Գերուշացած վիրավորվածություն և գերարագ ամնեզիա
Նույնիսկ պրոֆեսիոնալ անտարբեր մարդը չի կարող անտարբեր ընթերցել այս սրտաճմլիկ տողերը` «Փաստորեն դառնալու եմ գործազուրկ` համալրելով նրանց բանակը»: Մտածում ես` ինչպե՞ս օգնել «մեկ տարի գործազուրկ դարձած» Ագրարային համալսարանի նախկին դասախոս, իրավաբան Մնացական Հարոյանին: Դատարանը խոտանել-վերադարձրել էր Մ. Հարոյանի հայցադիմումը. «Հայցադիմումում թույլ տրված խախտումները վերացնելու և եռօրյա ժամկետում դատարան ներկայացնելու»: Իհարկե, հայցադիմում վերադարձնելը սովորական երևույթ չէ. վերադարձնում են սխալներն ուղղելու, բացթողումները վերացնելու համար: Բայց երբ հայցադիմումը վերադարձվում է… դասախոս իրավաբանին և այն էլ այնպիսի բացթողումների համար, որոնք նույնիսկ ուսանողին հարիր չեն, դա արդեն անթույլատրելի է: Հայցադիմումի բովանդակությունը ոչ թե ազատ շարադրանք է, այլ օրենքով հստակ սահմանված «ցուցակ» այն հանգամանքների, որոնք հայցադիմումի մեջ պարտադիր պետք է նշվեն: Այս դեպքում, եթե օրենքով սահմանված կետերից միայն մեկը կամ երկուսը բաց թողնվեր, թերևս կարելի էր արդարանալ, թե տպագրական սխալ է, համակարգից դուրս է թռել: Սակայն, երբ օրենքով նախատեսված պահանջների շուրջ կեսը` 50 %-ը, հայցվոր իրավաբան-դասախոսը չի իմացել, սա արդեն ոչ միայն պատվաբեր չէ, այլև աններելի է: Ավելացնենք, որ դատարանը, երևի, խնայել է հայցվորին և «կարողացել է չնկատել» նաև այլ «մանրուքներ», որոնք նախատեսված են օրենքով: Ինձ շանթահարեց մի ծանր միտք` այդ տարիներին իրավունքի դասախոսը ի՞նչ է դասավանդել ուսանողներին, երբ ինքը չի կարող շարքային հայցադիմում գրել, մանավանդ, երբ այն վերաբերում է իր անձնական շահին: Հայցադիմումը վերնագրված է` «…պատվի, հեղինակության… պահանջի մասին»: Ոչ միայն իրավաբանորեն, այլև տարրական տրամաբանությամբ, նույնիսկ կենցաղային մակարդակով նման ձևակերպումը սխալ է: Հայցվորի պատիվը, հեղինակությունը պատասխանողի գրասեղանին կամ չհրկիզվող պահարանո՞ւմ է դրված, որ պահանջում է պատասխանողից վերադարձնել: Օրենքը սահմանել է ոչ թե պատիվ և հեղինակություն, այլ պատիվ, արժանապատվություն, բարի համբավ և դրանց պաշտպանության պահանջ: Օրենքը պահանջում է նշել` կոնկրետ որ իրավունքներն են ոտնահարված: Երկար տարիներ բուհում իրավունքների պաշտպանության ձևերը ուսուցանող դասախոսը պարտավոր էր իմանալ դա և չզարմանալ` ինչպես ինքն է նշել. «Որպես մանկավարժ, առավել ևս իրավաբան, ես զարմացած եմ ոչ միայն գրեթե քառորդ դար բուհում աշխատող դասախոսի նկատմամբ նման վերաբերմունքի, այլև այն բանի համար, որ ցանկացած ժամանակ, առանց խղճի խայթի և պետական գործի նկատմամբ պատասխանատվության, կարելի է խախտել քաղաքացու իրավունքները»: Իսկ թե ո՞ր իրավունքներն են ոտնահարվել, կոնկրետ ինչ է պահանջում, հայցվոր-իրավաբան-դասախոսը «համեստորեն» լռել է: Մի՞թե նա չի կարդացել այն օրենքը, որն ուսուցանում է: Գոնե անձնական հարցի դեպքում հանդես բերեր իր ենթադրվող ոտնահարված իրավունքը պաշտպանելիս: Առաջին հայցադիմումում Մ. Հարոյանը համոզված է եղել, որ իր պատիվը և հեղինակությունը ոտնահարված են և պահանջ ներկայացրել բուհի ռեկտորին` վերադարձնելու այդ արժեքները: Սակայն հայցադիմումը վերադարձնելուց հետո, նա երկրորդ` «վերանորոգված» հայցադիմումում «մոռացել» է, որ իր… պատիվը, հեղինակությունը ոտնահարված են: Ո՞վ վերադարձրեց նրա պատիվն ու արժանապատվությունը այդ կարճ ժամանակահատվածում, որ նա այլևս ետ չի պահանջում: Հայցադիմումում գրված է. «Դիմելով դատարանին` խնդրում եմ լինել արդարադատ…»: Որպես պատասխանող հայցվոր Հարոյանը հայցադիմումում նշել է նաև պրոռեկտոր Յուրի Մարմարյանին: Ուշագրավ է հայցվորի դիրքորոշումը. «Հարցի կապակցությամբ ոչ ռեկտորի առաջին տեղակալ Յու. Մարմարյանը և ոչ էլ դեկան Լ. Մարգարյանը ոչինչ չեն ասում կամ տալիս են անտրամաբանական պատասխան…»: Նախ, անտրամաբա նական պատասխանը ևս պատասխան է: Հետո, եթե հետագայում է կռահել, որ այդ ասել-չասելու համար պետք է դատարան հրավիրել` երկրորդ պատասխանողի կարգավիճակով, պրոռեկտոր Յուրի Մարմարյանին, ապա դեկան Լ. Մարգարյանին ինչո՞ւ է խնայել և որպես պատասխանող չի նշել: Տեսականորեն ընդունենք, որ հիմնավոր է աշխատանքում վերականգնելու պահանջը, ինչ պետք է անի երկրորդ պատասխանողը, դատարանը ինչ պարտավորություն պետք է դնի իրավաբանական անձի` ղեկավար չհանդիսացող (թեկուզ պրոռեկտորի կարգավիճակով) անձի վրա: Եվս մի հանգամանք, որը սկզբից էլ հիմնավոր կասկած առաջացրեց հայցվորի շիտակության, օբյեկտիվության վրա` «գործազուրկ եմ դառնալու»: Եթե այդ ձևակերպման հեղինակը իրավաբան չլիներ, կմտածեինք` անփույթ ձևակերպում է: Նրան աշխատանքից ազատել են 2007 թ.-ի օգոստոսին: Իսկ «Առավոտին», ապա դատարանին է դիմել մեկ տարի անց (դեռ մի բան էլ ավելի): Իսկ այդ մեկ տարվա ընթացքում նա ինչո՞վ է զբաղվել: Այս հարցերի պատասխանները փորձեցինք ճշտել Հարոյանից: Տեղեկացանք, որ նրան կարելի է գտնել Խանջյան 19 հասցեում: Մտածելով, որ աշխատանքի տեղավորման գործակալություն է և, երևի Հարոյանը հերթագրվում է աշխատանք ճարելու, գնացի այնտեղ: Բայց նման գործակալություն չկար: Փորձեցի հեռախոսով ճշգրտել` ինչպես գտնել Հարոյանին: Աշխատողը զարմացած հարցրեց. «Դուք չե՞ք ճանաչում Մնացական Հարոյանին, նա Երևանի «Ֆիրդուսի» համալսարանի ռեկտորն է»: Շփոթված հարցրեցի, թե երբ են նշանակել: Նա էլ չփոթվեց` ինչպե՞ս թե նշանակել, նա բուհի ռեկտորը, հիմնադիրը և սեփականատերն է: Ինչ գործազրկության մասին է Հարոյանը աղիողորմ հնչեցնում: Երանի բոլոր գործազուրկները Հարոյանի նման սեփական բուհ ունենային և լինեին ռեկտոր: Փաստորեն Ագրարային համալսարանում աշխատանքին զուգընթաց Հարոյանը աշխատել է իր սեփականությունը հանդիսացող «Ֆիրդուսի» համալսարանում: Այսինքն` համատեղ աշխատանք է: Գործատուի հետ նա ունի՞ պայմանագիր համատեղ աշխատելու համար: Տպավորությունն այն է, որ Հարոյանը փորձում է վրեժ լուծել և ոչ թե վերականգնել իր աշխատանքային իրավունքները: Դիմելով դատարան` ի՞նչ է պահանջում հայցվորը: Արտաքուստ շատ բան` «Խնդրում եմ լինել արդարադատ (՞), վերականգնել իմ խաթարված իրավունքները և հատուցել մեկ տարվա անհարկի (գուցե հարկադի՞ր) պարապուրդը` 360.000 դրամ»: Իսկ իրականում` պահանջում է միայն 360.000 դրամ: Միակ առարկայական պահանջը դա է: Մնացածը… եթերային պահանջ է` «դատարանի արդարադատ լինելու» պահանջը չի կարող հասցեագրվել պատասխանողին, այն միայն կոչ է դատարանին և հայցի առարկա չի կարող լինել: Իսկ «վերականգնել իմ խաթարված իրավունքները»` պլակատային պահանջ է: Այս միտքը դժվար թե վերագրվի հայցվոր-իրավաբանի իրավաբանական անգրագիտությանը: Ավելի շատ կարելի է մտածել գավառական հնարամտության մասին` քանի որ չի կարող գրել` «աշխատանքից ազատելու մասին հրամանը չեղյալ համարել (քանզի հրաման չի եղել) և վերականգնել ինձ աշխատանքում»: Չի գրել նաև` «պարտավորեցնել պայմանագիր կնքել», քանզի «քաղաքացիները և իրավաբանական անձինք ազատ են պայմանագիր կնքելիս և դրան հարկադրել չի կարելի»: Իրավաբանի դիպլոմ ունեցող հայցվորը պետք է հասկանար, որ մամուլին դիմելուց առաջ (երևի հավատացել են նրա իրավաբանի դիպլոմ ունենալուն, որևէ իրավաբանի խորհրդատվությանը չեն դիմել ու հալած յուղի տեղ դնելով նրա ասածը` այն հանձնել են թերթի էջին), դատարան դիմելուց առաջ (մանավանդ մեկ անգամ հայցադիմումը խոտանելուց հետո հարմար առիթ էր խորհելու` ինչ է պահանջում դատարանից և այդ պահանջի իրավական հիմքեր կա՞ն…) սթափվեր և հիշեր` ինքն է աշխատանքային պայմանագիրը կնքել և համաձայնել պայմանագրում նշված վերջին ժամկետին` 2007 թ. օգոստոս: Պայմանագիրը ստորագրելիս որևէ մեկը ստիպե՞լ է իրեն որպես պայման նշելու աշխատելու վերջին ժամկետը: Իհարկե` ոչ: Հետևաբար, եթե ինքդ ես համաձայնել այդ ժամկետին և ստորագրությամբ էլ հաստատել այն, ինչու քեզանից չես պահանջում` լուռումունջ կատարել պայմանավորվածությունը, այլ պահանջում ես դիմացինից` խախտել իր ստորագրությունը: Ի վերջո, դատարանը կարո՞ղ է պարտավորեցնել (ո՞ր օրենքով) ոչ միայն պայմանագիր կնքել, այլև… համաձայնություն տալ համատեղությամբ աշխատելու: Չէ՞ որ հայցվորը նաև իր սեփական բուհի ռեկտորն է` ղեկավարը և նույն աշխատանքային ժամվա ընթացքում պետք է գտնվի նաև այնտեղ… Ստիպված եմ հայցվոր Հարոյանին նաև հիշեցնել, որ աշխատանքային (և ոչ միայն նրան) օրենսգրքի 265 հոդվածում հստակ սահմանված է. «Աշխատանքի պայմանների փոփոխման, գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը դադարեցնելու կամ աշխատանքային պայմանագիրը լուծարելու հետ համաձայն չլինելու դեպքում աշխատողը համապատասխան հրամանը (փաստաթուղթը) ստանալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում իրավունք ունի դիմելու դատարան»: Իսկ Հարոյանը դիմել է մեկ տարի անց: Ինչո՞ւ: