ՎԵՐԱԴԱՐՁ <ՀՈՐՈՎԵԼԻ> ՀԱՅԱՍՏԱՆԻՆ


Աշխարհի ու Հայաստանի այսօրվա վիճակի, արդի մարդու սպառողական էության ու հայության տեսլականի մասին զրուցում ենք «Ղարաբաղ» կոմիտեի անդամ Աշոտ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ հետ:

Այսօր ամբողջ մոլորակում այնպիսի գործընթացներ են կատարվում, որոնք վտանգի տակ են դրել մեր ընդհանուր «տան» ճակատագիրը: Հենց թեկուզ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը, որի պատճառով Եվրոպան փախստականներով է լցված: Թե որքան աղետներ են բերում նման երևույթները` աշխարհում շատերն են իրենց մաշկի վրա զգացել: Ըստ Ձեզ` ո՞րն է պատճառը, որ մարդկությունը հայտնվեր է նման վիճակում: Մի՞թե, իրոք, բնակչության թվաքանակի աննախադեպ աճի հետևանքով նյութական ապահովվածության խնդիր է առաջացել :

- Սա համամոլորակային ճգնաժամ է: Իհարկե, առանձին երկրներ քիչ թե շատ դինամիկ վիճակում են, ասենք` Չինաստանը, անգամ Իրանը: Մշակութային մի քիչ այլ տրամաբանությամբ ապրող երկրներ ճգնաժամը դեռևս չի հասնում: Բայց, միևնույն է, դա համամոլորակային ճգնաժամ է, և դրա պատճառով նույն Չինաստանն ու Իրանը նույնպես տուժում են: Մեզ հայտնի փաստերը հաշվի առնելով` մարդկությունը երբևիցե նման ճգնաժամի չի հանդիպել: Սա պայմանավորված է մեկ բանով. մարդիկ իրենց մարդկային երկու տեսակի որակներն էլ օգտագործում են իրենց կենդանական մղումները սպասարկելու համար: Իսկ մարդը կենդանական մղումներից բացի օժտված է նաև ստեղծագործական ձիրքերով, աշխարհաճանաչողության ձգտումով և այլն: Կենդանական մղումը նրան դրդում է իշխել իր նմաններին, ինչ-որ տարածք զավթել, ավելի շատ ուտելիք, սեռական կյանք, զվարճություններ ստանալ: Միայն թե մարդը կենդանուց տարբերվում է մեկ բանով` նրա ախորժակն անծայրածիր է: Ցանկացած կենդանի, երբ կշտանում է, այլևս ուտելիք չի փնտրում և իր կենսական տարածքն էլ ուրիշների հաշվին չի ընդարձակում: Իսկ մարդն «ուտում է» շենքեր, ծովեր ու օվկիանոսներ, լեռներ` ինչ ասես: Ամբողջ Հայաստանը ցանկապատերով շրջապատված է` սա իմն է, սա իմն է: Ուտում են երկիրը ու չեն կարողանում կանգ առնել: Նրանք ոչ թե հատուկ չար մարդիկ են, այլ ուտելու համակարգի հաջողակներն են: Մյուսները նույնպես դեմ չեն ուտելուն, բայց անհաջողակ են: Սա հասցրել է նրան, որ մարդուն բավարարելու համար ո´չ մոլորակը, ո´չ տիեզերքը հերիք չեն: Իսկ այդպիսի էակ տիեզերքին պետք չէ, տիեզերական ուժերը, օրենքները նրան ոչնչացնելու են: Եվ սա բնավ էլ կրոնական պատկերացումներից մեզ հասած այն միտքը չէ, թե Աստված քեզ կպատժի: Մոլորակի օրենքներն են այդպիսին: Մարդու հետ համեմատվող որևէ գիշատիչ չկա: Մարդը պատրաստ է խժռել ամբողջ տիեզերքը, և ընդամենը ժամանակի հարց է, որ ամբողջ տիեզերքը ծառայեցնի իր մանր-մունր կրքերին:

Մինչդեռ մարդկության ստեղծած այսօրվա տնտեսական հզորությունների չնչին մասը միայն, ասենք` 20 տոկոսը, հերիք է, որ բոլորն ամեն ինչով բավարարված լինեն` ուտելիք, տուն-տեղ, հագուստ, բժշկական սպասարկում, կրթություն: Բայց եթե ես ուզում եմ 100 հատ «Բենթլի» ունենալ, որոնցից մեկը շնիկիս համար է, մեկը շնիկիս ընկերուհու համար… Այս խելակորույս վիճակները հանգեցնում են նրան, որ մոլորակի ռեսուրսները չեն հերիքում, և սկսվում են 100-ավոր աղետներ: Իսկ երբ մեկը իր շնիկի համար «Բենթլի» գնի, մի 1000 մարդ էլ սոված կմնա:

Սա էլ հսկայական չափով սոցիալական, տնտեսական, էկոլոգիական, ռազմական և այլ աղետների պատճառ է դառնում:

Ինչ վերաբերում է Մերձավոր Արևելքին, այնտեղ մարդկանց ոչնչացնում են զուտ մեկ պատճառով` որպեսզի այսօրվա աշխարհակարգը պահպանվի: Մենք մեր օլիգարխներից ենք խոսում, բայց այդ նույն պատկերը համաշխարհային մակարդակով է: Մեր օլիգարխիան` անսահման հարստություն կուտակելու նույն մոլուցքով տարված, հենց նրանց ծնունդն է. նրանք են ստեղծում և պահպանում` հենվելով մեր խելագար վիճակի վրա: Ինչ-որ մեկը մեզ խաբել է: Ասել է թե` մարդն աշխարհ է գալիս, որ ունեցվածք կուտակի. դրա մեջ է երջանկությունը: Բայց երբ շատ բան ունես, ոչ թե դու ես դրա տերը, այլ ինքդ ես դառնում նրա ստրուկը և ամբողջ ժամանակդ ծախսում ես ունեցվածքդ սպասարկելու վրա: Հանուն դրա դու մարդ ես սպանում, թշնամություն սերմանում: Մեզ խաբել են: Ոչ մի թմրամոլ իր հոգեվիճակով չի կարող սրա հետ համեմատվել. Թե´ աղբարկղերում ուտելիք փնտրող մուրացկանը, թե´ բարձրաստիճան պաշտոնյաները այս իմաստով նույն հոգևոր դաշտում են գտնվում, նույն արժեքներով են ղեկավարվում: Ու քանի դեռ այդ վիճակից դուրս չենք եկել, սրընթաց գնալու ենք դեպի դժոխքի դուռը: Չի կարելի մտածել, թե Սիրիայում կատարվողը միայն իրենց է վերաբերում, դա աշխարհով մեկ տարածվում է: Կանգ կառնի միայն այն ժամանակ, երբ իր մարդկային որակները վերադարձրած մարդը դրանք կծառայեցնի մարդ տեսակի խնդիրներին, մարդ տեսակի առաքելությանն այս տիեզերքում:

- Ասացիք` մեզ խաբել են: Երբ 25 տարի առաջ մեր անկախությունը վերագտանք, մեզ համոզում էին, թե Հայաստանի Հանրապետությունը առանց արդյունաբերության շատ լավ էլ կկայանա, քանի որ մեզ վերապահված է սպասարկող երկրի դերը: Ինչո՞ւ այս վիճակին հասանք:

- Երբ որ ասում եմ` մենք, նկատի չունեմ միայն Հայաստանը: Այսօր հենց Միացյալ Նահանգների ժողովուրդն է ապստամբ: Թրամփը Ամերիկայի ժողովրդի ապստամբությունն է` ընդդեմ գոյություն ունեցող վիճակի: ԱՄՆ-ի ժողովուրդը նույնպես տեսնում է նույն երևույթները` ամերիկյան ձևով դրսևորված: Բայց անարդարության համակարգը ամբողջ երկրի վրա է տարածվում: Այո` ամեն ամերիկացի մեքենա ունի, բայց որոշների ունեցածը սահման չի ճանաչում ու անընդհատ ավելանում է: Նրանց շտաբ-կայանները, անառակության կենտրոնը Նյու-Յորքում են, բայց նաև այդ քաղաքում ծնվեց «Օկուպացրու Ուոլսթրիթը» շարժումը: Դա համաշխարհային անեծքի փողոցն է: Մարդկությունը պետք է այլ աշխարհ կառուցի, բայց առաջին հերթին պետք է փոխվի մարդը:

Որ ասում եմ` մեզ խաբել են, կարող ենք ասել` մեզ խաբել է Ուոլսթրիթը, նրա քարոզիչները: «Հոլիվուդը» համաշխարհային խաբեության կենտրոնն է: Իհարկե, այնտեղ հիանալի ֆիլմեր էլ են արվում, բայց մատուցվող մարդու իդեալը Շվարցենեգերն է: Հնարավոր է` նա շատ լավ մարդ է, բայց հանդես է գալիս մի խայտառակ կեցվածքով, որ բոլոր ֆիլմերում ջարդում-փշրում է իր հակառակորդներին, վերջում անպայման հսկայական գումարով պայուսակ կա, ինքն էլ երկու շիկահեր տիկնանց հետ մի հոյակապ մեքենայով գնում է զվարճանքների կենտրոն: Սա մարդու վախճանն է: Սա ողբերգություն է, և սա է այսօրվա ճգնաժամի խարհրդանիշը:

Ո՞րը կարող էր լինել մեր խորհրդանիշը :

- Ինձ պատմել են 80-ականների վերջին Մոսկվայի պետական համալսարանում տեղի ունացած մի համերգի մասին, որտեղ ներկայացրել են տարբեր ժողովուրդների ազգային ստեղծագործությունները: Հայաստանը ներկայացնող Ռուբեն Մաթևոսյանը բարձրախոսով դուրս է եկել բեմ և «Հորովել» երգել: Պատմողի խոսքով` դա ֆանտաստիկ կատարում է եղել, հետո Մաթևոսյանից էլ լսել է, որ երբեք նման զգացողությամբ այդ երգը չէր կատարել: Ինքը դահլիճում նստած` մտածել է, թե ինչ վատ է, որ բազմազգ ունկնդիրը այն չի հասկանալու: Բայց չէ՞ որ այնքան ֆանտաստիկ է, չէ՞ որ դա մարդու մի զարմանալի թռիչք է, մարդու զրույցն է տիեզերքի հետ: Երգի ավարտից կես րոպե է անցնել, ոչ մի ձայն չի լսվել: Մտածել է` չհասկացան: Մեկ էլ դահլիճը պայթել է ծափերից ու բացականչություններից: Սա արդեն մարդուն ուղղված մյուս ուղերձն է, իսկ առաջինը Ուոլսթրիթից է դուրս եկել: Մերը «Հորովելն» է, մնացածներն էլ իրենցն ունեն: Մարդը պետք է հասկանա, որ այդ «Հորովելն» արժե աշխարհի բոլոր մեքենաները, ամբողջ նյութական ունեցվածքը, որովհետև սա իր զրույցն է տիեզերքի հետ: Իսկ հիմա «Հորովելի» ձայնն ուղղակի լռեցվում է, որովհետև խանգարում է փող կուտակելուն, աննորմալ հունի մեջ մտած իրենց տագնապալի կյանքին:

Բարեբախտաբար` եթե ուրիշ ազգերի մեջ այս ամենի մասին 100-ից մեկն է մտածում, այստեղ համարյա ամեն մեկը այդ խորքային հարցերին անդրադառնում է, ի վիճակի է նստել և այդպիսի թեմաներ քննարկել` ավելի խոր, ավելի բովանդակալից: Հիմա մենք ունենք «Հայք» նախագիծը: Ամեն ժողովուրդ իր ուղին է ընտրում, դա մարդկության ընդհանուր հարստությունն է: Մեր ճանապարհը սա է:

- Ո՞րն է «Հայք» նախագծի էությունը և ի՞նչ ներուժ ունի:

- «Հայքը» մի կողմից այն է, ինչ մեզ հայտնի է պատմությունից` մեր պատմական հայրենիքն է, որը շումերական արձանագրություններում կոչվում է աստվածային օրենքների երկիր: Եթե մարդն ապրում է սեփական առաքելության, սեփական էության հետ ներդաշնակ, ապա այն աշխարհը, որը նա կառուցում է, աստվածային է: Այդպիսին է պատկերացումը մեր հայրենիքի մասին, որ մենք բոլորս կրում ենք մեր հոգում: Այսօրվա ավերված մեր հոգում մեզ մարդկային էության հետ կապող այդ մի անկյունը պահպանվել է: Դա մեր վերջին հենարանն է, վերջին միջնաբերդն է, որ երբեք հանձնել չի կարելի: Հիմա մենք այդ ամենը փորձում ենք վերածնել: Կոստան Զարյանի հայտնի խոսքը հիշեմ, թե այս աղետալի իրավիճակներում աշխարհ է գալու արարատյան մարդը, որն իր մեջ փրկությունն է կրում: Երբ Հռոմի պապը ասում էր ` դուք մունետիկներ եք, ոչ թե մեր այսօրվա խայտառակ վիճակը նկատի ուներ, այլ մեր այդ միջնաբերդում թաքնվածը: Չէ՞ որ նա ներկայացնում էր այն քաղաքակրթությունը, որի շինարարությանը մենք մասնակից ենք եղել և որի հետ խորին հարազատությունը պահպանում ենք: Որովհետև եվրոպական քաղաքակրթությունն այսօրվա նախարարները չէ, որ ներկայացնում են, երբ գալիս են և կատարյալ ավանակի տեսքով ասում ` ես հպարտ եմ, որ «գեյ» եմ: Այդ ավանակությունը սպանել է արդեն Եվրոպան: Իսկ Եվրոպան այն տեղն է, որը մարդկության ամբողջ քաղաքակրթությունը հավաքել, իր միջով անց է կացրել ու վերադարձրել իրեն: Ուրեմն մենք պետք է թե´ ինքներս վերափոխվենք, թե´ եվրոպայի համար կատաղի մարտերի մասնակցենք:

«Հայքի» նպատակը հայության ամբողջականացումն է: Աշխարհում ապրում են մեզ հայտնի 10 մլն հայերը, իսկ այժմ արդեն ծպտված հայերի մասին հսկայական տեղեկություններ կան: Օրինակ, 1988 թ. իրադարձությունների ժամանակ ես պարզեցի, որ Լեհաստանում երեք հարյուր հազար հայ կա: Այդ ժամանակ մենք բացարձակ «Հայք» վիճակի էինք եկել, ապրում էինք ներդաշնակության, ստեղծագործական վերելքի, սիրո մեջ: Երբ լեհ մտավորականները գալիս էին և տեսնում, թե այստեղ ինչ է կատարվում, վարակվում էին դրանով, իրենց մեջ հայկական արմատներ էին փնտրում ու գտնում էին: Իսկ այժմ այնտեղ իրենց հայ համարողների թիվը կտրուկ նվազել է: Երբ հետո տեսան, թե այստեղ ինչ է կատարվում, հայ լինելու մասին այլևս չեն բարձրաձայնում: Նրանք այն հայն են, որ մեր մեջ նստած է, բայց այսօրվա այլանդակ կյանքով խեղդվում են: Հիմա շատ կարևոր է, որ Հայաստանը վերադառնա իր հայկականությանը: Մինչև Հռոմի պապի այցը` ես այս բառը զգուշությամբ էի օգտագործում: Իսկ երբ նա իր երկու ընկերների մասին խոսելիս ասաց, թե կարևորագույն որակը, որ տարբեր դավանանք ունեցող այդ երկու հայը կրում են, նրանց հայկականությունն է, հասկացա, որ դա մարդկային հատուկ որակ է, որը գալիս է մեր պապերից, և մենք պետք է դա հետ բերենք:

Դա, իրոք, շատ կարևոր է, բայց առանց մեծ ջանքերի և շոշափելի գործի հնարավոր չի լինի: Հստակ մշակված ծրագիր, որոշակի նախաձեռնություններ կա՞ն:

- Շատ կարևոր մի բան է տեղի ունեցել` մեր մտավորականությունը հավաքվել է և հոգևոր Հայաստան է հռչակել: Օրերս «Նյու-Յորք թայմսում» եղավ ազդեցիկ հայերի այդ հայտարարությունը, որը հռչակեց հայության ամբողջականությունը հայկականության հիմքի վրա: Համաժողով է անցկացվել, թարգմանի կարգավիճակն է կրկին վերահաստատվել մեզանում: Թարգմանի դերը կարևորվում է ոչ միայն նեղ իմաստով: Թարգմանը հարկավոր է մարդու հոգու էությունը և ուղեղը, պահվածքը համադրելու համար: Մեծ իմաստով այսօր այդ թարգմանը մեր մտավորականությունն է, ավելի մեծ իմաստով` ամեն հայ մարդ` պայմանով, որ հայկականության շրջանակում լինի: Դա է եղել Երկիր մոլորակի վրա մեր առաքելությունը, և մենք պետք է դա վերադարձնենք: Ուրեմն` երևի Հայաստանը պետք է լինի այն առաջին երկիրը, որտեղ մարդիկ իրենց մեջ պայմանավորվածություն ձեռք բերեն, որ եթե ոչ ոք հիմա թալանով չզբաղվի, բոլորին էլ ամեն ինչ կհերիքի` ինչքան էլ Հայաստանն այսօր խղճուկ վիճակում է: Այո´, մենք այսօր ո´չ արդյունաբերություն ունենք, ո´չ գիտություն: Ամեն ինչ ավերեցինք, որովհետև ինչ-որ մեկը մեզ ասաց` եթե գիտական հիմնարկում կազինո ես սարքում, դա շատ ավելի եկամտաբեր է: Մինչդեռ գիտությունը աշխարհը ճանաչող մարդու հոգեվիճակ էր: «Հոգևոր Հայաստանը» սա հիշեցրեց, զանգակատուն հռչակվեց, որպեսզի անընդհատ հիշեցնի:

Բոլորը մտածում են, թե այդ Հայքն առարկայորեն ինչպես ստեղծել: Եթե դա կայանա, Հայաստանի և Արցախի աղետը ևս չի շարունակվի: Ներքին որակները կզարգանան հայության ամենակատարյալ, ամենատաղանդավոր դրսևորումների հաշվին, դա էլ կլուծի և´ ներքին, և´ արտաքին խնդիրներ:

Բոլոր խնդիրները լուծելի են, եթե հայկականությունը վերագտած հայությունը զբաղվի այդ հարցերով:

- Բայց որքանո՞վ է այս ամենը իրատեսական: Գործնականում հնարավո՞ր է, որ Ձեր նշածները իրականություն դառնան:

- Մոլորակի վրա իրատես մարդկանց մի դաս կա: Նրանց համար օրինակ կազինոն իրական է, իսկ «Հորովելը»` ոչ, քանի որ կազինոն փող է բերում: Բայց ասացի, որ կազինոն դեպի աշխարհի ավարտն է տանում: Հենց Հայաստանի օրինակով ենք տեսնում, որ ամեն օր կորցնում ենք` մարդիկ են հեռանում, համակարգեր են փլվում, որովհետև դա կազինոյի Հայաստանն է: Հիմա ես ասում եմ` վերադառնանք «Հորովելի» Հայաստանին: 1000-ամյակներով ապրել ենք այդ «Հորովելով», և ինչքան էլ փորձություններով անցել ենք, «Հորովելը» պահպանել է Հայաստանը: Սա խնդրի փիլիսոփայական կողմն է: Իսկ գործնական կողմի համար վկայակոչեմ ակադեմիկոս Աղանբեկյանին: Նա Հայաստան եկավ և ասաց` Հայաստանի համար ճգնաժամից ելքը հետևյալն է. հրավիրեք աշխարհի ամենահայտնի 11 (չգիտեմ ինչու հատկապես 11) հայերին, ամեն մեկին վստահեք իրեն համապատասխան բնագավառը և աշխատանքի պայմաններ ստեղծեցեք: Փաստորեն նա հիշեցրեց Ալեքսանդր Մյասնիկյանի փորձը, որ բոլշևիկյան իշխանության կողմից գործուղված լինելով` Հայաստանում հավաքեց աշխարհի տարբեր ծայրերում ապրող նվիրյալ բազմաթիվ հայերի: Ասեմ, որ հիմա էլ այդպիսի բազմաթիվ մարդիկ կան, ովքեր սիրով կգան և ամեն ինչ կանեն:

Արմենուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ