«Ռուսո», այսինքն` «ռուս»


 

Նվեր ընտրելն արվեստ է. հաճելի անակնկալը քո հնարավորությունների հետ համադրելու արվեստ: Անսահմանափակ հնարավորություններ ունեցողների պարագայում այլ է, իհարկե: Իսկ միմյանց համար ի՞նչ սկզբունքով են նվեր ընտրում պետությունների ղեկավարները:

Դիցուք, Ռուսիո նախագահը Վենեսուելայի իր պաշտոնակցին շան արու ձագ է նվիրել: Ավելի ճիշտ` ուղարկել: Եվ Ուգո Չավեսը լրատվամիջոցներով շնորհակալություն է հայտնել` ռուսական սև տերիերի (որսաշան տեսակ) համար ու միանգամից սկսել է վարժեցնել կենդանուն.

- Լակոտը շատ լավն է. մենք արդեն սկսել ենք վարժեցնել նրան:

Անմիջական Չավեսին այնքան է ոգևորել նվերը, որ «Ռոսնևթ» և «Պետրոլեոս դը Վենեսուելա» ընկերությունների համագործակցության պայմանագրերը ստորագրելու արարողության ժամանակ պատմել է, թե ինչ անուն է ընտրել չորքոտանու համար (հաղորդել է ԻՏԱՌ--ՏԱՍՍ-ը): Կենդանուն «Ռուսո» են կոչել, որն իսպաներենից թարգմանվում է «ռուս»: Հազիվ թե վիրավորական հնչի, երբ շանը ռուս կանչեն...

Սովորաբար այս ցեղատեսակը հայտնի է «Ստալինի շուն» ոչ պաշտոնական անունով, որովհետև դրանք 1950-ականներին են բերվել «Կարմիր աստղ» բուծարան: Սրանք շատ կարգապահ են ու խիստ կատաղի` թշնամու հանդեպ: