«ՍՊԱՌՈՂ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ»


Բյուջեն նաև քաղաքական փաստաթուղթ է և կառավարության ծրագրի մի մասը: Իսկ դրա իրականացման գրավականը (ինչպես արդարացիորեն նշված է կառավարության` այս տարվա ծրագրում) պետք է հանդիսանա քաղաքացիների վստահությունը վայելող և արդյունավետ գործող իշխանությունը: Սակայն այս` հիմնաքարային հարցում մենք, մեղմ ասած, լրջորեն կաղում ենք: Իշխանությունների հանդեպ ժողովրդի վստահության հիմքը, որպես կանոն, դրվում է ընտրություններում: Իսկ անկախ Հայաստանի համապետական բոլոր ընտրությունները (առաջինից բացի) ուղեկցվել են հարայ-հրոցով: Ընդ որում, դրանք կարծես մրցակցել են, թե ո՞ր մեկի ժամանակ այդ հարայ-հրոցն ավելի թունդ կստացվի: - Նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության հիմնական պրոբլեմը վստահության դեֆիցիտն է: Նախագահական ընտրություններից և մարտի 1-2-ի ողբերգական իրադարձություններից հետո իշխանության նկատմամբ ժողովրդի վստահությունը խաթարված է,- ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ հայտարարեց պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը: Ասվածի ապացույցը հիշյալ իրադարձություններն ուսումնասիրող` ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի գործունեության ժամկետի երկարաձգումն է ու այդ գործով ընթացող դատավարությունները, որոնց իրականացրած արդարադատության հանդեպ նույնպես վստահության դեֆիցիտն աղաղակող է: Բացի ներքաղաքական անհաճո զարգացումներից, մեր երկրին սպառնում է նաև համաշխարհային տնտեսական, ֆինանսական ճգնաժամը: Մինչ վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզում էր, թե ճգնաժամը Հայաստանի վրա չի ազդելու, «պայթեց» հանքարդյունաբերության ոլորտի բանվորների գործադուլը: Կապանում, հետո էլ Ալավերդիի պղձնաձուլարանում: Սեփականատերերի հետ բանակցությունների արդյունքում կառավարությանը հաջողվեց կարճաժամկետ ինչ-որ փարատում գտնել: Հույս է հայտնվում, թե այդ ընթացքում գուցե գների աճի միտում նկատվի, և Հայաստանում հանքարդյունահանման ծավալները վերականգնվեն: Իսկ եթե միջազգային շուկայում գների աճ տեղի չունենա՞… Սրանից բացի, կա ավելի մտահոգիչ մի հանգամանք ևս: Ըստ տնտեսագետների, միջազգային շուկայում պղնձի 1 տոննայի գինը մինչև ճգնաժամը 8000 դոլար էր, այսօր այն իջել է կիսով չափ: Միջազգային փորձագետները գտնում են, որ 4 հազար դոլարը խելամիտ, իրական գինն է: Սակայն, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նկատեց ԲՀԿ-ից ԱԺ պատգամավոր Վարդան Բոստանջյանը, Հայաստանում սովոր են գործի մեջ «մեկ դնել, տասը առնել»: Եվ այդ հոգեբանությունն է պատճառը, որ հանքարդյունաբերությունում սեփականատերերը չեն հաշտվում շահույթի նվազման, թեկուզև խելամիտ չափերի հետ: Այս ամենի մեջ, թերևս, առկա են կոռուպցիոն ռիսկերի հետքերը: Վերջերս տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը մտահոգվեց, որ մեր օրենքներում շատ են կոռուպցիոն սողանցքները: Տնտեսության իրավասուները համոզված են` աշխարհում գների նվազումից Հայաստանը կարող է օգուտներ քաղել. էժան գնով ձեռք բերել սպառողական ապրանքներ, տեխնոլոգիաներ ու սարքավորումներ ներմուծել: Ի դեպ, ներմուծման և արտահանման մասին: 2009 թ. արտահանում նախատեսվում է 1,3 միլիարդ, ներմուծումը` 4,3 միլիարդ դոլարի չափով: Բացասական հաշվեկշիռը կազմում է 3 միլիարդ դոլար, ինչը Վիկտոր Դալլաքյանի համոզմամբ, «տնտեսության կաթվածահար վիճակն է վկայում: Սա ցույց է տալիս Հայաստանի կախվածությունն արտաքին աշխարհից. սպառող պետություն ենք»: Պնդելով, որ բյուջեում միջազգային ֆինանսական ճգնաժամի ադեկվատ արտացոլումը բացակայում է, տնտեսագետներն, այնուամենայնիվ, առաջընթաց են համարում նվազագույն աշխատավարձի բարձրացումը` 25000-30000 դրամի: Սակայն, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մանասերյանի պնդմամբ` և° նվազագույն աշխատավարձի, և° կենսաթոշակի հիմքում պետք է դրվեր կենսաապահովման նվազագույն զամբյուղը: Իսկ այն, ըստ տնտեսագիտական հաշվարկների, այսօր մոտ 40 հազար դրամ է:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ