Բեն Լադենը հրահանգել է...


Արևմտյան լրատվամիջոցները շարունակում են քննարկել արաբական թերթերից մեկի այն հրապարակումը, որը հղում կատարելով «Ալ- Քաիդա» ղեկավարությանը մոտ կանգնած «Եմենյան աղբյուրին», տեղեկացրել է, թե Ուսամա բեն Լադենը հրամայել է Միացյալ Նահանգներում ահաբեկչական գործողություններ իրականացնել: - …որոնց մասշտաբները կգերազանցեն Սեպտեմբերի 11-ին: Al-Quds Al-Arabi-ն գրել է, որ լրատվությունը ստացվել է «Ալ-Քաիդա»-ի նախկին հրամանատարից, որը նախկինի պես կապեր է պահպանում նրա հետ, բայց ցանկացել է անանուն մնալ` սեփական անվտանգության նկատառումներով: Էքս հրամանատարի հավաստմամբ` - Այդ գրոհը կփոխի աշխարհը` թե° քաղաքականապես, թե° տնտեսապես: Անանուն աղբյուրը հավելել է, որ դա տեղի կունենա մոտ ապագայում: Եվ, որպես իր ասածի հավաստիք, նշել է. - Դրա վկայությունն է և այն փաստը, որ մենք հիմա վերահսկում ենք Հարավային Սոմալիի մեծ մասը: Նախկին ալքաիդցին միաժամանակ նշել է նաև, որ 6 ամիս առաջ բեն Լադենը ուղերձ է հղել մուսուլմանական աշխարհի Ջիհադի բոլոր մարտիկներին` նրանց խնդրելով բանակցություններ չվարել կառավարության կամ տեղական քաղաքական կուսակցությունների հետ և հարցազրույցներ չտալ ԶԼՄ-ներին: Ի դեպ, այս հրապարակումը տպագրվել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության զեկույցի հետ: Իսկ զեկույցում անդրադարձ է եղել երկրի ծայրահեղական կազմակերպությունների` մի քանի հազարի հասնող քանակին: Ընդ որում, այդ կազմակերպությունների մասնակիցների մեծամասնությունը 18-30 տարեկան մեծբրիտանացիներ են, և նրանցից շատերը ուսումնառություն են անցել արտասահմանյան ահաբեկչական ճամբարներում: ՀԻՇԵՑՆԵՆՔ, որ Սեպտեմբերի 11-ին 18 րոպեի տարբերությամբ Մանհեթթանի Հարավային մասում կատարված ահաբեկչությունը խլեց 3 հազար մարդու կյանք: Ջորջ Բուշը և ԱՄՆ-ի սենատը Սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունները որակել են որպես «պատերազմական գործություն` ընդդեմ Նահանգների»: