ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ + ՊԱՇՏՊԱՆՎԱԾՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ


ՀՀ Պաշտպանության նախարար Ս. ՕՀԱՆՅԱՆԻ ելույթը Հարվարդի համալսարանի Սևծովյան անվտանգության ծրագրի 7-րդ Երևանյան սեմինարում Հարգելի° տիկնայք և պարոնայք: Պատիվ ունեմ ձեզ ողջունել Հայաստանի հինավուրց մայրաքաղաք Երևանում, որի 2790-ամյակը հանդիսավոր կերպով նշվեց 2 շաբաթ առաջ: Մենք իրավամբ պարծենում ենք մեր անցյալով և, միևնույն ժամանակ, վստահորեն նայում դեպի ապագան: Այդ վստահության գրավականն է այն առաջադիմական ուղին, որը որդեգրվել է մեր երկրի կայուն և անվտանգ զարգացումն ապահովելու համար: Այդ ուղին ներառում է պետության կենսագործունեության բոլոր ոլորտներում իրականացվող ժողովրդավարական համընդգրկուն բարեփոխումները և փոխլրացման սկզբունքի վրա հիմնվող միջազգային ինտեգրումը: Սևծովյան տարածաշրջանի մաս կազմող Հարավային Կովկասն իր վրա կրում է ուժի տարբեր կենտրոնների շահերի համընկնման ու մրցակցության ազդեցությունը: Նման միջավայրում Հայաստանի համար ի հայտ են գալիս զանազան բնույթի մարտահրավերներ և սպառնալիքներ, որոնց չեզոքացման կամ թուլացման համար պահանջվում են զգալի ջանքեր ու ռեսուրսներ: Այդ մարտահրավերների և սպառնալիքների շարքում իրենց վտանգավորությամբ առանձնանում են ռազմական սպառնալիքները: Հայաստանի համար գլխավոր ռազմական սպառնալիքներից է Ղարաբաղյան զինված հակամարտության առկայությունը և հակամարտող կողմերի միջև հակամարտության կարգավորման փոխհամաձայնեցված քաղաքական-իրավական հիմքեր չլինելը: Այդ համատեքստում առավել լուրջ մտահոգության առիթ են տալիս Ադրբեջանի կողմից վարվող ռազմականացման և սպառազինությունների մրցավազքի քաղաքականությունը, պաշտպանական բարեփոխումների քողի ներքո Հայաստանի նկատմամբ ռազմական գերակայության հասնելու և նոր պատերազմի սանձազերծմամբ Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ուժի կիրառմամբ հօգուտ իրեն լուծելու միտվածությունը: Երկու հարևան պետությունների կողմից Հայաստանի Հանրապետության շարունակվող շրջափակումը, Հայաստանին մեկուսացնելու ծրագրերը և ընդհանրապես Հարավային Կովկասում անվտանգության միջավայրի ապակայունացումը, ինչպես նաև առկա կամ նոր հակամարտությունների հրահրումը ևս Հայաստանի անվտանգության համար ռազմական սպառնալիքներ են: Դրա հետ մեկտեղ, ինչպես բոլոր պետությունների, այնպես էլ Հայաստանի համար անհամաչափ սպառնալիք են ներկայացնում վերազգային հանցագործությունները, այդ թվում` միջազգային ահաբեկչությունը, զանգվածային ոչնչացման զենքի ու դրա բաղադրամասերի, թմրանյութերի ու հոգեներգործիչ նյութերի անօրինական շրջանառությունը, մարդկանց առևտուրը: Միևնույն ժամանակ, կան գործոններ, որոնք դրական ազդեցություն են թողնում միջազգային, այդ թվում` տարածաշրջանային, անվտանգության ճարտարապետության կերտման վրա: Մասնավորապես` միջազգային անվտանգության կառույցների հզորացումը և միջազգային սպառնալիքների հետմղման գործում համընդհանուր համագործակ ցության անհրաժեշտությունը նվազեցնում են փոքր պետությունների անվտանգությանն սպառնացող ավանդական համաշխարհային պատերազմների վտանգը: Պաշտպանութ յան բնագավառում համագործակցության ծավալման համար նպաստավոր պայմաններ են ստեղծել միջազգային ինտեգրման գործընթացները: Հարավային Կովկասի պետություններում ժողովրդավարացման ու քաղաքացիական հասարակության կայացման միտումներն իրենց հակասականությամբ հանդերձ գործոններ են, որոնք էապես նպաստում են տարածաշրջանում փոխվստահության մթնոլորտի ձևավորմանն ու խաղաղ երկխոսության ծավալմանը: Վերը թվարկված և այլ սպառնալիքների չեզոքացման համար, ինչպես նշեցի, մենք ընտրել ենք երկու հիմնական ուղի. բարեփոխումների իրականացմամբ մեր պաշտպանական համակարգի հզորացում և անվտանգային ազդեցիկ միջազգային կազմակերպություններին ինտեգրման միջոցով պաշտպանվածության արտաքին երաշխիքների ձեռքբերում: Այս երկու ուղիները փոխկապված են: Այսպես. պաշտպանական ոլորտի բարեփոխումները միտված են այնպիսի համակարգի ստեղծմանը, որը լիովին համապատաս խանի Հայաստանի Հանրապետության ռազմական անվտանգության համար արդիական մարտահրավերներին, լինի ճկուն, մարտունակ և ի զորու` չեզոքացնելու առկա բոլոր սպառնալիքները, ապահովելու Հայաստանի Հանրապետության և նրա ազգային անվտանգության հիմնարար արժեքների հուսալի պաշտպանությունը, կատարելու միջազգային անվտանգության բնագավառում ՀՀ պարտավորությունները: Իրենց հերթին վերջիններս, ի լրացումն միջազգային անվտանգության ապահովման միջոցառումներին մասնակցութ յան վերաբերյալ պարտավորությունների, նպատակաուղղված են Հայաստանի պաշտպանական համակարգի արդյունավետության համար արտաքին երաշխիքների ամրապնդմանը: ՈՒստի մեր պաշտպանական համակարգը, ռազմական անվտանգության միջավայրին համարժեք արձագանքելուց բացի, պետք է կարողանա նաև միջազգային համագործակցության ընթացքում ըստ անհրաժեշտության ազդել այդ միջավայրի կերպափոխումների վրա: ՀՀ պաշտպանական համակարգի բարեփոխումներն իրականացվում են երկու փուլով: Առաջին փուլում մենք մշակեցինք հայեցակարգային փաստաթղթեր` Ազգային անվտանգության ռամավարությունը և Ռազմական դոկտրինը, ձեռնարկեցինք իրավական բարեփոխումներ: Ազգային անվտանգության ռազմավարության մշակման ժամանակ մենք ռուսաստանյան տեսական-մեթոդաբանական մոտեցումները լրացրինք և հարստացրինք արևմտյան մեթոդաբանությամբ: Պատահական չէ, որ այդ փաստաթղթի մեթոդաբանական փորձաքննությունն անցկացվեց ԱՄՆ-ի, Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի առաջատար գիտական կենտրոններում: Հաջողությամբ ավարտելով բարեփոխումների առաջին փուլը` մենք անցնում ենք երկրորդ փուլին: Առանձին կարևորություն է տրվում այնպիսի ստանդարտների և չափանիշների մշակմանն ու ներդրմանը, որոնք ապահովեն մեր պաշտպանական համակարգի մեծ արդյունավետությունը և գործընկեր ու դաշնակից պետությունների, ինչպես նաև միջազգային անվտանգային կազմակերպությունների համապատասխան կառույցների հետ լիարժեք փոխգործելիությունը: Այդ ստանդարտների ընտրության հարցում մենք լիովին օգտագործեցինք ՀՀ արտաքին քաղաքականության մեջ որդեգրված փոխլրացման սկզբունքով ընձեռվող հնարավորությունները: Բարեփոխումներն իրականացվում են Հայաստան_ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի» շրջանակներում, ինչը մեզ հնարավորություն տվեց ուսումնասիրելու և տեղայնացնելու հարուստ արևմտյան փորձն ու ավանդույթները: Միևնույն ժամանակ, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների և հատկապես Հայաստանի ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ համագործակցության շնորհիվ հնարավոր եղավ այդ կազմակերպության շրջանակներում գործող ստանդարտներից ընտրել մեզ համար առավել ընդունելիները և ստեղծագործաբար համադրել արևմտյանի հետ: Հայաստանի անվտանգ ու կայուն զարգացման ապահովման գործում մենք կարևոր ենք համարում մասնակցությունը տարբեր միջազգային կառույցներին ու նրանց ծրագրերին, ինչպիսիք են ՄԱԿ-ը, Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպությունը, Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպությունը, Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունը և նրա Մինսկի խումբը, Եվրոպական Միությունը, Առևտրի համաշխարհային կազմակերպությունը և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը, այլ միջազգային կազմակերպություններ: Ի թիվս ինտեգրային ծրագրերի, հարկ է նշել Հայաստան_ՆԱՏՕ «Անհատական գործընկերության գործողությունների ծրագիրը», «Եվրոպական հարևանություն» ծրագիրը: Մենք առանձնակի հետաքրքրությամբ ենք ուսումնասիրում Սևծովյան սիներգիա յի ծրագրով ընձեռվող հնարավորությունները, մի ծրագիր, որը Եվրոպական Միությունը նախաձեռնեց ընդամենը մեկ տարի առաջ, և որը միտված է «փափուկ անվտանգության» տարածաշրջանային պրոբլեմների լուծմանը: Տարածաշրջանային և ազգային բազմաթիվ քաղաքական, սոցիալական ու տնտեսական անվտանգային խնդիրներ են լուծվում այդ կազմակերպությունների և ծրագրերի միջոցով: Մենք վստահ ենք, որ տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման ասպարեզում այդ կազմակերպություն ների ու համապատասխան ծրագրերի շնորհիվ ընձեռվող հնարավորությունները և ռեսուրսները ամենևին սպառված չեն: ՈՒստի և մենք նպատակադրված ենք շարունակելու մեր համագործակցությունը այդ կազմակերպությունների հետ բոլոր այն հարցերում, որոնց առնչությամբ մեր դաշնակիցների ու գործընկերների շահերն ու մոտեցումները չունեն հակասություններ: Անցյալ դարի սկզբում մեր ժողովուրդը ենթարկվեց մարդկության դեմ ուղղված ամենաահավոր ոճրագործության` ցեղասպանության: Բնականաբար, Հայաստանը չի ցանկանում ենթարկվել նոր պատերազմական բռնությունների և արհավիրքների: ՈՒստի և մենք ձգտում ենք բոլոր հակասությունները հարթելու, բոլոր հակամարտությունները լուծելու խաղաղ ճանապարհով: Բայց ինչպես ասում են. sic vis pacem, para bellum, այսինքն` ուզում ես խաղաղություն, պատրաստվիր պատերազմի: Այդ է պատճառը, որ մենք` զինվորականներս, ձեռնամուխ ենք եղել ժողովրդավարական բարեփոխումների միջոցով մեր պաշտպանական համակարգի կատարելագործմանը` հնարավոր հակառակորդի ագրեսիվ նկրտումները զսպելու, իսկ ագրեսիայի ձեռնարկման դեպքում` համարժեք հակահարված տալու համար: ՀՀ պաշտպանական բարեփոխումների գերխնդիրն է այնպիսի ստանդարտների մշակումն ու Զինված ուժերում ներդրումը, որոնք լիովին համապատասխանեն Հայաստանի ազգային անվտանգության գերակայություններին: Դրանք կոչված են լուծելու ռազմական անվտանգության ազգային խնդիրները և երաշխավորելու դաշնակիցների ու գործընկերների հետ փոխգործելիությունը, որպեսզի Հայաստանը կարողանա միջազգային անվտանգության ապահովման գործում որոշել իր աճող ռազմաանվտանգային շահերին ու միջազգային վարկին համապատասխանող տեղն ու դերը: Դա օբյեկտիվ անհրաժեշտություն է, որն արտացոլում է տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումների և մեր հանրապետության ազգային անվտանգության շահերի տրամաբանությունը: Միևնույն ժամանակ, տարածաշրջանում ներկայումս տիրող ռազմաքաղաքական-անվտանգա յին իրադրությունը, որը շարունակում է ՀՀ ռազմական անվտանգության համար ստեղծել լուրջ սպառնալիքներ, մեզնից հրամայաբար պահանջում է գործունեության լավ մտածված, կշռադատված պլանավորում, որպեսզի պաշտպանական համակարգի կատարելագործման, որակապես նոր` բարձր, մակարդակի ռազմական ներուժի ստեղծման, ժամանակակից մարտահրավերներին ու սպառնալիքներին դիմակայելու մշտապես պատրաստ, անընդհատ արդիականացվող Զինված ուժերի կերտման ընթացքում մեր բանակի մարտունակության մակարդակն անշեղորեն աճի: