ԿՈՉԵՄ ԱՊՐՈՂԱՑ 16-ԱՄՅԱ ՊԱՏԱՆՈՒ ՍԽՐԱՆՔԸ


Հայկ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ծնողները` Արարատ Խաչատրյանը և Լաուրա Յախշինյանը, Լեռնային Ղարաբաղից են` Մարտակերտի Մոխրաթաղ գյուղից: Նրանք դառը ժպիտով էին հիշում 16-ամյա իրենց որդու սխրանքները: Հայրը չցանկացավ խոսել իր մասին (նա մասամբ աջակցել է ջոկատների հրամանատարներին): Իրենց տանը հաճախակի հավաքվել, քննարկել էին բազում հարցեր: Հայկն էլ ուշի ուշով հետևել էր նրանց: Մի օր էլ պատանեկան թրթռուն ժպիտը դեմքին ասել էր. -Դպրոցն ավարտելուց հետո գործերս բարձրագույն տալու մասին չասեք, պիտի գնամ կռվելու: Ծնողները չհասցրին էլ իմանալ` իրենց որդին ե՞րբ մեծացավ ու թաքուն մարտի դաշտ հասավ: -Երեք զավակ ենք ունեցել` Հայկը, Հովիկը, Հերմինեն: Երեքն էլ գերազանց առաջադիմությամբ էին սովորում: Հուսով էի, որ դպրոցից հետո Հայկը բուհ կընդունվի, բայց նա գերադասեց կռիվը: Որդիս համարձակ էր, մարդասեր, ընկերասեր: Փոքր ժամանակ բակի երեխաներին տուն էր բերում ու միասին դասերն էին սովորում: Շատ էր կարդում, կռվի ժամանակ էլ գրքերն են եղել բարձի փոխարեն: Կռվող ընկերներից պատմում էին` Մարտակերտի գրավման ժամանակ առաջինը շտապել է գրադարան: 1992 թ. սեպտեմբերին Հայկը 10-րդ դասարան էր փոխադրվել: Փոթորկվում էր անհանգիստ սիրտը: Տնեցիները ոչնչից տեղյակ չէին: Մեկ ամիս էլ չկար` Արարատ Խաչատրյանը հողին էր հանձնել եղբորը` Սլավիկ Խաչատրյանին (նա Մոխրաթաղի կոլտնտեսության նախագահն էր, մշտապես աջակցել էր գյուղի ջոկատներին, և 1992 թ. օգոստոսի 6-ին մարտական թեժ մարտի ժամանակ զոհվել էր): Հայկը հետո խոստովանել էր. - Հորեղբորս մուռը հանելու համար եմ գնում: Մի օր էլ դպրոց գնալու փոխարեն մեկնել էր ավտոկայան` հուսալով մի կերպ հասնել Արցախ: Երբ համադասարանցիներից պատահաբար իրենց տուն էին եկել` Հայկից հետաքրքրվելու, մայրն ապշել էր: Որդին գաղտնի հեռացել էր տնից: Համարձակ պատանին չէր հասցրել Արցախ հասնել. նրան մի կերպ ետ էին բերել: Բայց պատանին որոշել էր` հաջորդ անգամ չէր ձախողի: - 2-3 օր անց նա նորից գնաց: Մինչև մենք կհասնեինք «Արցախ կոմիտե», Արցախ մեկնող ավտոբուսն անցել էր մեր կողքով: Սկզբում ընդգրկվել էր Ասկերանի ջոկատ, իսկ հետո մեր գյուղի ջոկատում էր արդեն, հրամանատարներն էին Լեոնիդ Ազգալդյանը, Վլադիմիր Բալայանը: Նրանցից թաքցրել էր տարիքը, ասելով` 20-21 տարեկան է: Այնտեղից բերելն անհնար էր: Հենց մտել էր ջոկատ, սկսվել էր Քելբաջարի ազատագրումը: Հայկն առաջին դասարանը սովորել է Մոխրաթաղի դպրոցում, իսկ հետո տեղափոխվեցինք Երևան: Ամառային արձակուրդներին երեխաներս պարտադիր Մոխրաթաղ էին գնում: Շատ էր սիրում գյուղը: Երբ արդեն Արցախում էր, երբեմն մեզ նամակ էր գրում` ասելով. «Ոչինչ չեմ ուզում, միայն տեսնեմ մեր գյուղն ազատագրված և մի գիշեր քնեմ մեր տանը»: 93 թվականն էր, երբ ազատագրել էին գյուղը, նա քարը` գլխի տակ, զենքը` կողքին գիշերել էր տանը: Նույն թվականի մայիսին Հայկը մի քանի օրով գալիս է Երևան, ժամկետից շուտ հանձնում ավարտական քննությունները և նորից վերադառնում մարտադաշտ: 1993-ի օգոստոսին վիրավորվել էր, բայց ծնողներին չէր ասել, պատահաբար իրենց բարեկամներից էին իմացել: Ծնողները երկյուղածորեն «թերթում» են հուշերը որդու մասին: ... 1993 թ. ամռանը Ստեփանակերտում մասնակցել էր ընդունելության քննություններին, բայց վերջին քննությանը չէր ներկայացել, մտածելով` ընդունվելուց հետո չի կարող մասնակցել պատերազմին, պաշտպանել հայրենիքը: Նա քաջ էր հոգով, անսահման ընկերասեր էր: Ահա մի պատառիկ` մարտական ընկերոջ նամակից (Իլյան ու Հայկը միասին էին ընդգրկվել վերոնշյալ ջոկատ). «Հայկը շատ խելացի ու հայրենասեր տղա էր: Երբ հունիսի 16-ին դաժան ու ծանր մարտերից հետո ազատագրեցինք Մաղավուզի բարձունքը, հանկարծ թշնամին անցավ հակահարձակման: Թեժ մարտի ժամանակ վիրավորվեցի: Հայկը, վտանգելով կյանքը` շտապեց օգնության: Հասնելով ինձ` ասաց. «Իլյա, չվախենաս, միասին ենք»: 93-ի վերջին ամիսներն էին, Մադաղիսի ու Թալիշի սահամաններն էինք հսկում: Մոտենում էր Նոր տարին: Նախապես որոշել էինք տոներին գալ Երևան: Դեկտեմբերի 24-ին թշնամին գրոհեց մեր դիրքերի վրա. թեժ մարտեր էին: Հայկը վիրավորվել էր գլխից… Սիրտս շատ էր ցավում Հայկի համար: Նա քաջ տղա էր»: 1993 թ. դեկտեմբերի 24-ին, Մարտակերտի Մադաղիս-Թալիշ գյուղերի մարտական թեժ գործողությունների ժամանակ, թշնամու արկի բեկորից ծանր վիրավորվել էր գլխից: Ինչպես ընկերն էր նամակում գրել` Հայկի վերքը շատ ծանր էր: Առաջին օգնություն ցույց տալուց հետո տեղափոխել էին հոսպիտալ, որտեղ էլ վախճանվել էր: Նա չհասցրեց տեսնել ազատագրված տարածքները, բայց հավատացած էր, որ խաղաղ երկրում ենք ապրելու: Շտապելու, առաջ նետվելու անհամբերությունը, փոթորկալի ինքնայրումը, երևի, խանգարեցին նրան: 2002-ից Երևանի թիվ 160 դպրոցի նախնական զինվորական պատրաստության դասասենյակը Հայկ Խաչատրյանի անունն է կրում: Այնտեղ սովորող յուրաքանչյուր աշակերտ գիտի Հայկի և բազում հայորդիների սխրանքների մասին: Հայորդին ամփոփված է Եռաբլուրում: Ամեն անգամ թարմ ծաղկեփունջ կդրվի նրա շիրմին, և կրկին կշշնջան նույն բառերը` ԴՈՒ ՄԻՇՏ ՄԵԶ ՀԵՏ ԵՍ…

Նաիրա ԲԱԴՈՅԱՆ