Հա՞ որ...
ՀԱՅՐԵՆԻ խորհրդարանը վերջապես հասավ իր նպատակին: Նոր տարվանից պատգամավորներին հնարավորություն է տրվելու պետական բյուջեի միջոցներից վարձատրվող մեկ օգնական ունենալ: Ինչպես հայտնի է, բյուջետային քննարկումների նախաշեմին մեր «գերծանրաբեռնված» (կարևոր չէ, թե ինչով) երեսփոխանները հավատացնում էին, թե մեկը քիչ է, էլի մեկն էլ պետք է իրենց օգնի: Բայց ի՞նչ է պատահել որ. պատգամավորների ցանկությունը գոնե կիսով չափ իրականացավ: Շատերի դեպքում այդ կեսն էլ չի հաջողվում իրականացնել: Ու մինչ խորհրդարանական լրագրողները պարապությունից, թե ուրիշ ավելի հետաքրքիր զբաղմունք չգտնելով` շարունակում են Ազգային ժողովի նիստերին հաճախող մեկ-երկու տասնյակ պատգամավորներին հաշվել-գրանցել, առաջիկայում 131 օգնականներ էլ իրենց հերթին կհամալրեն պետական բյուջեից հենց այնպես «ռոճիկ» ստացողների ստվար շարքերը: Գուցե նրանք հետագայում արդեն պատգամավորի տեղապա՞հ էլ պահանջեն, որպեսզի իրենց փոխարեն նրանցով զբաղեցնեն քառօրյաների դահլիճը: Մանավանդ որ` եթե պատգամավոր դառնալու համար միայն զանգվածների քվեն է անհրաժեշտ, և բարձրագույն կրթություն ունենալը բնավ էլ պարտադիր չէ, ապա օգնականները պարտադիր պետք է դիպլոմավոր լինեն: Ու այստեղ հետաքրքիր է, թե ինչպես են վերջիններս աշխատելու իրենց նոր շեֆերի` որոշ դեպքերում ինչ-որ մասնավոր բուհերում հեռակա ուսուցմամբ կուրսից կուրս տեղափոխվող ուսանող-երեսփոխանների հետ: ՈՐՔԱՆ էլ բարձրագույն կրթությունը մեր ժամանակներում հավուր պատշաճի չգնահատվի, միևնույն է, լինում են դեպքեր, երբ ոչ միայն փողն է մթության մեջ լույս տալիս, այլ նաև դիպլոմը: Հիմա էլ խոսքը մեր արդարադատ դատավորների մասին է: Այստեղ նույնիսկ փողն ու դիպլոմը միմյանց փոխլրացնում են: Վերջիններս, ինչպես հայտնի է, շուրջ 220 հազար դրամ աշխատավարձ են ստանում… Շատերի, շատ շատերի համար երանելի գումար: Եվ ինչ, որքան էլ բյուջետային քննարկումների ընթացքում որոշ պատգամավորներ փորձեցին դիմադրել, միևնույն է, պետական միջոցներից դուրս գրվող դատավորական աշխատավարձաչափը կրկնապատկվեց: Ավելին, ինչպես գործին մոտ կանգնած մի երեսփոխան նկատեց, 440 հազար դրամանոց աշխատավարձին եթե հավելավճարներն էլ հավելենք, ապա այն արդեն ուղիղ կես միլիոն` հինգ հարյուր հազար դրամի կհասնի: Էլ չասած ձեռքի հետ կպչող «մանր-մունր» գրպանամուտքերի ու մյուս նման ինքնապարգևատրումների մասին: ԵՎ քանի որ ակնարկեցինք կոռուպցիայի մասին, ուրեմն մի բան էլ մենք առաջարկենք: Այսպես, հավանաբար առաջիկայում ստիպված ենք լինելու ևս մի համազգային դրամահավաք կազմակերպել ու փորձելու ենք սիրաշահել (իհարկե, թանկարժեք նվերի և ոչ երբեք կաշառքի միջոցով) «Հայռուսգազարդի» ղեկավարությանը: Մատակարար ընկերությունը` «Գազպրոմը» հայտարարում է, թե եկող տարվանից համաշխարհային ֆինանսական ճգնաժամի «շրջանակներում» իրենք մի երեք տարով ստիպված են լինելու իջեցնել գազի գործող սակագինը: Մինչդեռ «Հայռուսգազարդի»` ապրիլի 1-ից խոստացված անակնկալը երկնագույն վառելիքի վճարաչափի շեշտակի բարձրացման տեսքով դեռևս շարունակում է ուժի մեջ մնալ: Հենց այդ պատճառով էլ հակված ենք կարծելու, որ գործին երևի թե անձնական միջամտությամբ պետք է փորձենք օգնել… Ծայրահեղ դեպքում` ազգովի պահանջել, թե այդ ինչ հաշվարկների արդյունքում է ամեն տարի «ձվածեղային սեզոնը» Հայաստան գալիս երկնագույն վառելիքի գորշ գնաճով: