Հավատ` առ կախարդանքներ


Խոսքն ամենաիսկական կախարդության մասին է, ինչին հավատում է ռուսաստանցի կանանց 42 տոկոսը: Իսկ ընդհանրապես` 36 %-ը (ներառյալ նաև տղամարդիկ) գտնում են, որ իրենց կողքին ապրող որոշ մարդիկ կարող են կախարդել և աչքով տալ: Այս թվերն արձանագրել է Հասարակական կարծիքների ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնը (ՀԿՈՒՀԿ):

Բարեբախտաբար` 41 %-ը հակված է կախարդություններն անիրական համարել, իսկ 23 %-ը տատանվում է` մոգություն կա՞, թե՞ ոչ:

Հմայություններին ավելի շատ հավատում են կանայք. նրանց 42 %-ը դա համարում է իրական, 36 %-ը չի հավատում, 22 %-ն էլ չգիտե` հավատո՞ւմ է, թե՞ ոչ: 45-59 տարեկանների մեծամասնությունը նույնպես հավատում ու զգուշանում է: Ավելին, հարցման մասնակիցների 27 %-ը պնդում է, որ «անձամբ բախվել» է կախարդությանը:

68 %-ը չի փորձում պաշտպանվել կախարդություններից, դիվահարությունից և աչքով տալուց, մինչդեռ ռուսաստանաբնակների 1/3-ը ինչ-որ ձևով ինքնապաշտպան վում է խելացնոր այդ երևույթներից: Վերջիններիս գրեթե կեսն աղոթում է, եկեղեցի է հաճախում, որպեսզի պաշտպանվի մոգերից ու մոգությունից. մնացյալները խաչեր, համայիլներ և «հատուկ քորոցներ» են կրում: Եվս 7 %-ը պարզապես «հեռու է մնում» մոգերից ու կախարդներից:

- Ինչո՞ւ են որոշ մարդիկ դիմում կախարդներին:

Այս հարցի ամենատարածված ու հաճախ կրկնվող պատասխանն է`

- Որովհետև գտնվում են անելանելի վիճակում, հուսահատ են:

Այսպես կարծում է 27 %-ը: Իսկ 14 %-ի կարծիքով` մոգերին դիմում են անգրագիտության և հիմարության պատճառով: 13 %-ն էլ գտնում է, որ կախարդներից օգնություն են խնդրում նրանք, ովքեր «վախենում են ինքնուրույն ինչ-որ բան անել կյանքում»:

Թերևս` հենց վերջին 13 տոկոսն է ճիշտ:

Տեսնես մեզանում ինչպես են մտածում: Համենայն դեպս` գրբացները ոնց որ թե այցելուի պակաս չեն զգում: