ՎԵՐԱՆՎԱՃՎԱԾ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ


Սիրելի շախմատիստներ, Դուք արդեն կատարել եք մեծ քայլ, դուք կոտրել եք այն կարծրատիպը, թե մենք իբր սոսկ անհատների ազգ ենք ու կարողանում ենք հաղթել միայն անհատապես: Դուք անգամ անհատական սպորտում կարողացաք թիմային հաղթանակ տանել: Միասնականության այդ հաղթական ուժին մենք պետք է ապավինենք մեր կյանքի բոլոր ոլորտներում: Երբ միասնական ենք, մեր առջեւ անհաղթահարելի արգելքներ չկան: Այդ իրողությունը փաստել է մեր դարավոր պատմությունը, իսկ այսօր էլ` մեր հավաքականի տղաները: Մենք կրկին միասնական ենք, միասնական մեր հաղթանակով ու մեր ուրախությամբ. հաղթանակ ու միասնականություն, սրանք երբեւէ չեն կարող արժեզրկվել: Կեցցե°ք տղաներ, մենք հպարտ ենք ձեզնով: ՀՀ նախագահ Սերժ ՍԱՐԳՍՅԱՆ Հայաստանը շախմատային գերտերություն է, և հայ շախմատիստների` Դրեզդենում կոփած փառավոր հաղթանակի պարգևած բերկրանքը մեզ դեռ երկար է ուղեկցելու: Իմաստուն ու գեղեցիկ խաղի մեծագույն վարպետ Տիգրան Պետրոսյանի` ժամանակին նվաճած հաղթանակից հետո հայկական շախմատի հաջողությունները լավագույն դեպքում բրոնզե ու արծաթե մեդալների փայլով էր միայն շողշողացել: Երբ 2006-ին Թուրինում մեր այսօրվա հերոսները նվաճեցին շախմատային օլիմպոսի ոսկեզօծ բարձունքները, այդ հաղթանակը դեռ ինչ-որ տեղ իրերի հարմար դասավորվածությանը, մերոնց հաղթական տրամադրություններին ու նաև օլիմպիադային լավ նախապատրաստված լինելուն կարելի էր վերագրել… Իսկ Դրեզդենը վերջնականապես հաստատեց, որ Հայաստանի շախմատային հավաքականն իսկապես անպարտելի է: Այս անգամ մարզական բախտն ու մեր հավաքականի բարձր պատրաստվածությունը համատեղվեցին: Մնում է հուսալ, որ ոչ հեռու ապագայում մենք նման հաղթանակների կարժանանանք նաև մյուս մարզաձևերի ներկայացուցիչների ու հատկապես Հայաստանի ֆուտբոլային հավաքականի կողմից նույնպես: