Արմեն ՄԽԵՅԱՆ

 

ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅԱՆ ԳԻՆԸ

(Սկիզբը` «ԱՎԱՆԳԱՐԴ»-ի թիվ 7-15,17-ում)

Փոխնախարարի ընդունարանում նրանց միացավ Երևանի ոստիկանապետը, և Մեսրոպյանը մի փոքր հեռու գնաց: Քրեագետները դեռ շարունակում էին աշխատել: Տեղ-տեղ երևում էին գտնված մատնահետքերի շարքեր, որոնք առանձնացված էին: Անգամ տպագրական սարքի վրա կային հստակ նշված մատնահետքեր: Մեսրոպյանն սկսեց զննել դրանք:

Որպես նախկին քրեագետ` նրա համար կարևոր նշանակություն ունեն մատնահետքերը, որոնք մեծապես օգնում են բացահայտել անգամ ամենատարօրինակ հանցագործությունները: Առաջին անգամ քրեագիտության բնագավառում մատնահետքի օգնությամբ հանցագործի ինքնության բացահայտումը կատարվել է դեռևս 1902 թ.-ին, որից հետո մատնահետքերը հսկայական նշանակություն ձեռք բերեցին հանցագործությունների բացահայտման գործում:

Մեսրոպյանի ուշադրությունը գրավեց տպիչ սարքի մյուս կողմում գտնվող թղթերը: Դժվար չէր նկատել, որ փորձ էր արվել տպել կամ բազմացնել փաստաթուղթ:

- Պարոն Մեսրոպյան,- մոտեցավ Գալստյանը,- ոստիկանապետը հարցնում էր Ձեզ:

- Մի բան պարզեցի՞ք:

- Այո, կարծում եմ կարևոր է,- թուքը կուլ տալով խոսեց Գալստյանը,- վերջինը զանգահարել են գյուղատնտեսության նախարարին: Զանգն ավելի քան մեկուկես րոպե է տևել:

«Նախարարի՞ն: Գուցե հենց ինքն էր զանգահարել ոստիկանություն, իհարկե ինքն էր: Գրողը տանի, ի՞նչ է կատարվում այսօր»:

- Իսկ երրորդ դիակի ինքնությո՞ւնը:

- Դեռ ոչ:

- Շտապե´ք, գրողը տանի: Բացի այդ, նախ` շտապ ստուգել տուր տպագրական սարքը: Գուցե հնարավոր լինի կրկին արտատպել այն, ինչ փորձել են բազմացնել, որից հետո կապվիր հատուկ բաժնի հետ: Ճշտի´ր` կարողացե՞լ են վերծանել հեռախոսահամարը, թե՞ ոչ: Սպասում եմ զեկուցմանը,- ավելացրեց Մեսրոպյանն ու մոտեցավ ոստիկանապետին:

***

- ԱԱԾ-ը տեղյա՞կ է, պարոն գնդապետ,- հարցրեց ոստիկանապետը Երևանի ոստիկանապետին:

- Այո, տեղեկացրել ենք, նրանք արդեն այստեղ պետք է լինեին:

- Ի՞նչ վարկածներ կան:

- Այն վարկածը, թե ամեն ինչ խանդի հողի հիման վրա է կատարվել, կարելի է հերքել: Փոխնախարարի սպանությունն անմիջապես կապված է այս ահաբեկչության հետ: Կարծում եմ` ոմանց պետք է եղել վերացնել որոշ ապացույցներ, ինչի համար էլ նրանք հայտնվել են այստեղ:

- Ամեն դեպում շտապել եք հետախուզում հայտարարելու: Գոնե պատկերացնո՞ւմ եք, որ նախարարության վարչության պետ է:

- Պարոն գեներալ, այլ տարբերակ լինել չէր կարող, հետախուզում հայտարարվել է` հիմք ընդունելով այն հանգամանքը, որ նա առավոտյան խուսափել է ոստիկանությունից:

Լսվեց ոստիկանապետի բջջայինի զանգը: Այդ պահին նրանց միացավ Մեսրոպյանը: Ոստիկանության գեներալը մի փոքր հեռացավ` թողնելով նրանց մենակ:

- Պարոն գեներալ, շտապ է,- լսվեց հեռախոսից,- քննչականում Մհեր Ստեփանյանը պահանջում է հանդիպում: Իր ասելով` ազգային անվտանգության հարց է, և ունի նախարարությունում կատարված ահաբեկչության մանրամասների վերաբերյալ փաստեր, և ավելին` մեղադրում է ՀՔԾ-ի հատուկ գործերով բաժնի ղեկավարին:

«Պահանջո՞ւմ: Ի՞նչ է նշանակում այս ամենը»: Միայն մի փոքր լռությունից հետո ոստիկանապետը պատասխանեց:

- Հիմա գալիս եմ:

- Պարոն ոստիկանապետ,- մոտեցավ Երևանի ոստիկանապետը,- այս փաստաթղթերը կարող են նոր ընթացք տալ գործին: Դրանք հենց նոր տրամադրեցին քրեագետները: Այս փաստաթուղթը, ավելի շուտ` կրկնօրինակը, լաբորատոր հատուկ փորձաքննության հաշվետվություն է: Ցավոք, ընդամենը երկու էջ:

- Ուղարկել հատուկ փորձաքննության և մեկ օրինակ էլ ինձ տրամադրել: Սպասում եմ երրորդ անձի ինքնության ճշտմանը: Կզեկուցեք:

Ոստիկանապետը հապճեպ դուրս եկավ Կառավարական տնից` ձեռքում ինչ-որ փորձաքննության հաշվետվությունից երկու էջ միայն:

«Պետական դավաճանություն. պետք է վերհիշել նման դեպքում, եթե ոչ ցմահ, ապա քանի՞ տարի պատժաժամկետ է սահմանում օրենքը»:

ՄԱՍ ԵՐՐՈՐԴ

- Կարող եք զգալ` ինչպես ձեր տանը: Այստեղ մենք մենակ ենք, ամեն դեպքում` անվտանգ ու ապահով:

- Պարոն Բադալյան, իսկ մենք որտե՞ղ ենք:

- Ա´… ես մոռացա ասել: Սա եղբորս առանձնատունն է: Նրանք ընտանիքով հանրապետությունում չեն, ես էլ ստիպված եմ հետևել:

- Գեղեցիկ առանձնատուն է,- քթի տակ խոսեց Սամվելն ու ընկավ բազմոցին:

- Ես հիմա կկանչեմ հարևանուհուն, նա բուժքույր է, կօգնի:

- Մինչ այդ, պարոն Բադալյան, խնդրում եմ կապվել ոստիկանապետի կամ ԱԱԾ-ի հետ:

- Իհարկե, հիմա կկապվեմ, բայց նախ օգնություն ցույց տանք նրան,- Սամվելին նայելով` Բադալյանը դուրս եկավ:

- Ի՞նչ, այստեղ սպասելու ենք մինչև ոստիկանապետն իր ոտքով գա մեզ տեսակցությա՞ն,- սկսեց Սամվելը, երբ Բադալյանը իր հետևից փակեց դուռը:

- Քանի դեռ մենք այստեղ ենք, ուրեմն ապահով ենք, և կրիչը նույնպես: Հիմա առավել քան պետք է պահպանել միակ ապացույցը, որը կա մեր ձեռքին:

Տաթևը սկսեց ուշադիր զննել Սամվելի վերքերը:

- Լուրջ վնասվածք չկա կարծես, հաստատ չես մեռնի,- ծիծաղեց Տաթևը:

- Հաստատ չեմ մեռնի, չեմ էլ պատրաստվում,- շարունակեց Սամվելը:

Մինչ այդ, դռան մյուս կողմում Բադալյանը զրուցում էր բջջայինով:

- Դու միայն մեկ ելք ունես` արագ հեռանալ: Ինչ ես կարծում ոստիկանությունը գլխի չի՞ ընկնի: Այնտեղ նրանցից մեկի դիակն է: Եթե պարզեն ինչացու է, դու էլ ես կորած, ես էլ: Մենք ակամա դարձանք հանցագործների ու ահաբեկիչների գործընկեր:

- Սպասիր,- լսվեց հեռախոսի մյուս կողմից,- ամեն ինչ լավ կլինի: Այս պահին խնդիր է սերմացուն, այն արդեն ոչնչացվում է, քեզ մնում է օգտվել առիթից ու վերացնել ապացույցը: Վստահ եմ, որ կրիչը նրանց մոտ է: Այն ոչ մի դեպքում չպետք է հրապարակվի: Մի մոռացիր, որ դու էլ ես ներքաշված այս կեղտի մեջ այնքան, որքան ես: Այնպես որ` գործիր արագ: Հանգիստ եղիր, ահաբեկիչներին կգտնեն: Մենք ոչ թե նրանց գործընկերն ենք, այլ` առաջին զոհերը: Բայց քո պարագայում վստահ չեմ կարող լինել, քանի որ նրանցից մեկն առնվազն քեզ խաբում է, և այդ մեկը գեղեցկուհին է: Քեզ մոտ հարց չի առաջանում` ինչպե՞ս նրանց հաջողվեց դուրս պրծնել ահաբեկիչների ձեռքից:

Բադալյանը մի փոքր անց անջատեց հեռախոսն ու շարժվեց լրիվ հակառակ ուղղությամբ, որտեղից դուրս էր եկել:

«Իսկապես, հենց սկզբից էլ այստեղ մի բան այն չէր,- խորհում էր Բադալյանը,- ես կանեմ ամենը պատիվս փրկելու համար, բայց ոչ քո ասածով…»:

- Ինձ տարօրինակ է թվում Բադալյանի նման պահվածքը: Պետք է զգույշ լինել,- մի փոքր լռությունից հետո շարունակեց Տաթևը:

- Մենք մի ելք ունենք մեզ ապահովագրելու համար, ավելի շուտ` ապացույցն ապահովագրելու, եթե անգամ մեզ հետ մի բան պատահի:

- Ի՞նչ ես առաջարկում,- զարմացած հարցրեց Տաթևը Սամվելին:

Մի պահ լռություն տիրեց: Սամվելը փորձում էր հասկանալ, թե ինչ կերպ կարձագանքի Տաթևը իր առաջարկին:

- Հրապարակել կրիչի պարունակությունը,- վերջապես խոսեց Սամվելը:

- Այո, իսկապես ինչպես չէի մտածել մինչ այդ, բայց մեկ րոպե,- շփոթվեց Տաթևը,- այդ կերպ մենք ի վիճակի չենք լինի ապացուցել մեր անմեղությունը: Ավելին, կդառնանք այս ողջ հանցագործությունների շարունակողը…

- Տաթև, ինչի մասին ես խոսում: Մենք հանուն արդարության ենք պայքարել: Հիմա միակ ելքը դա կարող է լինել:

Տաթևին համոզիչ չթվաց Սամվելի ասածը. առավել ևս, եթե ուզենա իր կայքի միջոցով հրապարակել, ապա մտածում է միայն սենսացիայի մասին: Այդ կերպ իրենք կորցնում էին միակ ապացույցի «հեղինակային իրավունքը»: Բացի այդ էլ` այն տեղեկատվությունը, որին տիրապետում է ինքն, ու հիմա այն ընդամենը մեկ փոքրիկ կրիչի մեջ է, գուցե ենթակա չէ հրապարակման և կարող է է´լ ավելի վատթարացնել առանց այդ էլ վատ վիճակը: Բայց հաջորդ վայրկյանին մի կողմ վանեց այս միտքը: Պետք է ապահովագրել ամեն դեպքում:

- Սպասիր տեսնեմ` ուր գնաց Բադալյանը, գուցե հաջողվի գտնել համացանցին միանալու որևէ միջոց:

- Նաև հեռախոս,- ավելացրեց Սամվելը:

Հազիվ էր Տաթևը մոտեցել դռանը, երբ այն արագ բացվեց: Շեմքին հայտնվեց Բադալյանը` այլայլված դեմքով ու հրեշավոր հայացքով:

- Սրիկանե´ր,- այնքան ուժեղ բղավեց նա, որ Տաթևին թվաց` ուր որ է կխլանա,- դուք օգտվեցիք իմ բարեհոգությունից, այնինչ երկուսդ էլ հանցագործներ եք: Ո´չ մի տեղ էլ չեք գնա, մինչև պատասխան չտաք ձեր արածի համար:

Տաթևը Բադալյանի ձեռքին ատրճանակ նկատեց, որն արագ ուղղվեց դեպի իրեն:

(Շարունակելի)