստ այսմ` պետք է անընդհատ գործել ժամանակի առաջադրած պահանջներին համահունչ: Այս առումով շատ կարևոր են տարվա ընթացքում իրականացված պաշտպանական բարեփոխումները, որոնց նպատակը արդիական ռազմական պահանջներին համապատասխանող, առավել ճկուն և ժամանակակից պաշտպանության համակարգի ստեղծումն է, որն ի զորու կլինի արդյունավետորեն իրականացնել ՀՀ ռազմական անվտանգության ապահովումը: ...Հավերժ փա¯ռք և խոնարհում հայրենի երկրի ազատության համար ընկած հերոսների հիշատակին: Փա¯ռք հայ զինվորականությանը, այն զինվորին, ով այս պահին, աչալուրջ կանգնած մեր հայրենիքի սահմանագլխին, խաղաղություն է պարգևում մեր ժողովրդին: Ծնունդդ շնորհավո¯ր, Հայոց բանակ: (ՀՀ ԶՈՒ կազմավորման 18-րդ տարեդարձին նվիրված հանդիսության ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ելույթից ) «Մենք զոհ չենք, մենք այն ազգն ենք, որը պատմական իրավունք ունի իր տարածքների նկատմամբ» Մեր զրուցակիցն է գեներալ մայոր, Արցախի ազատամարտի հերոս Արկադի Տեր- Թադևոսյանը (Կոմանդոսը) -Ինչպե՞ս եք գնահատում մեր բանակի մարտունակությունը. մենք պատրա՞ստ ենք այսօր պատերազմի: - Եթե համադրենք զինվորական վերլուծաբանների կանխատեսումները, ապա Ադրբեջանի կողմից պատերազմի սանձազերծման դեպքում սկզբնական շրջանում հաջողությունը կլինի Ադրբեջանի կողմում, բայց հետո, ինչպես լինում է ցանկացած զավթիչ-ագրեսորի պարագայում, որը ոտնձգություն է կատարում այն տարածքի նկատմամբ, որտեղ բնիկ ժողովուրդ է ապրում, կարճ ժամանակ անց հաջողությունը մեր կողմը կանցնի, մեզ կհաջողվի ոչ միայն թշնամուն հետ շպրտել մեր տարածքներից, այլև մխրճվել նրանց տարածքներ: Սրանք սոսկ կանխատեսումներ չեն, սա ռազմական գիտություն է, և նման կանխատեսումների համար հիմք են հանդիսանում, հաշվի են առնվում բազմաթիվ նախապայմաններ: Երբ համադրում ենք մեր ու թշնամու ուժերն ու հնարավորությունները, ուսումնասիրում ենք ռազմական վերլուծաբանների տեսակետները, որտեղ մատնանշվում են նաև մեր թերությունները, այդ ամենի հիման վրա պարզորոշ է, որ Ղարաբաղի պաշտպանական գծի, կամ ինչպես այն կոչվում է` Օհանյանի պաշտպանության գծի երկայնքով, մեր անվտանգությունն ապահովված է: -Ադրբեջանի նախագահը, պաշտպանության, ԱԳ նախարարները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ վերջերս անընդմեջ ընդգծում են, որ եթե խաղաղ ճանապարհով Ղարաբաղը հետ չստանան, ապա Ադրբեջանը կդիմի ռազմական գործողությունների, ինչքանո՞վ եք հավանական համարում, որ հիմա կամ մոտ ապագայում պատերազմ կսկսվի: -Առաջին տարին չէ, որ նրանք նման հայտարարություններ են անում: Հատկանշական է մի փաստ. 1919թ.հոկտեմբերին ստորագրվել է թուրք-ադրբեջանական պայմանագիր, որտեղ ասվում է, որ Ադրբեջանն առանց Թուրքիայի հետ համաձայնեցնելու, չի կարող որևէ ռազմական գործողություն իրականացնել: Եթե պատերազմ սկսվի, այն առաջին հերթին կվնասի ոչ թե Հայաստանին ու Ադրբեջանին, այլ միջազգային հանրությանը, որը տասնյակ միլիարդներ է ներդրել Ադրբեջանում, որպեսզի նավթ հանի: Եվ պատկերացրեք` պատերազմ, և նավթամուղը պետք է աշխատի պատերազմող երկրում: Նման բան չի կարող լինել: Կան թույլ կետեր, որոնց հիման վրա Ադրբեջանին այնպիսի հարված կտրվի, որ Ադրբեջանը չի կարողանա իրեն պաշտպանել: Ոստի, ես չեմ կարծում, որ Ադրբեջանը մոտակա ժամանակներում ռազմական գործողություններ սկսի. դա նրան առաջին հերթին թույլ չի տա Թուրքիան: -Ռուս վերլուծաբաններն ու քաղաքագետներից շատերն այն տեսակետն են արտահայտում, որ Ռուսաստանին ձեռնտու է պատերազմը` Հարավային Կովկասում իր դիրքերն ամրապնդելու համար: Ձեր կարծիքով դա այդպե՞ս է: - Ռուսաստանն ունի իր հետաքրքրությունները և ասել, որ Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի շահերը, ճիշտ չէ: Բնական է, որ Ռուսաստանը պետք է պաշտպանի իր շահերը: Եթե նրա շահերը համընկնում են Հայաստանի շահերին, ապա կպաշտպանի Հայաստանին: Սակայն Ռուսաստանն այսօր շատ է հետաքրքրված Ադրբեջանով և առաջին հերթին` ռազմական տեսակետից, որի մասին մեր լրատվամիջոցները համարյա չեն խոսում. խոսքը Գոբալինյան ռադիոլոկացիոն կայանների մասին է, որոնց շահագործումը շատ թանկ է նստում Ռուսաստանի վրա: Բացի այդ, նրանք հետաքրքված են նաև Ադրբեջանի տարածքում գտնվող ռազմական օդանավակայաններով: Իհարկե, Հայաստանն էլ նրանց համար ռազմավարական շատ կարևոր գործընկեր է, նրանք այդ մասին ասում են, և դա մենք էլ գիտենք, բայց տնտեսական առումով` այսօր Ռուսաստանի համար ավելի շահավետ է Ադրբեջանը, որովհետև Հայաստանը չունի այն, ինչ ունի Ադրբեջանը, Հայաստանը չունի նավթ: Այս փուլում Ռուսաստանին առավելապես ձեռնտու է չեզոք լինել և երկու պետություններն իրար մոտեցնելու որոշ քայլեր ձեռնարկել: -Պատերազմը ձեռնտո՞ւ է Ռուսաստանին: -Պատերազմը ձեռնտու է բոլորին: Պատերազմը բիզնեսի մի ձև է, այն ձեռնտու է նույնիսկ պատերազմող կողմերին: Պատերազմը ձեռնտու չէ միայն մարտի դաշտում կռվողին: -Եթե այնուամենայնիվ պատերազմ լինի, Ռուսաստանը, ըստ Մոսկվայի պայմանագրի, պետք է դաշնակից լինի Հայաստանի՞ն, թե… -Հավաքական անվտանգության խորհրդի կողմից պարզորոշ նախանշված է, որ եթե որևէ մեկը հարձակվի Հայաստանի այն տարածքների վրա, որոնք միջազգայնորեն ճանաչված են, այսինքն` առանց Ղարաբաղի և ազատագրված տարածքների, ապա նրանք պարտավոր են օգնել Հայաստանին: Այս կերպ մենք ապահովել ենք մեր անվտանգությունը ոչ միայն Ադրբեջանի,այլև Թուրքիայի կողմից: -Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանական բանակի մարտական հզորությունը: Նրանք անընդմեջ ընդգծում են իրենց առավելությունները, բայց մի բան փաստ է, որ ադրբեջանական զինվորը, ադրբեջանական բանակը բարոյալքված է: -Ո՞րն է մեր ու Ադրբեջանի բանակների տարբերությունը: Մեր բանակը ծնվել է այն ծանր ժամանակերում, որի հիմքում կանգնեցին այն մարտիկները, ովքեր զենք վերցրին հայրենիքի պաշտպանության համար: Մեզ ուզում էին ճնշել, վերացնել, զավթել մեր տարածքները … այս պայմաններում ծնվեց մեր բանակը: Եվ պաշտպանելով մեզ` մենք, առանց որևէ մեկի օգնության ու աջակցության, կարողացանք բանակ ստեղծել: Մեր թիկունքում չկար Թուրքիան, որը կար Ադրբեջանի թիկունքում: Մեզ համար չկար մի երկիր, որը իմանալով, որ Հայաստանը դժվարության մեջ է, մեզ օգներ: Մեր օգնությունը աշխարհասփյուռ հայության միավորումն էր. նրանք օգնեցին, գումար հայթայթվեց, մենք կարողացանք զենք գնել և… մենք պաշտպանում էինք մեր հողը: Եվ մենք հասանք նրան, ինչն ունենք հիմա. մենք ունենք ժամանակակից այնպիսի զենք ու զինամթերք, որ ունեն ժամանակակից բոլոր բանակները: Ադրբեջանական բանակը միշտ հրաշալի պայմաններում է եղել: Նրանք կռվում էին սովետական բանակի պաշտպանության ներքո և կռվում էին նրանց օգնությամբ. «Կոլցո» օպերացիան դրա ապացույցն էր: Այդ պայմաններում ծնվեց նրանց բանակը, և թվում էր, որ այն հզոր կլինի, բայց հզոր բանակ չստացվեց. Միայն այն, որ նրանք երեք անգամ փոխեցին իրենց բանակի օրը, արդեն իսկ շատ բան է ասում: Ադրբեջանում փորձում են ամեն կերպ իրենց ներկայացնել որպես միասնական ազգ, բայց դա այդպես չէ, այնտեղ մեկ տասնյակից ավելի ազգություններ են ապրում, որոնք ոչ կրոնական, ոչ մշակութային միասնություն չունեն նրանց հետ: Ինչո՞ւ է ադրբեջանական բանակը բարոյալքված : Զինվորը, որպեսզի կատարի առաջադրանքը, պետք է ձգտում ունենա. ի՞նչ ձգտում կարող են ունենալ Ադրբեջանի բանակում ծառայող թալիշները, ավարները, ազգային մյուս փոքրամասնությունները, ինչո՞ւ պետք է նրանք կռվեն մի երկրի համար, որը ճնշում է իրենց, անտեսում իրենց իրավունքները: Վերջերս կարդացի, որ Ադրբեջանում թալիշներից առգրավել են այն գրականությունը, որտեղ գրված է թալիշ ազգի մասին: Սարսափելի իրավիճակ է. բարձրանում է այդ ժողովրդի ինքնագիտակցությունը, որը զուգակցվում է ձերբակալություններով: Այսինքն` Ադրբեջանի կազմում ապրում են այդ տարածքի բնիկ ժողովուրդներ, ովքեր գիտեն, թե ովքեր են իրենք, ունեն իրենց արմատները, իրենց կրոնը, իրենց մշակույթը, բայց նրանց ոչնչացնում ու ճնշում են` ասելով, որ մենք միասնական ադրբեջանական ժողովուրդ ենք: Վերջին 20 տարիների ընթացքում նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում, որոշակի դեմոկրատական փոփոխություններ տեղի ունեցան, ինչը տեղի չունեցավ Ադրբեջանում: Այնտեղ ինչպես կար, այնպես էլ մնաց ալիևյան կլանը, որը մինչև օրս գլխավորում է նավթային բիզնեսը: Ադրբեջանցի ժողովուրդը տեսնում է այս ամենը, նրանք փորձում են փախչել այդ երկրից: Տոտալիտար ռեժիմում, որտեղ չկա օրենքի գերակայություն, բնական է, որ բարոյալքված կլինի նաև բանակը, բնական է, որ այդ բանակի զինվորը չի կռվի այդ երկրի համար: Հարցազրույցը` Գոհար Փիլթոյանի ԱրմԱր Տպագրվում է կրճատումներով