ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ՃԳՆԱԺԱՄԸ` ՓՈՐՁԱՔԱՐ


Մի քանի դիտարկում ՀՀ 2009 թ. պետական բյուջեի մասին Անցյալ շաբաթավերջին Ազգային ժողովը քվեարկությամբ ընդունեց Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեի լրամշակված տարբերակը: Լրամշակված, որովհետև խորհրդարանական խումբ-խմբակցությունների նիստերում, Ազգային Ժողովի մշտական հանձնաժողովների կազմակերպած բյուջետային քննարկումների ընթացքում, ինչպես նաև անհատ-պատգամավորների կողմից նախագծի մեջ 534 փոփոխություն կատարելու առաջարկ էր ստացվել, որոնցից 177-ը կառավարությունն ընդունել էր: Թռուցիկ հայացքը վկայում է, որ բյուջեի նախնական տարբերակը շատ ձևափոխումներ չի կրել, նրա հիմնական ցուցանիշները պահպանվել են: Ծախսային մասը սահմանվել է 945 միլիարդ 400 միլիոն, եկամտային մասը` 905 միլիարդ 400 միլիոն դրամ: Դեֆիցիտը կամ պակասուրդը 40 միլիարդ դրամ է, որի մեծ մասն էլ ձեռք է բերվելու ներքին ռեզերվների, այլ ոչ թե արտասահմանյան բանկերից ստացվելիք վարկերի ու փոխառությունների կամ դրամաշնորհների միջոցով: Օրենսդիրը վերջնարդյունքում հավանություն տվեց Բյուջե - 2009-ին, սակայն քննարկումներից էլ հասկանալի էր, որ կառավարությունն այս անգամ ևս անթերի բյուջե չի ներկայացրել: Ամենալուրջ մտահոգության տեղիք է տալիս այն հանգամանքը, որ բյուջեն շրջանցում է այնպիսի մի համամոլորակային աղետ, ինչպիսին համաշխարհային ֆինանսական ճգնաժամն է: Կառավարությունը մի տող անգամ չի գրել, թե ի՞նչ միջոցառումներ է նախատեսում` Հայաստանի վրա այդ ճգնաժամի բացասական հետևանքները չեզոքացնելու կամ գոնե մեղմելու համար: Ենթադրել, թե ճգնաժամը կշրջանցի մեր երկիրը` միամտություն է: Արդե°ն իսկ չի շրջանցում: Ասել, թե կառավարությունն անհանգստացած չէ այս վիճակով` չի կարելի: Համահայկական Բանկի ստեղծումը, Իրան-Հայաստան երկաթուղագծի կառուցումը, «Զվարթնոց» և «Գյումրի» օդանավակայաններում ազատ տնտեսական գոտիների ստեղծումը, աղետի գոտում 5000 նոր բնակարանների շինարարությունը հենց այս նպատակին ուղղված ծրագրեր են: Սակայն դրանց մասին, որքան էլ տարօրինակ է, պետական բյուջեում հիշատակություն… չկա°: Ազգային ժողովում բյուջեի ընդունման առթիվ ունեցած իր ելույթում վարչապետ Տիգրան Սարգսյանը պատգամավորներին, ու նաև մեր ամբողջ հանրությանը տեղեկացրեց, թե այդ բոլոր ծրագրերն արդեն իսկ ընթացքի մեջ են: Կառավարությունը հավանություն է տվել Համահայկական Բանկ հիմնադրելու մասին օրենքի նախագծին, որը շուտով կներկայացվի օրենսդիրների հաստատմանը: Ավարտին են մոտենում Իրան-Հայաստան երկաթուղու կառուցման նախագծային աշխատանքները: Երբ երկու կառավարություն ները վերջնականապես հաստատեն հիշյալ նախագիծը և երկաթուղու կառուցումն սկսվի, ապա երկրում մի քանի տարով մի քանի հազար նոր աշխատատեղ կստեղծվի: Այդ բոլորը լավ է, սակայն այն իրողությունը, որ այդ ծրագրերը չեն մտցվել բյուջեի մեջ` վկայում է, որ կառավարությունը վստահ չէ դրանց` իրականություն դառնալու հեռանկարին: Ուստի և չի ցանկացել պատասխանատվություն ստանձնել հիշյալ ծրագրերի անվերապահ կատարման համար: Բյուջեի սոցիալական հատվածի մեծ թերությունը պիտի համարել այն հանգամանքը, որ այս անգամ էլ կառավարությունը բավարար ուշադրություն չի դարձրել երբեմնի խորհրդային բանկերում փոշիացված ավանդների վերադարձի խնդրին: Նախատեսվել է ընդամենը 300 միլիոն դրամով ավելացնել փոշիացված ավանդների դիմաց բնակչությանը փոխհատուցում տրամադրելու գումարները: Կազմել 3 միլիարդ դոլարանոց բյուջե և ավանդների փոխհատուցման գումարները ավելացնել ընդամենը 1 միլիոն դոլարի չափո՞վ: Դա այլ բան չէ, եթե ոչ անթաքույց մի ապացույց, որ կառավարությունն ամենևին չի մտածում… ավանդների վերադարձի մասին: Վերադարձի°, ոչ թե փոխհատուցման: Փոխհատուցումը վերադարձ չէ° և ամենևին բավարար չէ°: Մեր պետությունը պետք է քաջություն և բարոյականություն ունենա` երբեմնի խորհրդային բանկերում բնակչության ավանդների փոշիացումը հայտարարելու պետական ներքին պարտք և պիտի խոստանա, որ ժամանակի ընթացքում այդ պարտքը կվերադարձնի ոչ միայն ավանդատուներին, այլև նրանց ժառանգներին: Այլապես ավանդատուները տարեց-տարի ծերանում են, հեռանում են կյանքից, և նրանց տասնամյակների վաստակը կորչում է, քանի որ փոխհատուցումները չեն անցնում ավանդատիրոջ ժառանգներին: Ստացվում է, որ ավանդատերերն ինչքան շատ և ինչքան շուտ մեռնեն` այնքան լա՞վ: Մի՞թե դա բարոյական է: Բայց անցյալում փոշիացված ավանդների վերադարձի համար պատասխանատվությունից խուսափելը դեռ չարյաց փոքրագույնն է: Իսկ ներկայիս ավանդների երաշխավորման մասին կառավարությունն ինչու՞ չի մտածում: Աշխարհի գրեթե բոլոր կառավարությունները համաշխարհային ճգնաժամի պայմաններում բանկային համակարգից բոլոր ավանդները հապշտապ ետ ստանալու խուճապը կանխելու համար որոշումներ են ընդունել: Իրենց քաղաքացիներին հրապարակավ խոստացել են վերադարձնել նրանց ավանդների 50-100 տոկոսը, անկախ այն բանից, թե ինչ բանկերում են դրանք պահվում` մասնավոր, թե՞ պետական: Մեր կառավարությունը, ինչպես երևում է, նման մտադրություն ամենևին չունի: Այլապես պետական բյուջեում ներկայիս ավանդների երաշխավորման համար գումարներ կնախատեսվեին: Այս ամենը չի կարող չթուլացնել վստահությունը գործադիրի նկատմամբ: Մինչդեռ կառավարության հաջողության գլխավոր գրավականը…ժողովրդի հավատն ու վստահությունն է…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ