Բերանբաց թութակը


Ախր թութակներին խոսել սովորեցնողները նախ պետք է լռել սովորեցնեին: Թե չէ պարծենում են, որ իրենց թռչունը մարդկային լեզվին է տիրապետում, բայց չեն մտածում, որ իրենք էլ այնքան զուսպ ու զգույշ պետք է ապրեն, որ «թութակի բերանը» չընկնեն: Այս միջադեպի «հերոս» քուվեյթցին չի´ ունեցել այդ շրջահայացությունը և ստիպված է եղել զոռ տալ երևակայությանը` կալանքից փրկվելու համար:

Տան աղախնու հետ նրա սիրավեպը բացահայտել է թութակը: Փետրավորի ներկայությամբ նրանք սիրաբանել են, և տան օրինական կնոջ ներկայությամբ թութակը կրկնել է ամուսնու սիրային խոսքերը (տեղեկացրել է Metro պարբերականը): Կինը մինչ այդ էլ կասկածներ է ունեցել, որ ամուսինը սիրուհի ունի, սակայն դա ապացուցել էր պետք: Ապացույցներ նա այդպես էլ չէր գտնի, եթե թութակը մի օր հանկարծ չկրկներ տղամարդու սիրային խոստովանությունները: Կինը վաղուց չէր լսել գեղեցիկ այդ խոսքերը և...

Քուվեյթում ամուսնական դավաճանությունը պատժվում է օրենքով: Եվ կինն անմիջապես ոստիկանություն է դիմել: Բարեբախտաբար դատարանը մերժել է թութակի բառերը որպես վկայություն ընդունել` արձանագրելով, թե թռչունն այդ արտահայտությունները կարող էր լսած լինել նաև ռադիոյով կամ հեռուստացույցով:

Նախկինում, սակայն, մեկ այդ դեպք էր արձանագրվել ԱՄՆ-ում, երբ թութակը դարձել էր սպանության գործի օրինական վկա: