ՀԻՆԳԵՐՈՐԴ ՇԱՐԱՍՅՈՒՆԸ ԳՐՈՀՈՒՄ Է


Արտաքին ազդեցության գործակալների ոչ միայն ներկայությունը, այլ նաև ակտիվ գործունեությունը հայաստանյան քաղաքական դաշտում ավելի ու ավելի նկատելի է դառնում: Ինքնաբացահայտման այս տարօրինակ միտումը ներքաղաքական ոչ մի պատճառ չունի, ոչ էլ նշանակում է, թե թշնամին ուր որ է` պետք է հատի սահմանը: Պարզապես այս գործակալները բավական ցածրարժեք են` խնայելու համար, իսկ տերերը նրանց հրահանգել են գրեթե բացահայտ գործել` առավելագույն արդյունք քաղելու նկատառումներով: Հայաստանը հաջողությամբ ընթանում է իր աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական խնդիրները քայլ առ քայլ լուծելու ճանապարհով£ Հետևաբար վարձկանները ստիպված են մի կողմ թողնել կոնսպիրացիան ու այլ ձևականութ յունները և բացահայտ խափանարար աշխատանքով ապացուցել, որ վաստակել են ստացած կանխավճարներն ու հավելավճարները: Անցյալ շաբաթն այս առումով միանգամայն առանձնահատուկ էր: ՀԱԿ-ի հետ մրցակցային պայքարում «Ժառանգությունն» առաջին անգամ կարողացավ առաջ անցնել ու նենգասպառնալիքի առջև կանգնեցնել պետությունը: Ոչ մի խելամիտ հիմնավորում չգտնելով անգամ, ի սկզբանե «ամերիկյան պրոյեկտ» ընկալված այս խորհրդարանական խմբակցությունը համառորեն շահարկեց «ընդդիմադիրի» իրավասութ յունները և օգտվելով ԱԺ կանոնակարգ-օրենքի ընձեռած արտոնությունից` քվեարկության հասցրեց ազգի ու պետության շահերին հակասող, Հայաստանի ու Արցախի անվտանգությանն ուղղակիորեն սպառնացող օրինագիծը: Այս ամենի պատասխանատուն` իշխանական կոալիցիան, նաև ազգայնական ընդդիմադիր Դաշնակցությունը բազմիցս ու տարբեր ձևերով հիմնավորեցին, որ ԼՂՀ ճանաչումը հայության քաղաքական-դիվանագիտական արսենալի վերջին զենքն է, ինչը չի կարելի անպատեհ օգտագործել: Միայն քվեարկությունը հայտարարելուց հետո` երբ «Ժառանգությունը» համոզվեց, որ քաղաքական մեծամասնությունը տեղի չի տալու շանտաժին, շտապեց համաձայնել քվեարկությունը հետաձգելու առաջարկին: Հետևաբար, նենգասպառնալիքը հաղթահարված չէ, այլ միայն հոկտեմբերի 28-ին չհաջողված «պարտադրանք» գործադրվելու է ևս մեկ անգամ` դեկտեմբերի 9-ին: Իսկ սա նշանակում է, որ «հինգերորդ շարասյունը» շարունակում է գործել: Եվ ովքե՞ր են «Ժառանգությունից» այս «շարասյունում»: Լավ նայելու դեպքում պարզվում է` միայն մարդ-կուսակցության հիմնադիր, ԱՄՆ քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանը, քանի որ մյուս հինգ ժառանգական-պատգամավորները տարբեր առիթներ գտան` նրան հրապարակավ չսատարելու համար: Գուցե հենց մեկ մարդուց կրած ժամանակավոր պարտությունն էր, որ գրոհի մղեց «հինգերորդ շարասյան» հիմնական կոհորտային` ՀԱԿ-ին: Եվ նրանք, իրոք, կարողացան համոզել, որ իրենց թշնամու գաղտնի գործակալ ու սադրիչ կոչողներն այնքան էլ չեն սխալվում: Րաֆֆիի նկատմամբ ռևանշ ապահովելու և արևմտյան «հատուկ ֆոնդի» միակ սպառողները լինելու ակնկալիքով, նրանք ավելի վճռականորեն սկսեցին իրենց սպասարկող լրատվամիջոցներով ապատեղեկատվություն տարածել: Բնակչությանը խուճապի մատնելու, պետական կառույցներում սաբոտաժ` նենգադուլ, հրահրելու և ներքին դիվերսիա կազմակերպելու նպատակով, ՀԱԿ-ը նախ գործի էր դրել իր ամերիկյան ակտիվիստներից մեկին: Սա հաջողեցրել էր կառչել ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենից և բջջայինով նկարահանել իրենց թռուցկազրույցը: Դե իսկ ՀԱԿ-ը հետո այս տեսագրությունը YouTube _ի միջոցով ներկայացրեց` իբրև հաստատում, թե Հայաստանի նախագահը կանխել է ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումը և հորդորել է Օբամային` ամենամյա ուղերձում չարտասանել Ցեղասպանություն բառը: Առողջ տրամաբանությանը հակասող այս ցնորամտությունը Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն անհապաղ հերքեց` ի մասնավորի պաշտոնապես հաստատելով, որ «Փոխնախագահը և նախագահ Սարգսյանը 2009-ի ապրիլին երկու անգամ խոսել են: Նախագահ Սարգսյանը չի խոսել Նախագահ Օբամայի Ապրիլ 24-յան ուղերձի բովանդակության մասին և չի փորձել հետաձգել Ներկայացուցիչների պալատի 252 բանաձևի դիտարկումը: Ընդհակառակը, փոխնախագահ Բայդենի և նախագահ Սարգսյանի միջև խոսակցությունները, որոնց վերջերս անդրադարձել է փոխնախագահ Բայդենը, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելու համար անհետաձգելի քայլեր կատարելու անհրաժեշտության մասին էին»: Այս տապալումից հետո գոնե առժամանակ սսկվելու փոխարեն, ՀԱԿ-ն անամոթաբար, բայց նաև անպատժելիությունից խրախուսված, նոր գրոհի անցավ: Նրանք հայտարարեցին, որ հենց YouTube-ը պետք է դառնա «Ժողովրդավարական հեղափոխության» գործիքը: Նրանք ոչ միայն հաստատեցին, որ հենց իրենք են այս ու նախկինում նույն միջոցով տարածած անորոշ բովանդակությամբ և ցանկացած մեկնաբանության համընկնող տեսանյութերի հեղինակները, այլ նույնիսկ սպառնում են, թե շարքը շարունակելու են` պետության ու բանակի հիմքերը ցնցելու նպատակով: «Հինգերորդ շարասյունը» գրոհում է` օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաներն ու արտաքին աջակցությունը: Իսկ ի՞նչ է հակադրելու այս ամենին պետությունը:

Գոռ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ