Ասադն ու ֆրանսիական հետախուզությունը


 

Լիբիական ընդդիմության նախկին մասնակիցն է պատմել, որ Մուամար Քադաֆիի վերացմանը մասնակցել է ֆրանսիական հետախուզությունը, իսկ ֆրանսիացիներին օգնել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը:

Լիբիայում քաղաքացիական պատերազմի ժամանակ Ռամի ալ-Օբեիդին եղել է արտասահմանյան հետախուզական ծառայությունների հետ տեղի ապստամբների կապի ապահովման պատասխանատուն: Հենց նա էլ պատմել է, որ Ասադի վարչախումբը ֆրանսիացիներին է հանձնել Քադաֆիի արբանյակային հեռախոսի համարը: Այդ հեռախոսի ազդանշանը որսացվել է այն ժամանակ, երբ լիբիացի առաջնորդը լքելով ապստամբների զավթած Տրիպոլին, զանգահարել է Սիրիա փախած իր զինակիցներին:

2011 թ. հոկտեմբերի 20-ին զոհված Քադաֆիի մահվան հանգամանքները մինչ օրս չեն մանրամասնվում: Ենթադրվում է, որ նա վիրավորվել է իր մեքենաների շարասյան վրա ամերիկյան անօդաչու և ֆրանսիական ռմբակոծիչների հրետակոծությունից: Մեքենայից դուրս թռչելով, Մուամարը թաքնվել է կոյուղու խողովակում: Սակայն նրան հայտնաբերել են ապստամբները, և գլխին ստացած վերքից նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին (գրել է The DΖily TelegrΖΘh-ը):

Քադաֆիին վերացնելու գործում Փարիզին օգնելու դիմաց Ասադը պահանջել էր երաշխիքներ, որ իր նկատմամբ ճնշումներ չեն գործադրվի` ընդդիմությանը ճնշելու համար: Իսկ այդ օրերին Ֆրանսիայի նախագահ Սարկոզին էլ կարող էր շահագրգիռ լինել Քադաֆիի ոչնչացմամբ, քանի որ նա սպառնում էր բացահայտել 2007 թ. իր ընտրություններում Նիկոլայի ստացած ապօրինի ֆինանսավորման փաստը: