ՀԱՊԿ անդամ-պետությունների ՊՆԽ հերթական նիստը
ՀՀ պաշտպանության նախարարությունում Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակերպության անդամ-պետությունների պաշտպանության նախարարների Խորհրդի հերթական նիստին մասնակցում էին Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Լեոնիդ Մալցևի, Ղազախստանի Հանրապետութ յան պաշտպանության նախարար Դանիալ Ախմետովի, Ղրղզստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-մայոր Բաքիտբեկ Կալիևի, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովի, Տաջիկստանի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Շերալի Խայրուլլոեվի և Ուզբեկստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Ռուստամ Նիյազովի գլխավորած պատվիրակությունները` նախագահությամբ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի: Նիստին մասնակցում էին նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈւ ԳՇ պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, գեներալ-գնդապետ Յու.Խաչատուրովը, ինչպես նաև ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին կից ՀՕՊ հարցերով համակարգող կոմիտեի նախագահի տեղակալ, ՌԴ ԶՈւ ռազմաօդային ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Վադիմ Վոլկովիցկին: Հրավիրյալների կազմում էին ներկայացուցիչներ ՀՀ Նախագահի աշխատակազմից, ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությունից և ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: ՀԱՊԿ անդամ-պետությունների` մասնավորապես Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Բելոռուսիայի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները նախ ստորագրեցին երկկողմ ռազմական փաստաթղթեր, որին հաջորդեց խորհրդի լիագումար նիստը` ուղղված ՀԱՊԿ 2008թ.-ի մոսկովյան նստաշրջանի որոշումների, ս.թ. օգոստոսին Երևանում կայացած պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշումների և ձեռք բերված փոխադարձ պայմանավորվածությունների կատարմանը: Նիստի ընթացքում մտքեր փոխանակվեցին ռազմական գերատեսչությունների` Կազմակերպության միջպետական համաձայնագրերի և Հավաքական անվտանգության խորհրդի որոշումների իրականացմանն ուղղված քայլերի, ՀԱՊԿ կոալիցիոն բանակաշինության մեխանիզմների կատարելագործման, ՀԱՊԿ անդամ-պետությունների միացյալ ՀՕՊ համակարգի զարգացման հեռանկարների, ՀԱՊԿ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում արագ արձագանքման Հավաքական ուժերի կատարելագործման վերաբերյալ: Ծավալված քննարկումների ընթացքում պաշտպանության նախարարները լսեցին նաև զեկույցներ, քննարկեցին Հավաքական Անվտանգության Պայմանագրի Կազմակեր պության անդամ-պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի` 2009թ.-ի աշխատանքային ծրագիրը, ինչպես նաև ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ղեկավարման մարմինների մարտական և օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների 2010-2014թթ. ծրագիրը, Միացյալ (Հավաքական) ուժերի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցեր: Ապա տեղի ունեցավ մամլո ասուլիս` ՀԱՊԿ անդամ-պետությունների պաշտպանության նախարարների մասնակցությամբ, որի ընթացքում վերջիններս պատասխանեցին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին: