Խրատների ծաղկաքաղ «Աստված մարդկությունը փրկում է միայն մարդկանց միջոցով»
ճիշտ է ժողովրդի այսօրվա բողոքը, որ մեր առաջնորդներից ու իշխանավորներից ոմանք մորթապաշտ եսամոլներ, կաշառակեր հանցագործներ են, բայց նաև անտեղի է բողոքը, քանի որ հենց նրա ծնած, սնած և դաստիարակած մարդիկ են, որ այսօր ժողովրդի գլխին չարիք ու անեծք են դարձել: Այդ չարիքը փոխել, որը խորն արմատներ է գցել, դժվար է թվում: Պայքար սկսել` ո՞ւմ և ո՞ր մեկի դեմ: Անհրաժեշտ է ունենալ բարոյապես առողջ և ազգային ոգով տոգորված նոր սերունդ: «Մեզ մի նոր սերունդ է պետք - վտանգի° սերունդ, որ աշխարհը և իրերը տեսնել սիրեր իր ճակատագրին հրամայել գիտցող կամքի աչքերով»: Իսկ ովքե՞ր պետք է ստանձնեն այդ պարտականությունը - բոլո°րս, առավելապես ընտանիքից ներս միկրոեկեղեցում պետք է այդ սրբազան խմորը հունցվի: Մեծ է կնոջ և մոր դերն ու նշանակությունը հայ ընտանիքում և այսօր առավել ևս վճռական է նրա դերը հատկապես այդ հարցում: Բազմիցս խաչը ուսին մեր ժողովուրդը տառապանքի ու մահվան Գողգոթա բարձրացավ, մինչև որ կարողացավ անկախ պետություն ունենալ, և այսօր ամեն մի հայ պարտավորված է ատամներով պաշտպանել նրա սահմանները: Անկախ Հայաստանում այսօր մի նոր սերունդ պիտի ծնվի և դաստիարակվի` «Հոգելից Մամիկոնյանների պես Հայրենիքին անշահասիրաբար ծառայելու ու նրա համար քաջաբար մեռնելու պատրաստ մի նո°ր սերունդ»: Նոր սերունդն այսօր ծնվում է, և բոլորը պետք է լծվեն նրան թրծելու և կերտելու գործին, հատկապես մայրերը դեռ կաթի հետ ազգային հպարտանք, սրբությունները գնահատելու ու նրանց համար մեռնելու կամք պետք է ներարկեն նրանց մատաղ հոգուն: Ժողովուրդը ամեն բանից առաջ իր բարոյապես առողջ և հայրենիքի համար մեռնելու կամք ունեցող երիտասարդ սերունդով է ուժեղ: Փրկության միայն մի ելք ունենք` ազգովին ուժեղ լինել: «Ուժն է ծնում իրավունքը: Ուժեղինն է աշխարհը, հայրենիքը, ազատությունը և ամեն ինչ: Ուզո՞ւմ ես փրկվել. - եղի°ր ուժեղ և ցույց տուր երկու բան. - առաջինը, որ գիտես մեռնել գիտակցորեն, կռվում գործոն և իմաստալի մահով, երկրորդ, որ գիտես մեռցնել»: Ոգով անհանգիստ միշտ եռացել է մեր ազգը, վստահ եմ, այսօր էլ հայ մայրերի շնորհալի ու օրհնված արգանդը դեռ քաջեր ու հերոսներ է ծնում և ոգեպես վերանորոգված` նրանք պիտի տիրանան գալիք օրերին: Ոգու մայր է այն կինը, որ իր զավակին դեռ փոքրուց պատմում ու ծանոթացնում է իր ժողովրդի պատմությանը, նրա մղած պայքարներին ու հաղթանակներին, նրա ստեղծած արժեքներին ու սրբություններին: Եվ նման մայրերը Աստծո կողմից պիտի օրհնվեն. «Իմաստուն և բարեպաշտ կինը պիտի օրհնվի» : Մանանեխի սերմերն են, որ մանուկի պարարտ հոգում պետք է սերմանվեն: Եվ այդ մանուկներն են, որ ապագայում ժողովրդի արցունքը պիտի սրբեն և ազգային կյանքը նորոգեն: «Վերանորոգումի ընդունակ է իր նախահայրերի ոգու զորութենականությանը ծանոթ ու օրվա իր տկարությունից ամաչող ժողովուրդը»: Եվ ազգային կյանքում այն չարիքներն ու անառողջ երևույթները, որ իրենց խոր արմատներն են գցել մեր ժողովրդի գիտակցության մեջ, ի սպառ չորանալով` կվերանան: «(Մեր ժողովուրդը) շարունակում է մնալ հիվանդ կոչվելու աստիճան անզոր և անհույս: Նրա կյանքում միահեծան կերպով իշխում են չարությունը, նախանձը, գռեհկությունը, որովհետև վերանորոգչական ճիգի, խանդի, ուրախության պակասը նրան դարձրել է զոհ` հոգևոր վաղաժամ ծերության (չարությո°ւն), երկչոտության (նենգությո°ւն), սկեպտիկութ յան (ժխտամոլությո°ւն)»: «Ժողովուրդները հեղափոխական չտեսնված ցասումով ջախջախում են կեղծ արժեքների, գաղափարների ու ճշմարտությունների տախտակները և նրանց փոխարեն նորերը գրում»: Նոր սերունդն է, որ «ցասումով ջախջախում է» կեղծն ու սնոտին: Կարո՞ղ ենք ապահովել այդ նոր սերունդը, ուրեմն փրկված ենք: Արթնանալ է պետք մեր այս բթացած նիրհից. «Քնի մեջ թմրած ամեն մարդ պիտի քրջոտ հանդերձ հագնի»: Ձեռքներս ծալած և գեղեցիկ երազներով տառապելով ոչինչ չենք շահի. «Դատարկ ու սուտ են անմիտ մարդու հույսերը, անուրջները թևավորում են անզգամներին»: Արթնացե°ք, հա°յ մայրեր, որ դարերով ցեղի զարկերակն եք եղել և մի նոր վրիժառու սերունդ էլ կրթեք: Ղարաբաղում զոհվածների շարքերը լրացնել է պետք: Ամեն մի զոհ իր պատգամն է թողնում: Ինչպես նշում են ժամանակների ճշմարտության քանդակագիրները. «Եթե ցեղորեն կապրենք` ամեն մի հայ զոհի փոխարեն աշխարհ կգան երկու նոր վրիժակներ»: «Թշնամիների առջև` վրիժառու թողեց նրան և բարեկամների առջև շնորհներ հատուցող»: Մայրերի պարտականությունն է իրենց մանուկների գիտակցության մեջ ձևավորել այն վեհ ու նվիրական գաղափարը, ըստ որի «ապրել և գործել միայն այն բանի համար, որի համար արժե մեռնել, և մեռնել ա°յն բանի համար, որի համար արժեր ապրել»: Միայն մի փոքր փորձեք, հա°յ մայրեր, քանի որ «Ջանքն է փառք ծնում»: Հայաստանն է մեր հոգևոր մայրը և մեր ցեղի դեմքը դիմագծող նախնիները` մեր ոգեղեն հայրերը: Անփոխարինելի սրբազան արժեքներ: Փորձենք արժանավոր զավակներ լինել, քանի որ «հոր օրհնությունը ամրացնում է որդիների տները, իսկ մոր անեծքը խարխլում է հիմքերը»: «Ով լքում է հորը, նման է Աստծուն անարգողի, ով բարկացնում է իր մորը, անիծված է Տիրոջից»: Որդին պետք է գերազանցի իր հորը, փորձենք այս բարդ ու վտանգներով վխտացող սպառնալիքների ներքո գերազանցել մեր նախնիներին, նրանց սերը վայելել: Ամեն մի դարաշրջան իր մարտահրավերներն ունի: «Մի° փոփոխիր քո հայրերի դրած հավիտենական սահմանները»: Պաշտպանենք մեր մարմնեղեն ծնողների հետ նաև մեր հոգեղեն մորը` Հայաստանը, և մեր ցեղի հերոս մարտիկների շիրիմներին հանգստություն պարգևենք, հարգենք նրանց անմահ հիշատակը: «Անդաստիարակ որդու ծնունդը հոր ամոթն է, իսկ դստեր ծնունդը` նրա նվաստացումը»: «Աստված ոչ այնքան հեթանոսի պիղծ կյանքով է անարգվում, որքան քրիստոնյայի այլասերությամբ»: Իրոք, Հայաստանը ոչ այնքան թշնամիների կողմից է անարգվել, խոցվել, ուժասպառ եղել, որքան իր անդաստիարակ ու այլասերված որդիների: Ինչեր խնայված կլինեին և ուր հասած կլինեինք, եթե այդ «ներքին թշնամիները» չլինեին: Ո՞վ է այդ ներքին թշնամին: «Ներքին թշնամին դա անարին է, կենդանի համադրությունը հին փառասեր հայի և դարերի ընթացքում օտար լծերի տակ տկարացած, անարիացած հայի»: «Անարիություն - ահա° վատ հայի գոյության պատճառը»: Հայ մայրե°ր, ձեր ձեռքին է ուժն ու կարողությունը արմատախիլ անելու համար ներքին թշնամուն, սպանե°ք ու թաղեք անարի հոգին հենց ձեր ընտանիքի հարկի տակ և ծնունդ տվեք նվիրվելու, սիրելու, զոհաբերելու վեհ հոգիների: Ոգո°վ թրծեք ձեր զավակներին: «Ոգին է վարում, ստեղծագործում, հաղթանակում, «մահվամբ` մահը կոխում», մարտիրոսության մղում, առաքինացնում, անմահությունը նվաճում: Մի° քննադատեք կամ անիծեք այսօրվա իշխանավորներին, եթե ինչ-որ բան այն չեն անում, քանի որ ի՞նչ են ստացել, նրանց հոգին ինչո՞վ են սնուցել, ո՞վ է նրանց օրինակ հանդիսացել կամ ո՞ւմ օրինակն են մատնացույց արել, որ այսօր ժողովրդին տիրելու հետ միաժամանակ ծառայեն: Թերևս բոլորից քաջ ու խորիմաց են, բայց անարի են: «Անարիների պատճառով է, որ այսօր հայ իրականության մեջ ամեն քայլափոխում վատությունն է դարանակալել, որ աղվեսները առյուծներ են խեղդում, սինլքորները` Հիսոաներ խեղդում»: Այսօր բոլորիս պարտքն է հայրենիքի համար մեռնելու կամք ունեցող առաջնորդներ դաստիարակել: «Ամեն ղեկավար - տասնապետ, զորավար, նախարար, որ հրաժարվում է մեռնել իր հայրենիքի համար, հանցագործ է»: Միայն թե մեր մայրերը հասկանան, թե ինչե¯ր, ինչե¯ր են կախված իրենց կամքից ու դաստիարակելուց, որքա¯ն արատներ կարող են փոխել, վերածնել կյանքն ու ազգը: Օտարները, Հայաստան մտնելով, ամեն բանից առաջ հիանում են հայ կնոջ կերպարով, նրա պարկեշտությամբ, գիտակից մայրությամբ և այն պաշտամունքով, որ հայ ընտանիքը ունի դեպի մայր «աստվածությունը»: Այսօր շատերը հիվանդագին հորջորջում են` դեպի Եվրոպա, ուղղակի չհասկանալով իրենց խոսքերի իմաստը, այլ ինչ-որ մեկից լսելով: Նմանները «անհարազատ արևելցի են, կեղծ եվրոպացի, ավելի ճիշտ` արևմուտքի հիմարությանց ու սխալների ծաղրապատկերը» : Ցեղի արգանդը եղե°ք, ո°վ հայ մայրեր, քանի որ հասարակ «ժողովուրդը մեռելներ կտա, ցեղը` դյուցազուններ» : «Ապրել օրը օրին, թելն ու ասեղը ձեռին` իր դրությունը կարկատելու գործի վրա, - ահա ժողովրդի գորշ առօրյան», սա է մեր ներկան: «Ցեղը կարկատանումի «քաղաքականություն» չգիտի»: Ցեղի ոգով սնվող ու դժվարությունները հեգնող սերունդ դաստիարակեք, հայ մայրեր: «Դարերի վկայությամբ է հաստատված մեր ցեղի կենսունակությունը, նրա կենսաբանական խոյանքը, սլացքը, բայց և այնպես նա մնում է նվաստախոհ, օտարամոլ, պարտվողական»: Անկախ Հայաստանի հա°յ մայրեր, դաստիարակեք ձեր զավակներին վսեմախոհ, հայրենասեր ու հաղթական ոգով, Աստված որևէ ժողովրդի հենց իր որդիներով է փրկում, ինչպես հրեաներին` Մովսեսի ձեռքով: Որքան էլ մեր թշնամիները հզոր լինեն, ճշմարտությանը չեն հաղթի, քանի որ ճշմարտության համար պայքարողներին Աստված է օգնում: «Մի° ակնածիր հզորից, մինչև մահ պայքարիր հանուն ճշմարտության, և Տեր Աստված կպայքարի քեզ հետ»: «Ես եմ քո Տեր Աստվածը, որ բռնել եմ քո աջ ձեռքից, և ասում եմ քեզ, թե «Մի° վախեցիր, Ես կօգնեմ քեզ»: Հրայր ԼԱԼԱՅԱՆ Երուսաղեմի ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի III կուրսի ուսանող