Հինգերորդ «Կին»-ը


Հիմնադիր կազմի նվիրյալ Լիլիթ Հարությունյանի հրավերով «Կին» միջազգային V կինոփառատոնի տիրույթում հայտնվում եմ մինչ պաշտոնական մեկնարկը: Մրցութային ծրագրում 11 երկրներից ընդգրկված 50 ֆիլմերի ցուցադրությունից առաջ ինձ համար անակնկալ հանդիպում ունենում տասնյակ պատվավոր հյուրերից առաջինի` կանադացի կինոբեմադրիչ ԲԵՎԵՐԼԻ ՇԱՖԵՐԻ հետ, ում անմիջականությունը տրամադրում է անկեղծ զրույցի` «Ավելի ապահով վայր» կինոժապավենի հերոսուհի Շերլի Սթենլիի մանկությունը մթագնած ընտանեկան դժբախտության շուրջ: Շերլիի հոր սեռամոլագարության թիրախն են դարձել ոչ միայն կամազուրկ ստրկուհու վերածված կինը, այլև մանկահասակ երեխաները: Սարսափով տեղեկանում եմ, որ արյունապղծության երևույթը լայն տարածում է գտել ամբողջ աշխարհում: Մի շարք երկրներում պարզապես չի բարձրաձայնվում դրա մասին` դժվարեցնելով մարդկանց գիտակցության մեջ համանման հակումներից ձերբազատվելու ծայրահեղ անհրաժեշտության արմատավորումը: Շաֆերի վկայությամբ, կանադուհիները համառորեն պայքարում են` ջանք չխնայելով զոհերին բարդույթներից ազատագրելու, լիարյուն կյանքով ապրելու հնարավորություն ընձեռելու համար: Սեփական ուժերի նկատմամբ հավատի վերականգնմամբ Շաֆերի հերոսուհու ինքնահաստատումը, հետագա գործունեությամբ, շատ տառապյալների ապրելու կորով ու կամք է ներշնչել: Հասարակության մեջ կնոջ տեղի ու դերի վերաիմաստավորման առաջնահերթ միտումով նախաձեռնված «Կին» կինոփառատոնը (տնօրինուհի` Մարիամ Օհանյան), դատելով ընթացիկ ցուցադրությունների նկատմամբ նաև արտերկրի մասնակիցների հետաքրքրության աննախադեպ աճից, իր առաջին հոբելյանի առիթով ամփոփելով տարիների ձերքբերումները, վստահաբար կարող է արձանագրել սեփական ներդրումի արդյունավետության խոսուն փաստերը: Տարբեր ազգերի փոխըմբռնումն իսկապես դյուրացնում են մշակութային շփումները` հավաստիանում եմ վերստին: Փառատոնի աշխատանքային առօրյան արագընթաց բազմազանությամբ է լցված` մրցութայինից զատ գերմանուհի Ուլրիկե Օթինգերի և «Նոր ալիքի տատ»,ֆրանսուհի Ագնես Վարդայի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններով, մասնակից հյուրերի հետ ամենօրյա հանդիպումներով, Բևերլի Շաֆերի և Անդրեյ Գերասիմովի վարպետության դասերով: Երևանի Կինոյի և թատրոնի ինստիտուտի մեկ տասնյակից ավելի ուսանողների` Մարիաննայի, Անիի, Հակոբի, Դավիթի և մյուսների ինքնաբուխ ջանադրությամբ արտասովոր տոնափայլ ստացած բացման հանդիսությունից հետո բուռն խանդավառությամբ է հաղթահարվում աշխատանքային գերլարված ռիթմը: Մրցակցությունը հասել է կիզակետին: Ուստի… Հինգերորդ «Կնոջ» ամբողջական նկարագրի ամենացայտուն դրսևորումների անկեղծ անդրադարձը փնտրեք «Ավանգարդ»-ի հաջորդ համարում:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ