Շեքսպիրյան թատերատոնի 12-րդ շքեղ վերադարձը


«Երկիրը, որը չունի շեքսպիրյան ավանդույթներն ապրեցնող փառատոն, չի կարող քաղաքակիրթ համարվել»

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հակոբ Ղազանչյանի կյանքի կոչած «Արմմոնո» թատերական նախագիծը, որը 2003-ին անապագա պիտակվեց, ընդամենը 1 տարի անց մեծ աշխուժություն հարուցեց հատկապես գործող թատրոններում ստեղծագործական առօրյայի անլիարժեքությունից տրտնջացողների շրջանում: 2005-ից «շեքսպիր յան» բովանդակությամբ արտասովոր գրավչություն ստացավ մենաներկայացումների նորաստեղծ փառատոնը: Այդպիսով յուրովի խթանեց ոչ միայն հայկական շեքսպիրիանայի ավանդույթների նորաոճ զարթոնքը, այլև շուտով ամրագրեց իր տեղը միջազգային թատերաբեմում` անդամակցելով Շեքսպիրյան փառատոների եվրոպական ցանցին:

Երբ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի նորահաստատ հովանու ներքո 2016-ի հոկտեմբերի վերջին ի հայտ եկան Շեքսպիրյան միջազգային 12-րդ փառատոնի վերընձյուղման նշանները, թատերական նոր հրավառության ակնկալությունն իրատեսական դարձավ կրկին: Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում ներկայացուցչական մեկնարկը վաղվա օրվա հանդեպ լավատեսություն սերմանեց: Աշխարհի 15 պետություններից ժամանած մոտ 130 մասնակիցների և հայաստանցի հայտնի թատերագործիչների հյուրընկալած դահլիճում Հայաստանի շեքսպիրյան 12-րդ միջազգային փառատոնի շքեղ վերադարձը բեմից հանգամանալից կարևորեցին Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) նախագահ Մուհամեդ Սաիֆ Ալաֆղամը և Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռոբերտ Ստուրուան:

- Ցավալի կլիներ, իհարկե, եթե Հայաստանում մարեր Հակոբ Ղազանչյանի ջանադրությամբ հաստատված Շեքսպիրյան միջազգային փառատոնի կրակը,- անսեթևեթ անկեղծացավ արդի թատերաշխարհի երևելի մոգպետներից հայերիս հատկապես հարազատացած Ստուրուան:- Տարբեր ազգերի միջմշակութային կամրջի ամենահուսալի այս թատերասյունը նաև փոխ-ըմբռնում է ապահովում նրան ապավինած տաղանդավոր արվեստագետների ու ժողովուրդների միջև: Հնագույն քաղաքակրթության ներկա ժառանգներդ, կարծում եմ, գիտակցում եք, թե որքան անհրաժեշտ է չափանիշների խեղաթյուրման մեր օրերում Մեծ անգլիացու անպարպելի գանձերին մշտապես անդրադառնալը: Ուրեմն, համամիտ կլինենք ինձ, եթե ասեմ` երկիրը, որը չունի շեքսպիրյան ավանդույթներն ապրեցնող փառատոն, չի կարող քաղաքակիրթ համարվել, բարեկիրթ հասարակություն ձևավորել: Եվ լավ է, որ այսպիսի հզոր ոգեղեն երևույթի կարևորությունը մեկենասության շնորհին է արժանանում, իմաստուն մեկենասի, ով խելամտորեն իր երկրի հոգևոր-մշակութային գանձարանի հարստացմամբ է նաև լրջորեն մտահոգված:

Հակոբ Ղազանչյանը, ով արդեն բարեհաջող նպաստել էր Մարիաննա Մխիթարյանի ճանաչմանը` որպես իր հիմնած «Արմմոնո» փառատոնի նոր ջահակիր, այդ երեկո հրապարակավ խիզախորեն փոխանցեց նաև Շեքսպիրյանի վարույթն իր «իրավահաջորդներին»` տնօրեն Կարո Բալյանին և պրոդյուսեր Անուշիկ Առաքելյանին: Վերջիններս, բազմապատկված եռանդով հասցրել էին նոր աշխատակազմ (համակարգող` Սոնա Մկրտչյան, մամուլի պատասխանատու` Վլադ Մուրադյան) ու կամավորների կուռ թիմ ձևավորել: Խնամքով դասդասված բազմաշերտ ծրագրի ժամանակացույցի անսայթաք իրագործմամբ` միասնաբար մտադիր էին նորովի ապրեցնել իրենց վստահված 12-րդ Շեքսպիրյանը:

«Քանի˜, քանի՞ դար այս արյունոտ վեհ տեսարանը պիտի խաղացվի»

Փառատոնային վարագույրը բացվելուն պես հանդիսասրահը կենտրոնացավ բեմանկարիչ Միրիան Շվելիձեի ձևավորած միջավայրի լակոնիկ արտահայտչականութ յան վրա: Հետնաբեմում տեղադրված դաշնամուրից իրեն հարկավոր ակորդները հնչեցնելուց հետո բեմառաջք է գալիս փոքրամարմին կմախքացած մի արարած, ում դերակատարությունը Ռոբերտ Ստուրուայի հեղինակած «Հուլիոս Կեսարի» շեքսպիրյան համատեքստում անմիջապես չես տարբերակում: Բրածո՞ է, որ հանկարծ կենդանացել է պատմության հետնախորշերից, խեղկատա՞կ, հանդիսավա՞ր... Վերգիլիոսն է` Կեսարի և Օգոստոսի դիցաբանական նախնու` Էնեի սխրանքների, Հռոմի և Իտալիայի երբեմնի փառքի նշանավոր երգիչը: Հռոմի հանրապետության կործանման ժամանակներում ապրած պոետին է «իրավունք վերապահել» բեմադրիչը ուղղորդել ներկայացման ընթացքն ըստ իր քմահաճույքի: Չէ՞ որ հինավուրց օրերի բովանդակությունը սերնդեսերունդ է փոխանցվում ավելի շատ պատմական հենքով գեղարվեստորեն հյուսված գրականության կոթողներով: Դիպաշարի առանցքային դրվագների խաղարկման դրամատիկ ներգործությունը չի թուլանում այս Վերգիլիոսի մշտարթուն ներկայությամբ: Նրան «շնորհված» բեմական ազատությամբ հանդիսախաղի դրամատիկ լարումը երբեմն կտրուկ հանդարտեցվում է, կարծես, սթափեցնում, փոքր-ինչ զվարթացնում սահմռկած հանդիսատեսին «թատրոն թատրոնի մեջ» հնարքով: Այդուհանդերձ, ներքին պրկումը առերևույթ ցրելով, բեմադրիչին հաջողվում է պարզորոշ ցուցանել տարատեսակ դափնեպսակների, հմուտ ամբոխավարության ցուցքերի, իշխանատենչության, արքայական պատմուճանների, մատնագրերի, զինակիցների դավաճանության, հզոր միապետերի մարդկային թուլությունների, պղտոր ջրերում ձուկ որսալու հնամենի ու մերօրյա պատկերների խորքային համարժեքությունը: Խնամքով պահպանվում են Շեքսպիրի ողբերգության կարևորագույն հանգույցները: Փառքի գագաթնակետին հասած Հուլիոս Կեսարի դեմ նյութված դավադրության զարգացումն իր բնականոն հունով է գնում: Ստուրուայի հաստատած թատերական գեղագիտությամբ լիուլի թրծված դերակատարներն իրենց խաղացած հերոսների կերպարային նկարագրերը հավատընծա կենդանացնում են հատուկ մշակված բեմական վարքագծով, ցայտուն դիմախաղով, խոսքի նրբերանգային տիպականացնող ելևէջումներով: Վրացական բարձրարվեստ թատերայնության հմայքը թանձրանում է տեսարանից տեսարան: Ավելին` նոր ամենժամանակյա նրբիմաստներ են երևակվում հանրածանոթ շեքսպիրապատումի քաջածանոթ պատկերներում և հանրահայտ գործող անձանց բեմատիպարներում: Տասնյակից ավելի զրնգուն շեքսպիրյան բեմադրություններով իր բացառիկ գեղագիտությամբ աշխարհի թատերահար թակներում ճանաչված Ռոբերտ Ստուրուան «Հուլիոս Կեսարի» հայաստանյան առաջնախաղով շռնդալից վերադարձն ազդարարեց Շեքսպիրյան 12-րդ միջազգային փառատոնի:

Մեկուկես տասնյակ ներկայացումներ խաղարկվեցին երևանյան 9 բեմահարթակներում փառատոնային 7 օրերի ընթացքում: ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Շեքսպիրի «Փոթորիկի» մոտիվներով «Պրոսպերո» միջազգային թատերաֆանտազիան բեմադրվեց ու ներկայացվեց Բրազիլիայի, Ռումինիայի, Ալժիրի, Նիգերիայի, Մոնղոլիայի ու Հայաստանի արտիստների միավորմամբ, Հակոբ Ղազանչյանի ուրույն բեմադրատեսիլքով: Դիտարժան ու խորախորհուրդ շեքսպիրյան տարարվեստ ու տարաժանր մեկնաբանություններով ներկայացան հայկական ու արտերկրի մի շարք ճանաչված ու նորահայտ թատերախմբեր, մշտական հանդիսատեսի հավաքական գնահատությամբ` անգերազանցելի մնաց ռուսթավելցիների «Հուլիոս Կեսարը»: Այդուհանդերձ, կայացավ Շեքսպիրյանի 12-րդ վերադարձը, արդարացան այս փառատոնից թատերասերների ակնկալած «շեքսպիրյան հույսերը»:

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ